Ռիչարդ Կիրակոսյան: “Րաֆֆի Հովհաննիսյանը դարձել է փոփոխությունների իրականացման միջնորդ”

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 5, 2013 13:43

“Երկրում ստեղծված  իրավիճակը կարելի է անվանել ընդդիմության  և  իշխանության  նկատմամբ վստահության  ճգնաժամ: Այսօր  ընդդիմության  առջև  կանգնած են  մի քանի  մարտահրավերներ` ամրապնդել  շարժումը և  չկորցնել այս  հնարավորությունը, ներկայացնել  հստակ  ռազմավարություն”- Peoplemeter մամուլի  ակումբում  հայտարարեց Տարածաշրջանային   հետազոտությունների  կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

Քանի դեռ Հայաստանում առկա է  դժգոհությունը մարտի  1-ի չբացահայտված  դեպքերի առումով ,  ընդդիմադիր  հատվածի բողոքը շարունակվելու է: Սակայն,  ըստ  բանախոսի, ընդդիմություն ասելով  չպետք է  հասկանալ  միայն Րաֆֆի Հովհաննիսյանին , քանի որ  դժգոհությունը  շատ ավելի  մեծ է: Անդրադառնալով  իշխանությունների պահվածքին`  Ռ.Կիրակոսյանը կարծիք  հայտնեց, թե  այնպիսի  տպավորություն է  ստեղծվել, որ իբր իշխանությունները  չեն  հասկանում  ժողովրդի դժգոհության պատճառը, որ  նրանց  համար կարևոր  մարտահրավերը  կոնսենսուսի գալն է:  “Իշխանություններն առայժմ  հստակ  չեն  արձագանքել իրավիճակին,  նրանք  հայտնվել են  վատ  իրադրության  մեջ: Հայկ Բաբուխանյան, Արտաշես Գեղամյան, Խոսրով Հարությունյան, Շուշան Պետրոսյան, արդյոք  նրանք  պետք է  ներկայացնեն իշխանությունների  ողջ  տեսակետը “,-հայտարարեց Ռ. Կիրակոսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի  մարտավարությունը  համարելով  նորարարություն, Ռ.Կիրակոսյանը այս  հանգամանքը  կարևորեց  նրանով, որ “Ր.Հովհաննիսյանն ինքը  գնաց իր աջակիցների  մոտ, մարզերը երկար  ժամանակ  անտեսված էին և ուշադրության  կենտրոնում  միայն Երևանն էր: Կարևորում եմ  նաև այն, որ Րաֆֆիի կողքին են  կանգնած ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը: Րաֆֆի Հովհաննիսյանը դարձել է  փոփոխությունների իրականացման  միջնորդ,  ինչպես 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանն էր “:

 

Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply