Հայ աշակերտները՝ Սոմալիի և Լիբիայի պատվիրակներ ՄԱԿ-ի մոդելում

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 6, 2010 17:58

Հայաստանի պատվիրակությունը մարտի 21-24-ը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովին, որը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նմանակումն էր և կրում էր  «Ջրային հիմնախնդիրներ» խորագիրը: Խորհրդաժողովի հիմնական նպատակն էր տարածել ՄԱԿ-ի արժեքներն ու սկզբունքները և քաջալերել նոր սերնդին` դառնալ ապագա առաջնորդներ: Խորհրդաժողովը կազմակերպել էին Սանկտ Պետերբուրգի թիվ 157 միջազգային Գիմնազիան և «Ռուսսկիե Պրոստորի» կազմակերպությունը:
Երևանի ավագ դպրոցների 11 աշակերտներն աշխարհի տարբեր անկյուններից ժամանած դպրոցական ՄԱԿ-ի մոդել ակումբների ավելի քան 500 լավագույն աշակերտների թվում էին: Այս մասին այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց հանրակրթության վարչության պետ Նարինե  Հովհաննիսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ նախարարության առաջարկությամբ են ընտրվել 10 ավագ դպրոցներ` մասնակցելու տեղական մրցույթին: «Մենք հպարտանում ենք ձեզանով: Լավ գիտելիքների և ունակությունների շնորհիվ մեր աշակերտները կարողացել են օտար երկրում ցույց տալ, որ կարող են լինել լավ առաջնորդ և առաջարկված հիմնահարցերին լուծումներ տալ դիվանագիտորեն: Հանձինս ձեզ` մենք հպարտ ենք տեսնել մեր երկրի վաղվա քաղաքացուն և հանգիստ լինել մեր երկրի ապագայի համար»,-դիմելով աշակերտներին` նշեց Հովհաննիսյանը:
ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Արփինե Դանիելյանը նշեց, որ պատվիրակության մասնակցությունը լավագույն հիմք կհանդիսանա մոտ ապագայում ՄԱԿ-ի մոդել ծրագիրը Հայաստանի ավագ դպրոցում իրականացնելու համար, ինչպես նաև արդեն այս տարվա  մայիս ամսին կազմակերպելու ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողով Հայաստանում` առաջին անգամ ավագ դպրոցների շուրջ 100 աշակերտների մասնակցությամբ, որը կնախագահեն 11 ընտրված աշակերտները:

ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի հանրային կապերի պատասխանատու Ամալյա Գրիգորյանը նշեց, որ ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովներ կազմակերպվում են ողջ աշխարհում: Յուրաքանչյուր տարի աշխարհի ավելի քան 70 երկրներում կես միլիոնից ավելի երիտասարդ մասնակցում է ՄԱԿ-ի մոդելներին: Խորհրդաժողովի ընթացքում պատվիրակները հանդես են գալիս հմուտ դիվանագետների դերում, բանավիճում միջազգային հիմնախնդիրների շուրջ, նախագծում և ընդունում քննարկվող հարցերի վերաբերյալ բանաձևեր: Նա նաև տեղեկացրեց, որ մեր աշակերտները խորհրդաժողովում հանդես են եկել որպես այլ պետությունների` Սոմալիի և Լիբիայի պատվիրականեր, և հրաշալի կարողացել են առաջարկել իրենց բանաձևերը: Իսկ Հայաստանի պատվիրակությունը խորհրդաժողովում ներկայացրել են Պորտուգալիայից ժամանակ աշակերտները:

Դիտվել է 1533 անգամ:
Print Friendly

Leave a Reply