Սումգայիթյան հանցագործության 25-ամյակին նվիրված միջոցառումներ Վրաստանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2013 20:24

Փետրվարի 28-ին Թբիլիսիում տեղի ունեցավ սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո, ինչպես նաեւ ոճրագործությանը զոհ դարձած հայերի ոգեկոչման արարողություն:
Թբիլիսիի Ս.Էջմիածին (Էջմիածնեցոց Սուրբ Գեւորգ) եկեղեցում Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ եւ Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի, եկեղեցու հոգեւոր դասի, ինչպես նաեւ հայ համայնքի մշակութային, կրթական ու մարզական միությունների ղեկավարների եւ այլ ներկայացուցիչների մասնակցությամբ մատուցվեց Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում եւ Կիրովաբադում հայ ազգաբնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների, տեղահանման քաղաքականության եւ պետականորեն կազմակերպված հանցագործության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան պատարագ:
Սրբազան հայրն իր քարոզում հատուկ անդրադարձ կատարեց քառորդ դար առաջ Սումգայիթում եւ այլ բնակավայրերում հայազգի բնակչության հանդեպ կատարված ոճրագործությանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:
Այնուհետեւ Վրաստանի մշակութային եւ հասարակական տարբեր հաստատությունների եւ հայ համայնքի մեծաքանակ ներկայացուցիչների մասնակցությամբ «Հայարտուն» մշակութային կենտրոնում կայացավ հուշ-երեկո, որին բացման խոսքով հանդես եկավ դեսպան Մանուկյանը:
Հայաստանի դեսպանը, մասնավորապես, խոսեց նախորդ դարի 80-ականների վերջին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ եւ թողտվությամբ իրականացված վայրագությունների, մինչ օրս շարունակվող պատմական փաստերի խեղաթյուրման եւ զեղծարարությունների, ներկայիս բանակցային գործընթացում Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական մոտեցումների եւ հայատյացության քարոզչությանն ուղղված անհեռատես քաղաքականության հետեւանքների մասին:
Այնուհետեւ Արցախի պատմության եւ նրա ազգաբնակչության ինքնորոշման օրինական պահանջի վերաբերյալ պատմական եւ փաստավավերագրական դասախոսությամբ հանդես եկավ պատմաբան Կարեն Հովհաննիսյանը:
Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին նաեւ հատվածներ սումգայիթյան, ինչպես նաեւ Բաքվի եւ Մարաղայի իրադարձությունների մասին պատմող փաստավավերագրական ֆիլմերից:
Երեկոյի ավարտին գնահատանքի եւ օրհնության խոսքով հանդես եկավ Վրաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Դիտվել է 837 անգամ:
Print Friendly

Leave a Reply