Ինչո՞ւ են ձախողվում Հայաստանի շախմատի ակումբային առաջնությունները

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | March 3, 2013 7:36

Հայաստանը շախմատային երկիր է համարվում: Մեր շախմատիստները նվաճել են աշխարհի ամենահեղինակավոր թիմային մրցաշարերի չեմպիոնների տիտղոսները: Սակայն տարօրինակ է, որ վերջին անգամ Հայաստանի ակումբային առաջնություն կայացել է միայն երեք տարի առաջ: Այդուհանդերձ, Եվրոպայի գավաթի խաղարկության մրցաշարերում Հայաստանը  պարբերաբար 1-2 թիմ ներկայացրել է: Այս տարի էլ խաղալու է «Միկա» ակումբի կանանց հավաքականը: Ընդ որում, մեր թիմը  լուրջ նպատակներով է մեկնելու մրցավայր:

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Եվրոպայի ակումբային առաջնությունը կայանալու է Հունաստանի Հռոդոս կղզում: Հիշեցնենք, որ 2012-ին Իսրայելի Էյլաթ քաղաքում կայացած ստուգատեսում «Միկայի» մարզուհիները դարձել են արծաթե մեդալակիր` զիջելով միայն աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիներից համալրված  Մոնտե Կարլոյի հավաքական թիմին: Իսկ դրանից առաջ հռչակվել են չեմպիոն և բրոնզե մեդալակիր:

Ցավալին այն է, որ մեր երկրից միայն մեկ թիմ է հանդես գալու Հունաստանում: Մինչդեռ Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնություններ անցկացնելու դեպքում իրավունք կունենայինք մրցավայր գործուղելու առնվազն 2-ական թիմեր: Փաստն այն է, որ վերջին տարիներին Եվրոպայի գավաթային մրցաշարում տղամարդկանց հայկական  գեթ մեկ թիմ չի խաղում:

Պատճառն այն է, որ մեր երկրում ակումբային շախմատն անտեսված է, չի զարգանում: Հայաստանի ուժեղագույն շախմատիստները` Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և մյուսները շարունակում են խաղալ այլ երկրների թիմերում և քանիցս չեմպիոն և մրցանակակիր են դարձել: Օրինակ` այժմ Գերմանիայի շախմատի բարձրագույն խմբի առաջնության առաջատարը «Բադեն Բադեն» ակումբն է, որի կազմում են Արոնյանը և Մովսիսյանը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, «Միկա» շախմատի ակումբի գործադիր տնօրեն Աշոտ Վարդապետյանն այսպես մեկնաբանեց ստեղծված իրավիճակը. «Հայաստանում ակումբային շախմատը չի զարգանում: Նախկինում տարբեր մարզընկերությունները` «Դինամոն», «Սպարտակը», «Աշխատանքը» և այլք, շախմատի թիմեր ունեին: Մասնավորապես, ժամանակին Հայաստանում հզոր շախմատի ակումբ ուներ «Դինամոն», որը ԽՍՀՄ առաջնություններում բարձր տեղեր էր գրավում: Այժմ մարզական այդ կազմակերպությունները հետաքրքրություն չեն դրսևորում շախմատի ակումբ պահելու հարցում: Ցավոք, չկան հովանավորներ, որոնք ֆինանսներ հատկացնեին, որպեսզի շախմատի թիմեր կազմվեն և գործուղվեն առաջնությանը մասնակցելու: Մինչդեռ, եթե մեր երկրում աշխատող բջջային կապի երեք խոշոր օպերատորները թիմեր հանեին, ապա վիճակը կտրուկ կփոխվեր: Նույնը վերաբերում է նաև ֆինանսական զգալի միջոցներ ունեցող ֆիրմաներին: Ներկայումս միայն «Միկա» շախմատի ակումբն է հետևողականորեն զբաղվում այդ հարցերով: Այդուհանդերձ, կան շախմատի ավանդական կենտրոններ: Օրինակ` Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի մարզական ակումբը թիմ ունի, այդ բուհում են ուսանում Հայաստանի երիտասարդ շնորհալի շախմատիստներից շատերը: Շախմատային կառույց է նաև Հայաստանի շախմատի ակադեմիան: Այդուհանդերձ, ակումբն այլ հասկացողություն է: Հիմնախնդիրը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ անուղղակի է կապված: Ամեն տարի ֆեդերացիան պլանավորում է, որ պետք է առաջնություն անցկացվի, սակայն չի արվում, որովհետև դա կազմակերպություններին քիչ է հետաքրքրում»:

