Ադամ Շիֆ. Ադրբեջանական պետությունը հիշեցրեց ողջ աշխարհին, թե ինչու Արցախի ժողովուրդը պետք է ինքնուրույն որոշի իր ապագան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 1, 2013 13:13

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի անդամ Ադամ Շիֆը մասնակցել է Սումգայիթի ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառմանն ու հանդես եկել կոնգրեսին ուղղված հայտարարությամբ:
Այս մասին գրում է «Ասպարեզ» պարբերականը:

«Այս շաբաթ լրացավ 1988 թ-ի փետրվարին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղաբնակ հայերի նկատմամբ իրականացված ողբերգական ջարդերի հերթական տարելիցը: Ադրբեջանցի ազգայնականների կողմից իրագործված այդ եռօրյա վայրագությունների արդյունքում բազում հայեր զոհվեցին, որոնցից մեծ մասը` ծեծի ու չարչարանքներից հետո, կենդանի այրվեցին կրակի վրա: Մեծ թվով կանայք, այդ թվում` անչափահասներ, բռնաբարվեցին: Ոճրագործության հետևանքով հազարավոր մարդիկ փախստականներ դարձան: Այդ հանցագործություններն Ադրբեջանի իշխանությունների կողմից դեռևս համարժեք հետաքննության չեն ենթարկվել, դրանց կազմակերպիչներն ու իրագործողներն ուղղակի ազատ են արձակվել, որոնցից շատերը ներկայումս ադրբեջանական կառավարության անդամներ են», – ասել է Շիֆը:

Այս առնչությամբ կոնգրեսականը վկայակոչում Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության այնժամ առաջնորդ Հիդայաթ Օրուջևի հնչեցրած սպառնալիքները հայկական բնակչության հասցեին, թե եթե վերջիններս չհրաժարվեն Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջներից, ապա 100 0000 ադրբեջանցիներ հարակից բնակավայրերից կներխուժեն նրանց տներ, կբռնաբարեն կանանց և կսպանեն նրանց երեխաներին:

Շիֆը հիշեցրել է, որ հետո Օրուջևը մի շարք պաշտոններ է զբաղեցրել Ադրբեջանի պետական ապարատում՝ ընդհուպ մինչև Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների պետական կոմիտեի նախագահի պաշտոնը:

«Սումգայիթյան ջարդերը սկիզբ դրեցին այդ երկրում բնակվող էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ առավել խոշոր հաշվեհարդարների, որոնցով հետևանքով անհետացման եզրին կանգնեց Ադրբեջանում 450 հազարանոց հայկական հզոր համայնքը, իսկ վայրագությունները գագաթնակետին հասան Լեռնայի Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ սանձազերծած պատերազմով», – ասել է Շիֆը:

Կոնգրեսականի խոսքերով, հակահայկական տրամադրություններն այժմ էլ իշխում են Ադրբեջանում, մասնավորապես երիտասարդության շրջանում, որպես օրինակ բերելով Հունգարիայում հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելն ու հերոսացումը:

Հակահայկական քարոզչության համատեքստում Շիֆն անդրադարձել է նաև վերջին շաբաթներին Ադրբեջանում հայտնի գրող, 75-ամյա Աքրամ Այլիսլիի նկատմամբ մեկնարկած հասարակական ճնշումներին, ազգայնականների կողմից նրա ականջը կտրելու և գրողին այրելու սպառնալիքներին, նախագահ Ալիևի կողմից Այլիսլիին ժողովրդական գրողի կոչումից ու նախագահական թոշակից զրկելու փաստերին:

«Այս խայտառակ գործողություններով ադրբեջանական պետությունը հիշեցրեց ողջ աշխարհին, թե ինչու Արցախի ժողովուրդը պետք է ինքնուրույն որոշի իր ապագան և որ չի կարող նորից գլորվել Ալիևի ճիրանները: Քառորդ դար առաջ տեղի ունեցած Սումգայիթյան ջարդեր նշանավորեցին առավել մեծ ոճրագործությունների կանխատեսումները», – եզրափակել է Շիֆը:

Panorama.am

Դիտվել է 778 անգամ:
Print Friendly

Leave a Reply