Ճանապարհային ոստիկանությանը քննադատելու համար ադրբեջանցի ռեփերը ձերբակալվել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 2, 2013 14:15

Ոստիկանությանը  չենթարկվելու մեղադրանքով Բաքվում ձերբակալվել է Dado մականունով հայտնի ռեփեր Սաիդ Ալիևը: Ռեփերի եղբայրը`Ալին, “Turan” գործակալությանը տեղեկացրել է, որ փետրվարի 27-ին ռեփերը կանչվել է Նասիմի շրջանի ճանապարհային ոստիկանություն` ճանապարհատրանսպորտային պատահարի առնչությամբ նրա մեքենան փորձաքննության ենթարկելու համար:

Փորձաքննությունից հետո տեղեկացրել են, որ մեքենան պատահարի հետ առնչություն չունի, սակայն պետք է գնա ոստիկանություն` փորձաքննության արդյունքները գրավոր գրանցելու համար:

Ըստ Ալիի`երբ ռեփերը մտել է աստիկանության շենք, քաղաքացիական հագուստով մի մարդ ուսով հարվածել է նրան, այնուհետև մեղադրել ռեփերին կոպտության մեջ: Նրան անմիջապես ձերբակալել են և ավտոմեքենայով տարել անհայտ ուղղությամբ:

Ի սկզբանե հարազատները ոչինչ չեն իմացել ձերբակալության մասին: Ավելի ուշ ռեփերը զանգահարել է եղբորը և խնդրել Youtube-ից հանել Ադրբեջանի ճանապարհային ոստիկանության մասին “YPX” տեսահոլովակը, հակառակ դեպքում 10 օրից նրա դեմ կհարուցվի քրեական գործ:

Հարազատները հայտարարել են, որ կբողոքեն Իլհամ Ալիևին, գլխավոր դատախազությանը և ներքին գործերի նախարարությանը:

Նշենք, որ ռեփերը տեսահոլովակում քննադատում է ճանապարհային ոստիկանությանը, որը կաշառք է վերցնում և հաճախ խախտում է երթևեկության կանոնները:

Դիտվել է 895 անգամ:
Print Friendly

Leave a Reply