Ի՞նչ հարցեր կարող են դրվել տեղական հանրաքվեի

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | March 7, 2013 7:04

Ցանկացած ժողովրդավարական և իրավական պետության կառուցման անկյունաքարային սկզբունքներից մեկը ժողովրդաիշխանությունն է, որը դրսևորվում է ներկայացուցչական և անմիջական եղանակներով: Վերջինս ժողովրդաիշխանության բարձրագույն ձևն է, որն արտահայտվում է հանրաքվեների ու ընտրությունների միջոցով:

Հանրաքվեների շարքում կարևոր ու անփոխարինելի դեր ունեն տեղական հանրաքվեները:

«Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2002 թ. փետրվարի 6-ին, որում տրվում է  դրա բնորոշումը. «Տեղական հանրաքվեն տվյալ համայնքի բնակիչների համայնքային նշանակության կարևոր հարցերով քվեարկությունն է»:

Տեղական հանրաքվեն անցկացվում է ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ: Տեղական հանրաքվեի դրված յուրաքանչյուր հարցի համար հանրաքվեի յուրաքանչյուր մասնակից ունի մեկ ձայնի իրավունք:

Տեղական հանրաքվեին մասնակցությունն ազատ է: Հանրաքվեի մասնակիցների կամքի արտահայտման վրա հսկողությունն արգելվում է:

Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի համապատասխան համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող և փաստացի բնակվող, 18 տարին լրացած յուրաքանչյուր ոք:

«Տեղական հանրաքվեի մասին» օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված իրավունքները և ազատությունները տարածվում են նաև ընտրական իրավունք ունեցող բոլոր անձանց վրա:

Տեղական հանրաքվեին չեն կարող մասնակցել դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող անձինք:

«Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Տեղական հանրաքվեի կարող են դրվել Սահմանադրությամբ նախատեսված և օրենքով տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությանը վերապահված, ինչպես նաև օրենքով նախատեսված հարցերը»:

Տեղական հանրաքվեի չեն կարող դրվել՝

ա) Սահմանադրությամբ կամ օրենքով տեղական ինքնակառավարման մարմինների բացառիկ իրավասությանն ուղղակիորեն վերապահված հարցերը.

բ) մարդու և քաղաքացու իրավունքներին, ազատություններին ու պարտականություններին, դրանց իրականացումն ապահովող սահմանադրական երաշխիքների վերացմանը կամ սահմանափակմանը վերաբերող հարցերը.

գ) պետական մարմինների կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորություններին առնչվող հարցերը.

դ) համայնքի ղեկավարի աշխատակազմի ձևավորմանը վերաբերող հարցերը.

ե) համայնքի բյուջեի ընդունման կամ փոփոխման, ինչպես նաև համայնքի ֆինանսական պարտավորությունների կատարման կամ փոփոխման մասին հարցերը.

զ) համայնքի սեփականության օտարման մասին հարցերը.

է) բնակչության առողջությունն ու անվտանգությունն ապահովող արտակարգ և շտապ միջոցառումներ ձեռնարկելու մասին հարցերը.

ը) պատմության, մշակույթի, բնության հուշարձաններին և արգելոցներին վնաս հասցնող հարցերը:

Տեղական հանրաքվեի դրվող հարցը պետք է ձևակերպվի այնպես, որ հնարավոր լինի դրան տալ միանշանակ պատասխան:

 

 

Ավետիք  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 2941 անգամ:
Print Friendly

Leave a Reply