Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր

Պաշտոնական, Օրվա լուր | | March 2, 2013 16:07

Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը հանդիպել է Երևանում անցկացվող « CTS 2013 » 12-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի կազմակերպիչներին մասնակիցներին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին և ներկայացնելով զբոսաշրջային ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքապետարանի դիրքորոշումն ու իրականացվող ծրագրերը, Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ լինելով աշխարհի հնագույն քաղաքներից մեկը՝ Երևանն ուրույն հետաքրքրություն է ներկայացնում նաև զբոսաշրջային առումով. «Քաղաքապետարանը բաց է և պատրաստակամ քննարկելու և կյանքի կոչելու զբոսաշրջության խթանմանն ուղղված տարբեր ծրագրեր»,- նշել է քաղաքապետի  խորհրդականն ավելացնելով, որ Երևանում կազմակերպված միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսն իր հերթին ոլորտում գործընկերային կապերի հաստատման ու ընդլայնման կարևոր հարթակ է:

Ներկաների անունից շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ճամփորդական  գործակալների հայկական միության նախագահ Սիմոն Խաչատուրյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը հատկապես վերջին տարիներին զգալի քայլեր է ձեռնարկում՝ ուղղված զբոսաշրջային ոլորտի զարգացմանը. «Համոզված եմ, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի որդեգրած այս քաղաքականությունը շարունակական կլինի և այսուհետ ևս զբոսաշրջային ընկերությունները քաղաքապետարանի աջակցությունը կունենան»,- նշել է Ճամփորդական  գործակալների հայկական միության նախագահը:

Հանդիպմանը ներկա Թուրքիայի տուրիստական գործակալությունների միության վարչության անդամ Թենգիզ Քելեկչին, ով նաև Վան-Երևան չվերթների նախաձեռնողներից է, նշել է, որ Հայաստանում ու մասնավորապես Երևանում շատ նոր հետաքրքրություններ է բացահայտել, որոնք կարող են խիստ գրավիչ ու հետաքրքիր լինել  ամենատարբեր ուղղվածության զբոսաշրջային տուրերի մասով:

Հանդիպման վերջում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ առաջիկայում կքննարկվեն զբոսաշրջային ոլորտում գործակցությանն առնչվող առավել կոնկրետ հարցեր:

 

Տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչություն

Դիտվել է 883 անգամ:
Print Friendly

Leave a Reply