Ինչ խոսք, այսպիսի վիճակը չի կարող չմտահոգել: Բանն այն է, որ Հայաստանում շատ  բարձրակարգ շախմատիստներ կան: Գրոսմայստերների թիվը մեր երկում անցնում է չորս տասնյակից: Հնարավոր է, որ մի քանի թիմ համալրվի, որոնք կմրցեն իրար հետ: Ընդ որում, փորձառու գրոսմայստերների կողքին կարող են խաղալ և վարպետությունը կատարելագործել մեր երիտասարդ շախմատիստները:

Հայաստանի շախմատի ֆեդերացիան առաջնության կազմակերպումն ի վիճակի է բարձր մակարդակով իրականացնել, սակայն ակումբների բացակայության պատճառով արդեն մի քանի տարի է` դրանք ձախողվում են:

Գործնականում Հայաստանում շախմատի միայն մեկ, այն էլ կանանց ակումբ կա` «Միկան», որն էլ մեր երկիրը կանոնավոր ներկայացնում է միջազգային ստուգատեսներում: Ընդ որում, այն ավելի ուժեղ կազմ ունի, քան Հայաստանի կանանց ազգային հավաքականը: Եթե վերջինս մասնակցի Եվրոպայի ակումբային առաջնությանը, ապա շատ ավելի սահմանափակ հնարավորություններ կունենա: Իսկ «Միկան» առնվազն երկու շախմատիստուհի է հրավիրում այլ երկրներից, որպեսզի համալրի կազմը, լուրջ մրցակցություն ցույց տա աշխարհի ուժեղագույն մարզուհիներով համալրված Մոնտե Կարլոյի և Ռուսաստանի, Ուկրաինայի, այլ երկրների թիմերին: Մինչդեռ, եթե ակումբային շախմատը Հայաստանում զարգանա, ապա մեր երկրում նպաստավոր պայմաններ կստեղծվեն նաև կանանց շախմատը զարգացնելու համար:

Վարդապետյանը փակուղուց  դուրս գալու երկու տարբերակ առանձնացրեց: «Առաջինն այն է, որ հնարավորություններ ունեցող մարզական կազմակերպություններին պարտադրվի, որ շախմատի ակումբներ ունենան, նաև թիմեր ստեղծեն: Դա ոչ ցանկալի ճանապարհ է: Ստիպողական մեթոդները հիմնականում չեն արդարանում: Ավելի ճիշտ կլինի, որ թիմեր ստեղծեն ֆինանսական հնարավորություն ունեցող շահագրգիռ մարմինները: Դրանց կարող են միանալ նաև շախմատի կենտրոնների, խոշոր քաղաքների` Գյումրիի, Վանաձորի թիմերը և այն: Եվ դա ամենևին էլ չի նշանակի, որ պարտավոր ենք Եվրոպական մրցաշարին մի քանի թիմ գործուղել, և անհարաժեշտ է մեծ գումարներ ծախսել: Եթե  Հայաստանի առաջնություններ անցկացվեն, ապա կյանքը ցույց կտա, թե ինչ ուղղությամբ պետք է զարգանա ակումբային շախմատը»,- ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահը:

