Սումգայիթյան ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բուլղարիայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2013 22:33

Փետրվարի 24-ին Սոֆիայի «Երեւանյան» պուրակում տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակ զետեղելու արարողություն` ի հիշատակ Սումգայիթի անմեղ զոհերի:
Արարողությանը ներկա էին ԲՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Բուլղարիայի Հայ Առաքելական Եկեղեցու Բուլղարիայի Թեմի Առաջնորդական տեղապահ վարդապետ Տեր Աբգար Հովակիմյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Թեմական Խորհրդի Ատենապետ Ռուբեն Գրիգորյանը, Սոֆիայի եկեղեցական եւ թեմական խորհրդի ղեկավարներ եւ անդամներ, հայկական կրթամշակութային, երիտասարդական, բարեգործական եւ հասարակական այլ կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, մտավորականներ:
Արարողությունից հետո Սոֆիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան սուրբ պատարագ:
Նույն օրը հոգեհանգստյան պատարագներ մատուցվեցին նաեւ Բուլղարիայի Պլովդիվ, Վառնա եւ Բուրգաս քաղաքների եկեղեցիներում:
Փետրվարի 27-ին Բուլղարիայում գործող «Հայ դատ» հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան` «Սումգայիթ. ողբերգությունից 25 տարի անց» խորագրով: Զեկույցներով հանդես եկան բուլղարահայ եւ բուլղար մտավորականներ ու գիտնականներ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը: Իր ելույթում դեսպանը նշեց, որ Սումգայիթը դարձել է Հայաստանի հետ վերամիավորման պահանջով Արցախի հայության օրինական կամարտահայտման պատասխանը եւ ամբողջ խորհրդային շրջանում ադրբեջանական իշխանությունների վարած հայատյաց քաղաքականության մարմնացումը` ընդգծելով, որ Սումգայիթի ջարդերին մասնակցած ադրբեջանցի հրոսակները ոչ միայն չդատապարտվեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից, այլեւ արժանացան պետական բարձր պարգեւների ու պաշտոնների: Շարունակելով իր խոսքը` դեսպանը զուգահեռ անցկացրեց` նշելով, որ 25 տարի անց, ի դեմս Սաֆարովի տխրահռչակ գործարքի, Ադրբեջանը հերոսացնելով մարդասպանին այսօր եւս շարունակում է այդ նույն քաղաքականությունը: «Մինչդեռ Սումգայիթի մասին ճշմարտությունը հարկավոր է իմանալ այնպես, ինչպես Նյուրնբերգյան դատավարության նյութերն են անհրաժեշտ մարդուն, որպեսզի հնարավոր լինի խուսափել նոր ցեղասպանություններից»,-իր խոսքն ամփոփեց դեսպան Սհոյանը:
Զեկույցներով հանդես եկան նաեւ բուլղարահայ եւ բուլղար մտավորականներ ու գիտնականներ, որոնք, հանգամանորեն անդրադառնալով ոչ միայն բուն սումգայիթյան իրադարձություններին, այլեւ հայ ազգաբնակչության նկատմամբ պարբերաբար իրականացվող էթնիկ տեղահանման քաղաքականությանը, դատապարտեցին սումգայիթյան ջարդերը եւ միավորվեցին մի ընդհանուր առաջարկի շուրջ` կազմել դատապարտող հայտարարագիր եւ հրապարակել այն:

Դիտվել է 1927 անգամ:
Print Friendly

Leave a Reply