“Ջավախք” երիտասարդական միությունն ու Ջավախքի մտավորականների ֆորումը հայտարարություն են տարածել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 28, 2013 16:30

Ս/թ. փետրվարի 27-ին հայկական ԶԼՄ-ում և սոցիալական կայքերում տարածվեց տեղեկատվություն ԵՊՀ տարածքում տեղի ունեցած տհաճ միջադեպի մասին, որին ակամա մասնակից էին դարձել ջավախքցի մի քանի ուսանողներ: Ոմն Գևորգ Մելքոնյանի մտածված սադրանքով այդ ուսանողների չգիտակցված և սխալ քայլը պետք չէ ընդհանրացնել և տարածել Մայր Հայրենիքում ուսումնառող ջավախքցի մյուս ուսանողների վրա: Ջավախքցի ուսանողները մշտապես աչքի են ընկել իրենց պատվախնդրությամբ, ուսումնատենչությամբ և հասարակական ակտիվությամբ: Ջավախքցին հայ ժողովրդի անբաժան և արժանավոր մասնիկն է: Բոլոր ժամանակներում ջավախքցիները նշանակալի դերակատարում են ունեցել Մայր Հայրենիքի հասարակական, քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային ասպարեզներում:
Ջավախքցին Շառլ Ազնավուրն է, Ջիվանին է, Վահան Տերյանն է, Վարդգես Սուրենյանցն է, Հակոբ Կոջոյանն է, Լուսինե Զաքարյանն է, Կարպ Խաչվանքյանն է, գուսան Հավասին է, Դերենիկ Դեմիրճյանն է, Գուրգեն Դալիբալթայանն է և հայ ժողովրդի բազմաթիվ արժանավոր այլ զավակներ:
Մեզ համար առնվազն տարօրինակ է, որ ինչ-որ մի միջադեպ հիմք ընդունելով և տուրք տալով գավառամտությանը, կրկին տրվում ենք մեր ազգի համար խիստ վնասակար հատվածականության դրսևորումներին:
Մենք դատապարտում ենք այս տխուր իրողությունը:
Մենք դատապարտում ենք ԵՊՀ-ի մոտ տեղի ունեցած միջադեպը:
Մենք դատապարտում ենք ուսանողությանը քաղաքական ինտրինգների մեջ ներքաշելու գործողությունները:
Մենք հույս ունենք, որ այս միջադեպի սադրիչներն արժանավույնս կպատժվեն:

<> երիտասարդական միություն
Ջավախքի մտավորականների ֆորում

Դիտվել է 746 անգամ:
Print Friendly

Leave a Reply