30-ականների «գողե՞րը». գրողները միմյանց մեղադրում էին հանցանքի մեջ

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | June 21, 2009 13:45

Սողոմոն ՏարոնցիՍողոմոն ՏարոնցիԵրկու գրողներ իրար մեղադրել են միմյանցից գողություն անելու մեջ: Հայաստանի ազգային արխիվում պահպանվում է ժամանակին անուն ունեցող, այժմ քչերին հայտնի գրող Սողոմոն Տարոնցու բողոքը` ուղղված Խորհրդային Հայաստանի պրոլետարական գրողների վարչություն, թե իբր գրող Մկրտիչ Արմենը իր տանը գողություն է արել: Բողոքից երևում է, որ Մկրտիչ Արմենն էլ իր հերթին խոսել կամ գրավոր գրել է, թե իբր Տարոնցին է իրենց գողություն արել: Տարոնցու բողոքում որպես Մկրտիչ Արմենի համախոհներ ներկայացված են բանաստեղծ Խորեն Ռադիոն (Գուրգեն Մահարու եղբայր Խորեն Աճեմյանը), ֆանտաստ գրող Աշոտ Շայբոնը: Կարելի է ենթադրել, որ գողության միմյանց մեղադրանքի տակ թաքնված է գրողական խմբերի թայֆաների ինչ-որ բախում, որոնք կազմել ու մինչև հիմա էլ կազմում են ստեղծագործական աշխարհի անբաժանելի բաղկացուցիչը: Իսկ այս համատեքստում ոչ պակաս կարևոր են եղել անձնական հարաբերությունները, որոնք ոչ մի ընդհանուր բան չունենալով գրականության հետ, վերջին հաշվով կանխորոշում են գրական համակրանքների ու հակակրանքների ուղղությունը:
Մկրտիչ ԱրմենՄկրտիչ ԱրմենՔիչ տարբերություն կգտնեք այսօր և տասնամյակներ առաջ տիրող գրական մթնոլորտների միջև: Հավանաբար միակ «նորաձևությունն» այն կլինի, որ եթե մեր օրերում մի գրողը մյուսին կարող է մեղադրել, ասենք, իր ավտոմեքենայի անվադողերի պտուտակները թուլացնելու համար (գրականագետ Աբգար Ափինյանը 2001-ին մեղադրում էր Հրանտ Մաթևոսյանին, թե նա իբր իր մեքենայի անիվների պտուտակները թուլացրել է, որ քշելիս ինքն ավտովթարի զոհ դառնա), ապա 1920-ականներին միմյանց մեղադրելու շարժառիթների ընտրության հարցում գրչի մշակներն առավել համեստ էին, մինչև կգային 37 թվի` իրար դեմ մահացու մեղադրանքներ ու զրպարտանքներ հրապարակելու ժամանակները:
Բազում նմանատիպ վկայություններից ներկայացնենք մի անհայտ վավերագիր, որը պահպանվում է Հայաստանի ազգային արխիվում (ֆ. 972, ց.1. գործ 125, էջ 30-31): Դրանում շարադրված պատմությունն այս անգամ վերաբերում է մի տհաճ միջադեպի, որի գործող անձինք հայտնի անուններ են` արձակագիր Մկրտիչ Արմենը, բանաստեղծ Խորեն Ռադիոն, գրող Աշոտ Շայբոնը, բանաստեղծ Սողոմոն Տարոնցին և այլք:

