Գեղարդի վանքի երգչախմբի ելութը Բեյրութում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2013 20:46

Փետրվարի 27-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունը Բեյրութի Սուրբ Լուիս եկեղեցում Ալ-Բուստան միջազգային փառատոնի շրջանակներում կազմակերպեց համերգ Հայաստանի Գեղարդի վանքի երգչախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար` Մհեր Նավոյան):
Բացման խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը նշեց, որ համերգն է՛լ ավելի է խորացնում երկու բարեկամ երկրների մշակութային հարաբերությունները: Այնուհետեւ նշվեց, որ համերգը համընկնում է Ադրբեջանի քաղաք Սումգայիթում 25 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետ, որի արդյունքում զոհվեցին եւ վիրավորվեցին հարյուրավոր անմեղ հայեր: Դեսպանը հավելեց, որ սումգայիթյան ոճրագործությունը հայ բնակչության հանդեպ իրականացված էթնիկ զտման քաղաքականության դրսեւորման առաջին դեպքն էր Խորհրդային Միության տարածքում:
Երգչախմբի դիրիժոր Անահիտ Պապայանը նույնպես անդրադարձավ սումգայիթյան ողբերգությանը՝ նշելով, որ ամեն տարի փետրվարի վերջին հայ ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում անմեղ զոհվածներին:
Համերգի ընթացքում Գեղարդի վանքի երգչախումբը կատարեց Մոցարտի, Վերդիի, Ռախմանինովի, Մոտեվերդեի, Բրամսի երաժշտական գործերից հատվածներ, ինչպես նաեւ միջնադարյան շարականներ, հայ կոմպոզիտորների դասական եւ հոգեւոր երգեր: Երգչախմբի երգացանկում տեղ գտան նաեւ երգեր` նվիրված սումգայիթյան եղեռնագործության անմեղ նահատակների հիշատակին:
Համերգին ներկա էր Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, ինչպես նաեւ պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, արվեստագետներ ու մշակույթի գործիչներ:

Դիտվել է 1638 անգամ:
Print Friendly

Leave a Reply