Վիոլետ Գրիգորյան. բանաստեղծը հայտնի է դառնում որպես «Թաքնված տաղանդ» բացահայտող

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 21, 2009 13:55
shapik1

Վիոլետ Գրիգորյան

Քթին օղ, թևին`ժամանակավոր թաթու, ոտքերին` վառ ծիրանագույն գուլպաներ ու նուրբ երիցուկներով մանկական կոշիկներ, շարժուձևը` անկաշկանդ, խոսքը` պարսկաերևանյան. եթե կարծում եք, որ այս կնոջ միայն արտաքինն է էքսցենտրիկ, ուրեմն հաստատ ծանոթ չեք նրա գրականությանը:

…այս չալպուտուրիկ, խլվլան աշխարհում,
երբ արևի ճառագայթները շրխկալով թափվում են վրաս,
և գույնզգույն փուչիկներ կան ձեռքիս,
երբ շխկշխկում են վզիցս առկախ ուլունքներն ապակե,
և զրնգուն ականջօղեր կան ականջիս,
երբ փռփռում է մազերիս կապված կարմիր ժապավենը,
և պլպլան մատանի կա մատնեմատիս,
երբ եռամսյակի բաժին լացս ամսագլխին լացել-պրծել եմ,
և աչքերս համարյա կապույտ են….

«Գարուն» բանաստեղծութան այս հատվածը կարծես ինքնադիմանկար լինի, իսկ նրա շատ այլ գործերում ասես լեզվի գարուն է, ուր բառերը ծաղկում ու փթթում են անսովոր գունագեղությամբ: Նա ստեղծում է նոր բառեր (հանցադյութ, քռթքռթաթավալ, հմուտաշուրթ, խուճուճախախուտ, եղածահերիք, զգայատնտես, այդաբար, ճեպընկեց, էջքատենդ, լավական և այլն), անակնկալ բառակապակցություններ (չերեևեկ հևք, դիետիկ կակա, լըմլըմուկ էուկ ծակոտկեն, օդառկախ հավք, տղայամիտ օդապարուկ), համադրում է տարբեր բառաշերտերից ` ֆոլկլորիկ, գրական, ժարգոնային, գրաբար, ու նույնիսկ տարբեր լեզուների բառեր (իմպըրտնի բեյբի յար, ճապուկ կովբոյ-ամերիքըն բոյ, արեևելքի տերմինատոր, յարալու Տիտանիկ, ծոցիս շահիդ), արևմտահայերեն ու պարսկահայերեն բարբառներ (խորոտիկ վտվտիկ, աղունիկ աղվորիկ, հե՞ր Ամերիկայից եկար, բաբամ, կայծի վարձ): Իր ստեղծած կամ ծանոթ բառերը հաճախ փոքրացնող-քնքշացնող վերջածանցներով են (զոքանչավախիկ, ծածկոռիկ, էուկիկ, վարանավարքիկ, հազիվհազիվիկ, երկարապրիկ, ժամսպանողիկ, սիրաքայքայիկ, շաբաթալսիկ): Երբեմն