Մեկնարկում են Պոլիտեխնիկի 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | March 1, 2013 20:40

Գարնան, բնության զարթոնքի առաջին օրը՝ մարտի 1-ը, յուրահատուկ խորհուրդ ունի յուրաքանչյուր պոլիտեխնիկցու համար, քանզի այդ օրվանից է սկիզբ առնում Հայաստանի բարձրագույն տեխնոլոգիական կրթության առաջատար Պոլիտեխնիկի հարուստ կենսագրությունը։
Ութ տասնյակ գարուններ է ապրել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան դարձած Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ խոր հետագիծ թողնելով Հայաստանի և նրա տնտեսության կյանքում։
Պոլիտեխնիկի ծննդյան 80-ամյա հոբելյանին էր նվիրված մարտի 1-ին ՀՊՃՀ 2-րդ մասնաշենքի Մեծ դահլիճում կազմակերպված տոնական հանդիսությունը, որն ազդարարեց հոբելյանական տարվա միջոցառումների սկիզբը։
Այն պոլիտեխնիկական կամարների ներքո համախմբել էր ոչ միայն բուհի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, ուսանողներին, այլև տարբեր բնագավառներում առաջատար դիրքեր զբաղեցնող պոլիտեխնիկցիներին։
“Սա նման է երդման արարողության: Մենք` պոլիտեխնիկցիներս, պահանջատեր ենք գիտելիքի հանդեպ, դառնալու ենք լավագույն մասնագետներ յուրաքանչյուրս մեր ընտրած ոլորտում, մեր տնտեսության հզորացումը դարձնելու ենք գրավական մեր երկրի զարգացման և ազգային անվտանգության ապահովման համար”,- ասաց ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը:
Թե՛ խորհրդային տարիներին, թե՛ նորանկախ պետության ժամանակաշրջանում Պոլիտեխնիկն իր շրջանավարտներով ակտիվ մասնակցություն է ունեցել մեր երկրի տնտեսության կառուցման գործում, հասարակական և քաղաքական գործընթացներում։ Պոլիտեխնիկցին ունի մտածելակերպի առանձնահատուկ ալգորիթմ, որը բնորոշ է միայն նրան։ Այսպիսի ողջույնի խոսքով հանդես եկած 1982թ. բուհի շրջանավարտ, ՀՊՃՀ Խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանն ասաց, որ ակնածանքով, հարգանքով և պատկառանքով է հիշում իր ուսանողական տարիները և դասախոսներին: “Ինձ համար մեծ պատիվ է ողջունել բոլորին և շնորհավորել Պոլիտեխնիկի 80-ամյակի կապակցությամբ։ Փառք և պատիվ բոլոր այն դասախոսներին, ովքեր տարիների ընթացքում կրթել և դաստիարակել են ճարտարագետների հզոր բանակ, փառք և պատիվ բոլոր այն ռեկտորներին, ովքեր այս տարիների ընթացքում բարձր են պահել մեր բուհի անունը։ Պետք է հպարտությամբ ասեմ՝ Փառք և պատիվ բոլորին”,- ասաց Ս. Նիկոյանը:
ԵրՊԻ-ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցիացիայի խորհրդի անունից հանդես եկած ասոցիացիայի նախագահ, 1980թ. բուհի շրջանավարտ Հովիկ Մուսայելյանը, շնորհավորելով ներկաներին, տեղեկացրեց, որ Շրջանավարտների ասոցիացիան այսօր բավական լուրջ մտադրություններ և ծրագրեր ունի՝ կապված տարբեր տարիների շրջանավարտներին համախմբելու հետ, ինչի մասին մոտ ապագայում հատուկ ծրագրեր կներկայացվեն:
“Պոլիտեխնիկի ծննդյան օրն առաջին հերթին շնորհակալության օր է։ Այստեղ ենք, որպեսզի շնորհակալություն հայտնենք մեր Ալմա-Մատերին այն ամեն ինչի համար, որ ստացել ենք Պոլիտեխնիկից, այն ամենի համար, ինչը մեզ այսօր օգնում է աշխատել և ապրել։ Մենք եկել ենք շնորհակալություն հայտնելու մեր դասախոսներին, հիշելու մեր ուսանողական տարիները՝ շատ հեռու կամ շատ մոտիկ, որոնք բոլորիս համար կյանքի ամենաերջանիկ տարիներն էին։ Շատ կարևոր է, որ հոբելյանական տարում բոլոր պոլիտեխնիկցիները համախմբվեն”,-ընդգծեց ՀՊՃՀ պատվավոր պրոֆեսոր, 1989-2006թթ. բուհի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սարգսյանը:
ՀՊՃՀ 80-ամյա տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ էին հղել ՀՊՃՀ գործընկերներ “Հայաստանի էլեկտրական ցանցեր” ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը և “Հարավկոսվկասյան երկաթուղի” ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:
Պոլիտեխնիկի ծննդյան օրը նշելու գեղեցիկ ավանդույթը ձևավորվել է 8 տարի առաջ։ Այսօր Ճարտարագիտական համալսարանն ազգային բարձրագույն տեխնիկական կրթության առաջատարներից է և հեղինակություն է վայելում ոչ միայն մեր երկրում, այլև նրա սահմաններից դուրս: Այն տեխնիկական գիտությունների խոշոր գիտահետազոտական կենտրոն է: Այստեղ կատարվում են հետազոտություններ մեքենագիտության և նյութագիտության, էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի, ռադիոտեխնիկայի և միկրոէլեկտրոնիկայի, քիմիական տեխնոլոգիաների և մեքենաշինության, ավտոմատացման և կառավարման համակարգերի, բարդ տեխնիկական համակարգերի մաթեմատիկական մոդելավորման, նանոտեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների և ինֆորմատիկայի, ինչպես նաև կիրառական մաթեմատիկայի բնագավառներում: Գիտական հետազոտություններն անց են կացվում ինչպես ֆակուլտետներում, այնպես էլ հետազոտական լաբորատորիաներում:
Ներկայումս, ՀՊՃՀ-ում սովորում է ավելի քան 10000 ուսանող, իսկ գործունեության 80 տարիների ընթացքում Պոլիտեխնիկը երկրին տվել է ավելի քան 115000 շրջանավարտ, որոնք հսկայական ավանդ ունեն Հայաստանի արդյունաբերության ստեղծման և զարգացման, նրա ճարտարագիտական և գիտատեխնիկական ներուժի ձևավորման գործում:

ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ), Հասարակայնության հետ
կապերի և տեղեկատվության բաժին

Դիտվել է 2089 անգամ:
Print Friendly

Leave a Reply