Ստեփան Գրիգորյան.«Հայ-թուրքական սահմանի բացումը մահ է Ադրբեջանի համար»
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | Հայկուհի Բարսեղյան | April 6, 2010 17:26«Մինչև Թուրքիան իր սկզբունքային դիրքորոշումը չփոխի Ցեղասպանության հարցում, հայ-թուրքական պաշտոնական հանդիպումներից որակական բեկումներ չեն սպասվում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նրա խոսքով՝ քանի դեռ Թուրքիան ժխտում է Հայոց Ցեղասպանությունը, թե մենթալիտետով, թե հոգեբանությամբ մնում է ցեղասպան երկիր:
Ապրիլի 12-13-ը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի է ունենալու միջուկային անվտանգությանը նվիրված գագաթնաժողով, որին մասնակցության հրավեր ԱՄՆ նախագահից ստացել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի նախագահը: Հնարավոր է, որ տեղի ունենա նաև երկու երկրների ներկայացուցիչների հանդիպում:
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ասում է, որ մինչ վաշինգտոնյան գագաթնաժողովին մասնակցելը Հայաստանը պետք է ձեռնարկի երեք քայլ՝ միանա Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջարկին (ըստ որի բոլոր երկրները պետք է ունենան խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի զարգացման հնարավորություն, գագաթնաժողովի մասնակից բոլոր երկրները հավասար իրավունքներ ունեն և այլն), վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները և հայտարարի, որ պատրաստ է ստորագրել Մադրիդյան սկզբունքները: Գրիգորյանն ասում է, որ նման պարագայում Հայաստանը Թուրքիային վատ դրության մեջ կդնի:
Գրիգորյանը, անդրադառնալով լուրերին, թե Ադրբեջանի նախագահը հրավիրված չէ մասնակցելու գագաթնաժողովին, ասում է, որ այդ պարագայում ԱՄՆ-ում Հայաստանի վրա լուրջ ճնշումներ կգործադրվեն:
Մանասյանը, սակայն, Ադրբեջանի նախագահի՝ գագաթնաժողովին հրավիրված չլինելն այլ կերպ է մեկնաբանում: «ԱՄՆ-ն և Եվրոպան բազմիցս նշել են, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները կապված չեն, և այս քայլը միտված է ցույց տալու հենց այդ»:
Մանասյանի կարծիքով՝ երկու երկների ղեկավարների վաշինգտոնյան այցը փորձ է վերագործարկելու հայ-թուրքական գործընթացը: «Մենք հետ գնալու կամ կորցնելու ոչինչ չունենք, քայլի հերթը Թուրքիայինն է»:
Ըստ Գրիգորյանի՝ վաղ թե ուշ հայ-թուրքական արձանագրությունները վավերացվելու են, բայց ոչ մինչև առաջիկա ապրիլի 24-ը: «Թուրքիան մեծ դիվանագիտական ավանդույթներ ունեցող երկիր է, որ ուզում է այս գործընթացից հնարավորինս օգուտ քաղել՝ իր գլոբալ հետաքրքրությունների հետապնդման գործում, ինչպես ԵՄ-անդամակցության վերջնաժամկետի հստակեցումը, Սև ծովում ԱՄՆ-ի շահերը ներկայացուցիչ դառնալը»:
Գրիգորյանը, սակայն, հայ-թուրքական գործընթացի հետագա ճակատագիրը միայն Հայաստանի և Թուրքիայի քայլերով չի պայմանավորում: «Համոզված չեմ, որ Ռուսաստանը հիմա կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը, որ ԱՄՆ-ի խաղը տարածաշրջանում անկեղծ է»:
Իսկ վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ հնչող ադրբեջանական ռազմատենչ հայտարարություններն, ըստ Գրիգորյանի, ոչ թե Ղարաբաղի, այլ հայ-թուրքական հարաբերությունների հետ են կապված և Թուրքիային ուղղված հաղորդագրություններ են, քանի որ «հայ-թուրքական սահմանի բացումը մահ է Ադրբեջանի համար»: Մանասյանն էլ ասում է, որ պատերազմ սկսողը Ադրբեջանը չէ, նրան պետք է թույլ տան. «Եթե Ադրբեջանը ինքնագլուխ պատերազմ սկսելու լիներ, հիմա վաղուց արել էր ու պարտվել»:







Facebook
Tweet This
Email This Post