Անցյալ տարի, մեր ուժեղագույն շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանից և Լիլիթ Մկրտչյանից բացի, Հայաստանի հավաքականի կազմում էին Հնդկաստանի ներկայացուցիչ Հարիկա Դրոնավալին և վրացուհի Լեյլա Ջավախիշվիլին: Նախնական տրամադրությամբ` այս տարվա եվրոպական փորձությունում «Միկան» հանդես կգա անփոփոխ կազմով:

Ի դեպ, Դրոնավալին 2012-ի աշխարհի կանանց առաջնությունում մեծ հաջողության է հասել: Նա կիսաեզրափակչում զիջեց միայն աշխարհի նախկին չեմպիոնուհի, բուլղարացի Անտուանետա Ստեֆանովային: Այդ մարզուհու հետ մերոնք մեծ հույսեր են կապում: Նա տևական ժամանակ է, որ խաղում է «Միկայի» կազմում և դարձել է հայկական թիմի լիիրավ անդամ:

Հետաքրքիր է, որ Դրոնավալին ցանկություն ուներ խաղալու նաև Հայաստանի հավաքականում: Վարդապետյանը տեղեկացրեց, որ շախմատիստուհին ցանկանում էր ուսումը շարունակել որևէ բուհում: Հայաստանի տարբեր ուսումնական հաստատություններում մեծ թվով հնդկաստանցի երիտասարդներ են ուսանում: «Այդ ժամանակ առիթը չօգտագործվեց: Եթե Դրոնավալին մեր երկրում սովորեր և համալրեր ազգային հավաքականի կազմը, ապա նա երկար ժամանակ կանցկացներ Հայաստանում, մեր երիտասարդ շախմատիստուհիների կողքին կլիներ: Բայց Հարիկան արդեն  սովորում է Հնդկաստանում: Ընդ որում, նրան հնարավորություն է տրված ազատ գրաֆիկով հաճախելու դասերին, հաճախակի բացակայելու»,- պարզաբանեց Վարդապետյանը:

Ասվեց նաև, որ դեռևս հստակ որոշված չէ, որ Հայաստանից տղամարդկանց թիմ չի մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Հույս հայտնվեց, որ այնուամենայնիվ ամռանը մեր երկրի ակումբային առաջնություն կանցկացվի, և դրանից հետո ամեն ինչ կպարզվի: «Շախմատում հասել ենք մեծ բարձունքների: Հայաստանի ներկայացուցիչները դարձել են նաև Եվրոպայի տղամարդկանց ակումբային առաջնության չեմպիոն: Եվ հնարավորը պետք է արվի, որ մեր երկրի խաղացողներն իրենց ուժերը ցուցադրեն միջազգային մրցասպարեզներում, այդ թվում նաև Եվրոպայի ակումբային առաջնությունում: Ի դեպ, Ադրբեջանի ներկացուցիչները  մի քանի տարի շարունակ  մեծ գումարներ էին ծախսում, և 2012-ին այդ երկրի տղամարդկանց «Սոկար» թիմը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Ընդ որում, թեև Ադրբեջանը մեծ թվով բարձրակարգ շախմատիստներ ունի, այդ երկրի տղամարդկանց ակումբի խաղացողների կեսը դրսից հրավիրված ուժեղագույն շախմատիստներ էին: Եթե 1-2 խաղացողի հրավիրենք, կարող ենք շատ ուժեղ թիմով ներկայանալ մրցավայր»,- եզրափակեց Վարդապետյանը:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչյա Թավադյանը ևս այն կարծիքին է, որ հնարավոր է Հայաստանի շախմատի ակումբային առաջնություններ անցկացնել, միայն պետք է կազմակերպչական հարցեր լուծել: Ընդ որում, մեր երկրի մի քանի մարզպետներ  գլխավորում են իրենց մարզերի շախմատի ֆեդերացիաները, և  Հայաստանի առաջնությանը մասնակցելու համար թիմ գործուղելն անհնարին բան չէ:

 

Դիտվել է 1033 անգամ:
Print Friendly

Leave a Reply