Տաքսիներն ունենալու են հատուկ կայանատեղեր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 20, 2009 19:42

49-ամյա տաքսու վարորդ Վարդան Ուրումյանը, երբ իմացավ, որ տաքսիները պետք է հատուկ կայանատեղերում կայանեն, մտածում է աշխատանքը փոխելու մասին: 20 տարվա փորձ ունեցող վարորդի գործը հիմա լավ չէ, ասում է` տնտեսական ճգնաժամից հետո ավելի է վատացել ու հազիվ է յոլա գնում.նախկինում օրական 5 000 դրամ վաստակն այսօր դարձել է 2500 դրամ:

«Եթե պատվերն ավարտում եմ Ռոսիայում, փաստորեն, ստիպված եմ լինելու հասնել կամ օֆիս, որը Կոմիտասում ա, կամ նոր սարքված կանգառներից մեկը,-ասում է Վարդանը,-Բայց ախր էդքան ճանապարհ կտրելու համար գազ պիտի ծախսեմ չէ»:

(Ըստ Արմենպրեսի)Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի տեղեկացմամբ` Երևանում այսուհետ տաքսիները պետք է կայանվեն հատուկ 40 կայանատեղերում. դրանց կահավորումն ավարտվել է, իրականացվել են համապատասխան գծանշումներ:

Ընտրվել են այն տարածքները, որտեղ մարդականց հոսքը շատ է, հետևաբար տաքսիների պահանջարկ կա: Կայանատեղիներ են ստեղծվել Ֆրանսիայի հրապարակում, Կասյան փողոցի վերջնամասում, Մարզահամերգային համալիրի շրջակայքում և այլն: Այդ տարածքներում, բացի տաքսիներից, այլ մեքենա չպետք է կանգնի:

Երիտասարդ տաքսու վարորդ Ռոբերտը նույնպես ասում է, որ գործը լավ չէ, գազը թանկացել է, պատվերները քչացել են, մնում է ամեն տեղ կանգնելն էլ արգելեն ու վերջ:

Դիտվել է 1801 անգամ:
Print Friendly

Leave a Reply