Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը նոր ֆիլմերով և ընդգրկուն ծրագրով

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 28, 2013 16:42

Բրիտանական ֆիլմերի ամենամյա 11-րդ փառատոնն այս տարի կանցկացվի մարտի 2-ից-11-ը և նվիրված կլինի Ջրային համագործակցության միջազգային տարվան: Բրիտանական ինը ֆիլմերը Մոսկվա և Նաիրի կինոթատրոններում ցուցադրվելուց հետո կներկայացվի նաև մարզերում: Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը կազմակերպում է Բրիտանական խորհուրդը` Երևանում Բրիտանական դեսպանատան և ԱրմենՏել ՓԲԸ-ի (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ: Վերջին տարիների արտադրության բրիտանական ֆիլմերի ցուցադրությունից բացի, կազմակերպվելու են դասընթացներ և մրցույթներ, փառատոնը կշրջի նաև երեք մարզում` առաջին անգամ ընդգրկելով հանրապետության տարբեր անկյուններում տեղակայված զորամասերը:

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մարտի 2-ին ժամը 15.00-ին Մոսկվա կինոթատրոնում «Ակվարիում» ֆիլմով: Անդրեա Արնոլդի այս ֆիլմն արժանացել է ժյուրիի մրցանակին Կաննի փառատոնում և BAFTA մրցանակին` որպես լավագույն բրիտանական ֆիլմ: Մարտի 2-ից – 7-ը ֆիլմերը կցուցադրվեն Մոսկվա կինոթատրոնում (16.00-ին անգլերեն, իսկ 18.00-ին հայերեն ենթագրերով), իսկ մարտի 8-ից-10-ը Նաիրի կինոթատրոնում (14.30-ին անգլերեն, իսկ 16.30-ին հայերեն ենթագրերով): Մուտքն ազատ է:

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան 2013 թվականը հռչակել է Ջրային համագործակցության միջազգային տարի: Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը, միանալով այս նախաձեռնությանը, ներկայացնում է ֆիլմեր նվիրված թեմայի բարձրաձայնմանը: Իսկ մարտի 11-ին Երևանում փառատոնի փակումը տեղի կունենա ջրի սակավության խնդիրներին նվիրված հայ ռեժիսորների կարճամետրաժ ֆիլմերի և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տրամադրած վավերագրական ֆիլմերի ցուցադրությամբ: Հայ ռեժիսորներն իրենց աշխատանանքերը նկարահանել են դեռ ամիսներ առաջ Բրիտանական խորհրդի հայտարարած «Ֆիլմ + H20» կինո-մրցույթի շրջանակում: «Ֆիլմ + H20» մրցույթի նպատակն է ֆիլմի միջոցով բարձրաձայնել մեր հասարակությունում առկա ջրի հետ կապված խնդիրներն ու մտահոգությունները:  Այնուհետև մրցույթի ֆիլմերը կցուցադրվեն Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, ուր և Բրիտանական խորհուրդը և ԱրմենՏել ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) կպարգևատրեն լավագույնների հեղինակներին:

Հատուկ ծրագրեր և մարզային ցուցադրություններ

Մարտին 4-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կցուցադրվի Ալֆրեդ Հիչքոքի «Կենվորը» ֆիլմը փառատոնի հետահայաց խորագրի ներքո, որից հետո տեղի կունենա քննարկում և վարպետության դասընթաց փառատոնի հյուր` կինոքննադատ Յան Հեյդն Սմիթի մասնակցությամբ: Մարտի 11-ից-15-ը ֆիլմերը կցուցադրվեն Երևանի Պետական Համալսարանում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում, Հայաստանի պետական ճարտագիտական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում: Մարտի 16-ից մինչև մարտի 24-ը ֆիլմերը կցուցադրվեն Գորիսում, Աշտարակում և Հրազդանում, որից հետո մինչև ապրիլի 25-ը կներկայացվեն զորամասերում:

Դասընթացներ և մրցույթներ 

Փառատոնի հատուկ հյուրն է Միացյալ Թագավորությունից Յան Հեյդն Սմիթը, ով 2007-ից Միջազգային կինոուղեցույցի (International Film Guide) խմբագիրն է: Գրել է բազմաթիվ հրատարակությունների համար,

հաճախ հանդես է եկել հեռուստատեսությամբ և ռադիոյով: Reuters նորությունների գործակալությունում 11 տարի աշխատելուց հետո 2006-ին հեռանալով այնտեղից` ազատ հեղինակ և խմբագիր է եղել: Գրել է, ի թիվս այլոց, Time Out, Vertigo, Electric Sheep և Sight and Sound պարբերականների համար: Նաև «24 կադր» շարքի (24 Frames) խմբագիրն է: Համադրում և վարում է The Screen Salon-ը, որն ամսական կինոֆորում է Լոնդոնի կինոթատրոններում և հանդիսատեսներին կինոմշակույթն ուսումնասիրելու առիթ է ընձեռում: Կինոանցուդարձի մասին Sky News-ով ցուցադրվող Cinepolitics-ի մշտական հյուրերից է:

Յան Հեյդն Սմիթը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի աջակցությամբ մարտի 3-ից -11-ը կանցկացնի կինոգրախոսականի դասընթաց: Բրիտանական խորհուրդն այս տարի ևս կանցկացնի գրախոսականի մրցույթ:

Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Երևան, Երկիր Մեդիա, Լայմ և Շողակաթ հեռուստաընկերությունները և Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Արձագանք ռադիոկայանը, Ռադիո Հայը, Ռադիո FM 105.5-ը, ArmRadio FM 107-ը, Լրատվական 106.5 ռադիոն և Ռադիո Ջանը:  Մարզերում փառատոնին կաջակցեն Սոսի, Լաստ, և  Հրազդան հեռուստաընկերությունները:

Դիտվել է 1468 անգամ:
Print Friendly

Leave a Reply