դա վերածվում է մանկախոսության (քարիկ ու ջրիկ, ծառիկ, բզեզիկ, պուպուշիկ արև), երբեմն` սիրախոսության (գաղտնապաչիկ, էսօրսիրիկ-վաղամեռիկ, սեր-հապավուկ): Նրա տողերում ներդաշնակորեն ձուլվում են նաև ինտերնետային տերմիններն ու քիմիայի բանաձևերը (դաբլյու, դաբլյու, դաբլյու. Վիոլետ. Էյէմ, զիփ, գոնե կաթիլ հաշ երկու օ), բնաձայնական բառերը (բլթբլթալեն, քլթքլթոցով, օձը շշշշշշշշշառաչեց շ-ով): Նրա բանաստեղծություններում տեղ են գտնում թխվածքի բաղադրատոմսն ու տեստային լեզուն, գովազդներն ու խաղիկները, և նա իր «ղալամով գեներատոր» «համով-դամով բառուբանով», կերակրում է մեզ ու հայոց լեզուն` իր «բառերով գիլա-գիլա»:
Ինչպես ինքն է մի բանաստեղծության մեջ դիմում իր գրած բառին` «Էույթ» բառիկ, բարով եկար իմ տեքստի մեջ, խալխի աղջիկ, ինձ՝ եկվոր հարս, ղարիբ քույրիկ, իմ տողերին՝ ոտքդ խերով), այնպես էլ «Թաքնված տաղանդ»-ի կազմակերպիչները կարող են դիմել Պարսկաստանից եկած «ղարիբ քույրիկ» Վիոլետին, որի ոտքը խերով եղավ հաղորդման համար:
Վիոլետ Գրիգորյանին փողոցում մարդիկ կանգնեցնում են, համբուրում, շնորհակալություն հայտնում՝ «Թաքնված տաղանդ» հաղորդման ժյուրիում ցուցաբերած ջերմության համար, որ իր վերաբերմունքով բոլորին որպես տաղանդ էր մոտենում ու նույնիսկ որևէ մեկին ՙոչ՚ ասելիս երկար գովում էր նրա կարողությունները: ՙԹաքնված տաղանդ՚-ի ավարտից անցել է մոտ 3 ամիս, բայց դեռ նրան երթուղայիններում տեղ են զիջում, իսկ վարորդները հաճախ նույնիսկ գումարը չեն վերցնում:
Երբ 2001-ին Հրանտ Մաթևոսյանը Վիոլետին անվանեց մեր ժամանակների Չարենց, հասարակության մեջ նրա անունը շատ հայտնի չդարձավ, փոխարենը գրական շրջանակների նախանձն ափերից դուրս եկավ. մի խումբ գրողներ hանրապետության նախագահից պահանջում էին ցենզուրա հաստատել նրա բաց ստեղծագործությունների վրա: Նախագահն ավելի առաջադեմ էր գտնվել ու ասել, որ Հայաստանում խոսքի ազատություն է:

