ՀՅԴ-ի օրենսդրական նախաձեռնությունը պաշտպանեց միայն ՙԺառանգություն՚-ը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 6, 2010 23:51

ՀՀ միջազգային պայմանագրերի մասին՚ օրենքը փոփոխելու ՀՅԴ-ի օրենսդրական նախաձեռնությունը պաշտպանեց միայն ՙԺառանգություն՚-ը

Ապրիլի 6-ին Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց ՙՀՅԴ՚ խմբակցության պատգամավորների հեղինակած ՙՀՀ միջազգային պայմանագրերի մասին՚ օրենքում և ԱԺ-ի կանոնակարգ-օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը: Գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն չէր տվել այն նստաշրջանի օրակարգում ընդգրկելու համար, սակայն ընդդիմադիր խմբակցության կողմից այն համարվել էր արտահերթ, ուստի քննարկվեց ԱԺ-ի կանոնակարգ-օրենքի համաձայն:

Դաշնակցության ներկայացուցիչները, մասնավորապես, առաջարկում են վավերացման փուլում միջազգային պայմանագրի վերաբերյալ վերապահում սահմանելու իրավունք ընձեռնել նաև Ազգային ժողովին: Գործող օրենքով նման իրավունք ունի միայն երկրի Նախագահը: Հեղինակների հիմնավորմամբ, խնդիրը կարևոր է իշխանության մարմինների միջև լիազորությունների տարանջատման, հավասարակշռման և փոխադարձ զսպման սկզբունքի լիարժեք գործադրման տեսանկյունից:

Առաջարկվող օրենսդրական փոփոխություններով սահմանվում են վերապահումով պայմանագիրը վավերացնելու կամ հաստատելու հիմքերը: Առաջարկվում է նաև օրենքը լրացնել նոր հոդվածով, որով սահմանվում են մինչեւ ուժի մեջ մտնելը միջազգային պայմանագիրը ՀՀ-ի կողմից միակողմանի չեղյալ հայտարարելու հիմքերը:

Օրենսդրական նախաձեռնությունը, ըստ ամենայնի, կքվեարկվի ապրիլի 7-ի նիստում, սակայն
կանխատեսելի է, որ այն խորհրդարանի կողմից կմերժվի, քանի որ այն պաշտպանեց միայն ՙԺառանգություն՚ խմբակցությունը: Քաղաքական կոալիցիայի և կառավարության կարծիքը
բացասական էր:

Ինչպես, նշեց ՙՀՀԿ՚ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՙնման քննարկումները շատ գնահատելի են, որովհետև իշխանություններին ավելի զգոն են դարձնում՚: Նշվեց նաև, որ կոալիցիան քննարկել է նախաձեռնությունը, և եկել եզրակացության, որ ԱԺ-ին առաջարկվող իրավունքների վերապահմամբ խախտվում է իշխանությունների տարբեր թևերի տարանջատման Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքը:

ՙԱկնհայտ է, որ ի սկզբանե մերժման տրամաբանությամբ է առաջնորդվել գործադիրը, որովհետև բերված փաստարկները շատ հեշտությամբ կարելի էր լուծել՚,-ասաց հիմնական զեկուցող, ՀՅԴ-ի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նա առաջարկեց կոալիցիային Սահմանադրական դատարանի փոխարեն չմեկնաբանել առաջարկվող օրենսդրական փոփոխությունների սահմանադրականության հարցը, այլ դիմել ՍԴ:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 1731 անգամ:
Print Friendly

Leave a Reply