Պատանի հայ դյուցազնը` Եվրոպայի փոխչեմպիոն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 6, 2010 15:23

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում առաջին մեդալները նվաճեց Հայաստանի պատվիրակը: 56 կգ քաշայինների պայքարում երկամարտում արծաթե մեդալակիր դարձավ Սմբատ Մարգարյանը` 255 (109+146) կգ: 17-ամյա հայ մարզիկը հանդես էր գալիս B խմբում: Այդ է պատճառը, որ նա մրցելույթն ավարտել էր և սպասում էր, թե ինչպես հանդես կգան A խմբի մրցակիցները: Սմբատը պոկում վարժությունում բարձրացրել էր 102 կգ, 107 կգ, 109 կգ, հրում վարժությունում` 140 կգ, 146 կգ, և չէր կարողացել հաղթահարել 150 կգ-ոց ծանրաձողը: Սմբատն այս քաշային կարգում հանդես եկող 16 ծանրորդների մեջ տարիքով ամենափոքրը և անձնական քաշով ամենաթեթևն էր` 55,35 կգ: Եվ նրան միայն 1 կգ-ով շրջանցել հաջողվեց  Բելառուսի ներկայացուցիչ Վիտալի Դերբենյովին` 256 (116+138) կգ: Այսպիսով, պատանի հայ մարզիկը երկամարտում դարձավ Հին աշխարհամասի փոխչեմպիոն: Իսկ հրում վարժությունում Հայաստանի ներկայացուցիչն արժանացավ փոքր ոսկե մեդալի: Սա պատանի ծանրորդի համար մեծ նվաճում է: Ի դեպ, նա թարմացրեց Եվրոպայի պատանիների ռեկորդները: Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես էր գալիս Արսեն Թամրազյանը: 27-ամյա հայ մարզիկը 9-րդն էր` 238 (106+132) կգ:

Ապրիլի 7-ին մրցահարթակ դուրս կգա 69 կգ քաշային Մելինե Դալուզյանը, իսկ ապրիլի 8-ին` Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ):

Մինչև մրցումների մեկնարկը Մինսկում անցկացվել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի ընդլայնված համաժողովը: Որոշվել է, որ 2011-ի աշխարի առաջնությունը կայանալու է Փարիզում, իսկ Եվրոպայի առաջնությունը` Կազանում: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան նախապես ցանկություն էր հայտնել Երևանում հյուընկալելու 2011-ի Եվրոպայի երիտասարդների առաջնության մասնակիցներին, սակայն չի հաստատել այդ: Այժմ Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան նոր մրցավայր է փնտրում:

Դիտվել է 1653 անգամ:
Print Friendly

Leave a Reply