nkar

Վիոլետ Գրիգորյան

Այս իրարանցման ընթացքում Վիոլետը գրող Վահրամ Մարտիրոսյանի հետ ստեղծեց «Բնագիր» գրական հանդեսը, իսկ 2004-ին «Կենտրոն» հեռուստաալիքով, թզբեհը ձեռքին, վարում էր «Ինքնագիր» հաղորդումը, որը թեև ճանաչվեց տարվա լավագույն մշակութային հաղորդում, բայց տարեվերջին փակվեց:
Իսկ հիմա նա հանրահայտ դարձավ այնտեղ, որտեղ չէր սպասում, որպես մի ժյուրիի անդամ, որի գործը տաղանդներին գնահատելն է և ոչ թե սեփական տաղանդով փառք վաստակելը: Նրան փողոցներում, խանութներում մոտեցող ու իրենց հիացմունքը հայտնող մարդկանցից քչերը գիտեն, որ նա բանաստեղծ է, իսկ եթե գիտեն էլ, նրանից ոչ մի տող չեն կարդացել: «Հետաքրքիր է, որ երկու անգամ շուկայական միջավայրում` Երրորդ մասի հրապարակի գետնանցումում, մյուսն էլի նման մի տեղ, ինձ ճանաչել են ոչ թե որպես ժյուրիի անդամ, այլ որպես գրող»: Իսկ գրական շրջանակներում նրա երկրպագուների ավելի փոքր խումբը հիանում է Վիոլետի բանաստեղծություններով, որոնք գերում են ստեղծագործական ազատությամբ, բացված բազմաձև շերտերով:
Վիոլետի առավոտը բացվում է ժամը 12-ի մոտ` հանգիստ ու դանդաղ. հագին սպիտակ շապիկ է, մաշկը` թարմ, սուրճի բաժակը ձեռքին, ձգվում է մարմնով վեր, հրճվում առավոտով ու նստում համակարգչի առջև: «Առավոտյան ինձ ուժեղ եմ զգում, ամենակարող` պատրաստ աշխարհը նվաճելու, երեկոներս պատկանում են հեռուստացույցին, իսկ գիշերներից զզվում եմ, քնելուց ինքնախարազանմամբ եմ զբաղվում»:
Վիոլետի բնակարանն Աբովյանում է, ուր նաև իր հայրական տունն է, այնտեղ մայրն ու եղբայրն են ապրում, ինքն էլ կիսված է երկու քաղաքի` Երևանի ու Աբովյանի երկու տան՝ իր մի սենյականոցի ու ամուսնու՝ Վահան Իշխանյանի մի սենյականոցի միջև. «Միշտ երազել եմ ունենալ իմ անկյունը, իմ աշխատասեղանը, իմ թղթերը փռեմ գետնին, ոչ-ոք չկպնի: Բայց չունեցա: Իմ ու ամուսնուս բնակարանը շատ նեղլիկ է, էստեղ ավելի շատ իր գրքերն ու իր աուրան ա, չնայած ես ինձ լավ եմ զգում իր աուրայի մեջ, Վահանն իմ ամենամոտ ընկերն ա: Բայց այստեղ ես իմ սիրունիկ, թիթիզիկ շորիկների համար նույնիսկ դարակ չունեմ: Հենց մի քանի օր շարունակ ինձ նույն հագուստով տեսնեք, ուրեմն ոտքս դեռ Աբովյան չի հասել, որ փոխվեմ»:
Միակ «հանգիստը», որ Վիոլետը կարողանում է ինքն իրեն թույլ տա, լոգանքն է, որը տևում է 1-2 ժամ, մի ամբողջ արարողակարգ, որն իր հետ բերել է մանկության քաղաքից՝ Թեհրանից, ուր բաղնիքում մայրերն ուշաթափվելու աստիճան քիսայում էին իրենց երեխաներին: Նրա լոգարանում կախված գույնզգույն` կարմիր, կանաչ, դեղին, մարմնի տարբեր մասերի համար, տարբեր չափսերի, տարբեր մակերեսներով քիսաները երբեմն այն աստիճան են մարմինը պռտում, որ լողանալը, բառի ուղղակի իմաստով, ինքնախարազանման է վերածվում: «Եղբայրս, երբ երկուսով Ամերիկայում էինք ապրում, թաքուն ձայնագրել էր իմ լոգանքի ձայները. պռթ-պռթ, խշշշ-խշշշ, մեկ էլ սկսում եմ երգել, հետո էլի մի քանի րոպե` պռթ-պռթ-պռթ, ու սկսում եմ արտասանել»:
Այս պատմությունը լսելիս միանգամից մտաբերում ես Վիոլետի «Հարեմի վարդը» ստեղծագործությունը, որտեղ շատ տպավորիչ նկարագրվում է, թե ինչպես են կույսին պատրաստում հարեմի շեյխի համար:
Պատրաստում են ինձ գիշերվա
տիրոջ համար:
