Բռնաբարե՞լ է, թե՞ զրպարտել

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | March 1, 2013 11:09

Իրեն բռնաբարելու և պարբերաբար սպառնալիքներ տալով ինքնասպանության փորձի հասցնելու վերաբերյալ ոստիկանությունում կեղծ տեղեկություններ տալու համար ամբաստանյալի աթոռին է հայտնվել Կարինեն (անունը փոխված է):

Հարուցված քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ նա 2009թ. ծանոթացել է Արմենի (անունը փոխված է) հետ, որից հետո սկսել են ընկերություն անել: Այդ ժամանակ Արմենը վարձակալությամբ բնակվել է Երևանի Սարիթաղ թաղամասում, իսկ Կարինեն սովորել է մայրաքաղաքի քոլեջներից մեկում և, դասերն ավարտելուց հետո, հաճախակի այցելել է նրա բնակարան, օգնել տան գործերում` մաքրություն արել, լվացել Արմենի հագուստները, ճաշ պատրաստել: Սիրել են իրար և հաստատապես որոշել, որ հետգայում պետք է ամուսնան: 2010թ. կեսերից զույգի հարաբերությունները ավելի են մտերմացել եւ սկսել են նաեւ սեռական հարաբերություն ունենալ նախ ոչ ավանդական, ապա նաեւ ավանդական եղանակով:

Արմենն իր ընկերուհուն ծանոթացրել է նաև  ծնողների հետ, իսկ 2010թ. աշնանը ամուսնության նպատակով Կարինեի ձեռքը խնդրելու համար, մոր հետ գնացել են նրա տուն, սակայն աղջկա ծնողները հրաժարվել են ` պատճառաբանելով, որ չեն ցանկանում, որ իրենց երեխան երկար ժամանակ նշանված մնա: Զույգը շարունակել է ընկերություն անել:

2011թ. օգոստոս ամսին Կարինեն, ըստ քր. գործի նյութերի, համացանցի միջոցով ծանոթացել է Երևանի բնակիչ Վարդանի (անունը փոխված է) հետ, ինչի մասին Արմենը չի իմացել: 2011թ. նոյեմբերին Կարինեի ձեռքը խնդրելու նպատակով, Արմենն իր ծնողների հետ գնացել է նրա տուն, սակայն վերջինիս ծնողները կրկին մերժել են: 2011թ. վերջերին և 2012թ. հունվարի սկզբներին Կարինեն  հանդիպել է Վարդանի հետ, ինչի մասին հայտնի է դարձել Արմենին, որից հետո վերջինս խզել է հարաբերությունները աղջկա հետ:

Դարձյալ ըստ առաջադրված մեղադրանքի, Կարինեն գիտակցելով, որ իր կուսաթաղանթի ամբողջականության խախտված լինելու հանգամանքը, ի վերջո, հայտնի կդառնա ծնողներին, բացի այդ, գիտակցելով, որ նման պայմաններում չի կարող ամուսնանալ Վարդանի հետ, 2012թ. հունվարի 14-ին` ժամը 18:00-ի սահմաններում, ածելիով կտրել է երկու ձեռքի երակները` իր առողջությանը պատճառելով թերթև վնաս, ապա ծնողներին, այնուհետև ՀՀ ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում բացատրություն տվել, թե Արմենը բռնաբարել է իրեն և պարբերաբար սպառնալիքներ տալով, հասցրել ինքնասպանության փորձի`գիտակցելով հանդերձ, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է:

Հիշյալ արարքի համար Կարինեին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշով, այսինքն` հանցագործության մասին սուտ մատնության համար, որը զուգորդվել է անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով:

2012թ. սեպտեմբերի 13-ին ամբաստանյալի պաշտպան Ա. Կարապետյանը գրավոր միջնորդություն է ներկայացրել Մասիսի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին: Պատճառաբանությունը հետեւյալն է`  նախաքննության, և թե դատաքննության ընթացքում Կարինեն ցուցմունքներ է տվել այն մասին, որ Արմենը սպառնացել է, դաժան վերաբերմունք  ցուցաբերել, պահանջել է հանդիպել և սեռական հարաբերություն ունենալ իր հետ` հակառակ դեպքում սպառնալով համացանցում տարածել Կարինեի մերկ լուսանկարները, կատարվածի մասին պատմել բարեկամներին ու համագյուղացիներին, որի պատճառով հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվելով և վախենալով  դիմել է ինքնասպանության փորձի:

Պաշտպանը միջնորդել է փորձագետներին առաջադրել հետևյալ հարցերը.

1. Արդյոք դեպքին նախորդող ժամանակահատվածում Արմենի գործողություններն ուղղակի, անմիջական պատճառահետևանքային կապ ունե՞ն Կարինեի ինքնասպանության փորձի հասցնելու հետ, թե ոչ:
2. Արդյոք Կարինեն գիտակցե՞լ է, որ իր կողմից ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնին տրամադրված տեղեկատվությունը կեղծ է:

ՈՒշագրավ է, որ դատարանն իր 13.09.2012թ. որոշմամբ  բավարարել է պաշտպանի հիշյալ միջնորդությունը, իսկ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ից եզրակացությունը ստանալուց հետո մի քանի նիստում քննելով գործը, անցել դռնփակ ընթացակարգով դատաքննության:

 

Հեղինակ:

– See more at: http://pastinfo.am/hy/node/9314#sthash.Pen06Cty.dpuf

Դիտվել է 913 անգամ:
Print Friendly

Leave a Reply