Պահանջվում է մեկ միլիարդ դոլար

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | March 6, 2013 7:00

Երկար ժամանակ խոսվում է նախկին խորհրդային հանրապետությունների` այժմ անկախ երկրների ֆուտբոլի միասնական առաջնության անցկացման մասին: Ոմանք թերահավատորեն են մոտենում այդ մտահղացմանը, սակայն հնարավոր է, որ այն իրականանա: Նախատեսվում է, որ առաջնությունը մեկնարկի 2014-ի աշնանը: Ուշագրավ է, որ  ստուգատեսի կազմակերպման բյուջեն շատ մեծ է` մեկ միլիարդ դոլար:

Ի դեպ, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչները սկզբից էլ դեմ են եղել միասնական առաջնության կազմակերպմանը: Փոխարենը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստակամություն է հայտնել մասնակից ունենալու: Այլ հարց է, որ դեռ պարզ չէ, թե մերոնք ինչպես  պետք է դա անեն:

Օրերս Մոսկվայում նիստ է անցկացրել ԱՊՀ միասնական առաջնության կազմկոմիտեն: Այն փակ է եղել լրագրողների համար: Հրավիրվել են հիմնականում ռուսական և ուկրաինական ակումբների ներկայացուցիչները: Ի դեպ, ռուսական և ուկրաինական  մի շարք ակումբներում լուրջ դերակատարություն ունեն մեր մի շարք հայրենակիցներ: Նիստում Կրասնոդարի «Կուբան» և Մոսկվայի «Սպարտակ» ակումբների ներկայացուցիչներն են եղել` Օլեգ Մկրտչյանը և Ջիվան Չելոյանցը:

Նախատեսվել է, որ առաջնությունն անցկացվի երկու խմբով, և դրանցում ընդգրկվեն 18-ական թիմեր: Ընդ որում, բարձրագույն խմբում խաղալու են Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնություններում 1-9-րդ տեղերը գրավողները: Բանակցելու են, որ առաջնությանը մասակցեն նաև ԱՊՀ երկրների թիմերը:

Ուշագրավն այն է, որ գայթակղիչ փողեր են սպասում ոչ միայն առաջնությունում աչքի ընկած թիմերին: Մասնավորապես, եթե 1-ին, 2-րդ, 3-րդ մրցանակակիրները ստանալու են 92 մլն, 74,3 մլն, 61,2 մլն դոլար, ապա  վերջին` 18-րդ հորիզոնականում հայտնված թիմը կարող է վաստակել 25,6 մլն դոլար: Հետաքրքիրն այն է, որ ամեն տուրի հաղթող թիմը ստանալու է 370 հազար դոլար: Ոչ-ոքի արդյունքի դեպքում ակումբները հարստանալու են 120 հազար դոլարով:

Կազմակերպիչներն այն կարծիքին են, որ նոր ստուգատեսն ավելի մեծ հետաքրքրություն կներկայացնի, քան Եվրոպայի չեմպիոնների լիգայի մրցաշարը: Ի դեպ, վերջինիս 2012-ի հաղթող «Չելսին» (Լոնդոն) որպես պարգև ստացել էր 80 մլն դոլար, այսինքն` ավելի քիչ, քան նախատեված է միասնական առաջնության հաղթողի համար:

Ինչ վերաբերում է արձագանքին, ապա տեսակետներն իրարամերժ են: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) ղեկավարությունը կտրականապես դեմ է, որ այդ ձևաչափով առաջնություն անցկացվի: Մինչդեռ Եվրոպայի ֆուտբոլի միության (ՈւԵՖԱ) ղեկավարությունը պատրաստ է հարցը քննարկել այն պայմանով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիաները կարողանան ընդհանուր հայտարարի գալ և միավորվել: Թե ինչ կլինի այս ամենի վերջը, կպարզվի առաջիկայում: Հարց է նաև, թե ինչպես պետք է ճարվի մեկ միլիարդ դոլարը:

Մի բան է պարզ, որ եթե Հայաստանին որևէ տարբերակով հնարավորություն տրվի թիմ ունենալու այդ ստուգատեսում, դա փրկություն  կարող է դառնալ և խթանել, որ հայկական ակումբային ֆուտբոլը զարգանա:

Խորհրդային տարիներին Երևանի «Արարատի» ԽՍՀՄ առաջնության ու եվրոպական ակումբային մրցաշարերի շրջանակում անցկացրած հանդիպումներին մայրաքաղաքի 70 հազար նստատեղ ունեցող «Հրազդան» մարզադաշտը լեփ-լեցուն էր լինում: Իսկ երբ 1975-ի մարտի 19-ին «Արարատը» Եվրոպայի չեմպիոնների գավաթային մրցաշարի շրջանակում մրցեց իր կազմում աշխարհի 5 չեմպիոն ունեցող, այն ժամանակվա  չեմպիոնների մրցաշարի գավաթակիր Մյունխենի «Բավարիայի» հետ և հաղթեց 1:0 հաշվով, հանդիսականների թիվը հասավ շուրջ 100 հազարի:

Առայժմ միայն երազել կարելի, որ կարող են կրկին նման բաներ կատարվել: Ցավոք, Հայաստանի ֆուտբոլի առաջնության որոշ խաղերին մարզադաշտերի տրիբունաներում անգամ մի քանի հարյուր մարդ չի լինում: Հայկական ֆուտբոլային ակումբների տերերն էլ միջազգային չափանիշներով բյուջետային ծախսեր կատարելու հարցում գերադասում են ձեռնպահ մնալ:

Դիտվել է 1981 անգամ:
Print Friendly

Leave a Reply