Յոթ պատանի անամորձի (բայց աչքերով, ա~խ աչքերով թաց ու նվաղ, ո~նց են սիրում, ո~նց են գգվում), կոնքաշորով լոկ ծածկոռիկ (մարմնամասե~ր հիացնողիկ), կավե խոշոր տաշտակի մեջ յոթ զույգ բոբիկ կրունկներով տոտիկ-տոտիկ տրորում են վարդաթերթեր յոթգույնանի, ու բժժած ու նվաղուկ, վարդաբույրի ոստայնի մեջ խճճված ու թմրաշշմուկ, հույլ դանդաղուկ շարժումներով, վարդայուղի կաթիլներով լվանում են (ո~ւխ, մամա ջան) թևատակեր, ծնկածալերս քրտընուկ…
Վիոլետը 13 տարեկան էր, երբ Թեհրանից ընտանիքով տեղափոխվեցին Խորհրդային Հայաստան: Պարսկաստանի դպրոցում գերազանց սովորող աղջիկը հայտնվել է մի իրավիճակում, ուր նույնիսկ «եռանկյունի» բառն անհասկանալի է եղել: Պատմում է, որ մեծ դժվարությամբ է հաղթահարել իր կյանքի այդ փոփոխությունը: Վիոլետի առաջին բանաստեղծությունը պարսկերեն է եղել:
Վիոլետի հայրը, որ անցյալ տարի մահացավ, բանվոր է եղել: Վերջին տարիներին կուրացել էր, ու հենց աղջիկն իրենց տուն էր մտնում, Աստվածաշունչն ու դրա դեմ գրած իր քննադատական դավթարները փռում էր սեղանին, որ Վիոլետը կարդա ու նորանոր նշումներ ավելացնի իր
գրառումներին:
«Իմ մանկությունը չքավորություն ա եղել: Իրանում մթերքը վաճառելիս թերթի մեջ էին փաթաթում, երբ մայրս ինչ-որ բան էր առած բերում, ես ուրախացած վերցնում էի, հարթացնում ճմռթված թղթերն ու կարդում: Խաղալիք չունեի, կարդալն էր իմ խաղալիքը: Ու մինչեւ հիմա երբեմն որպես խաղալիք եմ վերաբերվում գրքերին»: Նաև երազել է կիթառ նվագել սովորել, բայց երբ կիթառի վրա հիպիական նշան ու ազատ սիրո տեքստեր է գրել, մայրը կիթառը ջարդել է: Մայրը ցավով է հիշում իր արարքը և մխիթարվում, որ թեպետ հետո գնած կիթառն աղջկա կոտրած սիրտը չսփոփեց, բայց փոխանցվեց որդուն, ու տղան ոչ միայն Վիոլետի, այլեւ հենց իր` երգչուհի դառնալու երաժշտական երազանքներն իրականացրեց: Վիոլետի եղբայրը` Հենրիկը, կիթառիստ-կոմպոզիտոր է` «Դոգմա» ռոք խմբի հիմնադիրներից:
Վիոլետը դպրոցն ավարտելուց հետո չորս տարի աշխատել է որպես բանվոր Աբովյանի գործարաններից մեկի թունավոր արտադրամասում, որպեսզի ինքը հոգա ինստիտուտ ընդունվելու համար պարապմունքների ծախսը: Հենց այդ տարիներին` 80-ականների սկզբում, բանվորուհի Վիոլետի բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է «Գարուն» ամսագրում. «Ամսագիրը տարա ցեխ, նաչալնիցաս բանաստեղծությունս կարդաց, սկսեց ինձ լավ աչքով նայել, հասկացա, որ գրելու մեջ, հոնորարից բացի, ուրիշ քյար էլ կա»:
Վիոլետը չորս տպված գիրք ունի, Ֆրանսիայում տպագրվել են նրա բանաստեղծությունների ֆրանսերեն թարգմանությունները: «Բնագիր» հանդեսի փակվելուց հետո 2005-ին հիմնադրեց «Ինքնագիր»-ը, որի յուրաքանչյուր համար աղմուկ է առաջացնում արդեն ոչ միայն գրական շրջանակներում: Հայաստանում ընկերների հետ ստեղծել է նաև «Ինքնագիր» գրական ակումբը (www.inknagir.org), և ընկերներով ամեն շաբաթ հանդիպում են, քննարկում որևէ թեմա` գրականությունից սկսած քաղաքականությունով վերջացրած: «Ինքագիր»-ն ամեն մեկի համար ազատության մի դուռ բացեց, մի տաբու ջարդեց, մեկի համար` լեզվական, մեկի համար` թեմատիկ, մյուսն էլ սկսեց սեռական թեմաներով գրել»:

Արփի Մաղաքյան

Դիտվել է 4809 անգամ:
Print Friendly

Leave a Reply