«Խ. Հայաստանի Պրոլետարական գրողների վարչությանը
դիմում Ս. Տարոնցուց
Ամսույս 21-ին, միության անդամներ ընկ. ընկ. Արմենը և Խորեն Ռադիոն, ոմներ Շաի-Բոնն ու Արամայիս Սվասյանը «այցելել» են իմ բնակարանը մի մտադրությամբ` իմանալու «կորած» գրքերը չեն՞ գտնվում Սող. Տարոնցու յաշչիկներում: Ես տանը չեմ եղել, դպրոցից վերադառնում եմ, նկատում եմ ընկերներին, ուրախանում եմ… Բայց մի քիչ հետո պարզվում է, որ հիշյալ ընկերների մտադրությունը այլ է, հայտնաբերել «12 կտոր կինոյի վերաբերյալ կորած գրքերը»:
Գնալու ժամանակ ընկ. Խ. Ռադիոն թևից բռնած դուրս է տանում ինձ և ծիծաղելով հարցնում.«Լսիր, խոմ կատակով Արմենի գրքերը չես՞ վերցրել»… Պատասխանս չի համոզում: …Քիչ հետո Խ. Ռադիոն և Շաի-Բոնը վերադառնում են սենյակս և Արմենի հրամանով (նախապատրաստված) խնդրում են յաշչիկները բաց անել, որ րոպեապես բաց եմ անում և ամբողջ գործերը թափում խուզարկու պոետների առաջ…
Նրանք այնտեղ ոչինչ չեն գտնում:
Արմենը գլուխը «ամոթից» կախած է, ահա դուրս է գնում փնթփնթալով՝ հավատացած, թե «կորած» գրքերը էլի ինձ մոտ են…
Կարող եմ հրապարակորեն ասել, որ այդ «կորած» գրքերից լուր չունեմ, լոկ մի քանի անգամ շաբաթվա մեջ եղել եմ Արմենի տանը իրա՝ Արմենի, Վահանների հետ, և 20-ին մենակ, որտեղ ընթերցում էի Լենինի «Պետություն և հեղափոխություն» գիրքը և դուրս ելել տանից Մահարու, իրա և Շաի-Բոնի հետ ձեռքիս ունենալով մի գիրք` վերոհիշյալ գիրքը: Գրքերը կորել են, և գուցե շատ հավանական է, գոլորշիացել իր ավելի մոտ ընկերների ձեռքով, եթե միայն կորել են. կամ ծայրահեղ դեպքում իր իսկ ձեռքով վերադարձրել են գրավաճառի մոտ ևս օրը մթնացնելու համար: Ով՞ է իմանում, Արմենը Արմեն է և շառլատանություններ հնարելու մեջ միակը:
Մի՞թե նույն Արմենը չէր, որ անխնա վատնում էր իր մոտ եղած, շառլատանության օրերից ժառանգած «Նոյեմբեր» միության գրքերը` գների իջեցման քաղաքականությունը 100 տոկոսով կիրառելով: Նույն Արմենը չէ՞ր, որ իր ամենաարժեքավոր գրքերը ծախում էր հանուն ցամաքած որկորի, և միթե վերջապես Արմենը չէ՞ր, որ գողացել է իր հետ ապրողների մի շարք գրքերը և տարել մորաքրոջ տուն, հռչակավոր գողունի «գրապալատը»: Գողը գիտե՝ բոլորն էլ գող են: Այդպես է:
Այդ նույն սենյակում ապրածս ժամանակ, իմ սեփական իրեղենից 2 շապիկ, 1 սավան կորսվեց… Սենյակում ապրողների մեծ մասը կասկածում էր նույն այդ Արմենի վրա` հիմք ունենալով նրա այն ժամանակվա «սև օրերը»… Նրա անսահման ստախոսությունը, ուրիշի սեփականությունը յուրացնելու մեջ վիրտուոզ լինելը, նրա` ընկերոջ հանդեպ ունեցած անազնիվ միտումները, և վերջապես նրա պապենական «շապիկը օղով թրջելու» արվեստը և խուլիգանությունը:
Մի՞թե նույն Արմենը չէր, որ յուրացրեց Լենինականի շրջանի Դյուզքյանդ գյուղի գրադարանից բազմաթիվ գրքերը և անընդհատ «խուզումներ» էր կատարում գրադարաններում և բանակումբներում…
Կեցցե. պրոլետգրող Արմենը, կեցցե հին կոմերիտականը…
Իզուր է նա շառ գցում ինձ վրա՝ հրավիրելով սրտակիցներ Խ. Ռադիոյին, Շաի-Բոնին և խուլիգանության Արքա Արամայիս Սվասյանին` առանց ամաչելու քրքրելու յաշչիկներս իմ ուսանող ընկերների և մի քանի անծանոթների առաջ:
Համարելով այս քայլը հատկապես Մկրտիչ Արմենի կողմից տգեղ ու հանձինս ինձ` վիրավորական, սույն դիմումով խնդրում եմ վարչությանդ. քննել և ըստ հարկին կազմել ընկերական մի դատ, այն ժամանակ կտեսնենք` ե՞ս կամաչեմ, թե՞ աբլայի փողերը գողացող Մկրտիչ Արմենը:
21. 5. 1927 թ., Երևան:
Սողոմոն Տարոնցի»:
Հայաստանի ազգային արխիվ (ֆ. 972, ց.1. գործ 125, էջ 30-31):

Դեպքերի հետագա ընթացքի մասին այլ հիշատակություններ չկան:

Դիտվել է 2732 անգամ:
Print Friendly

Leave a Reply