Արցախի հերոսամարտը 1918 թվականին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | March 4, 2013 7:39

Լրացավ արցախյան հերոսամարտի 25-ամյակը: Սակայն ազատագրական պայքարը և պատերազմն Արցախում մոտ 100-ամյա պատմություն ունի...

 Արցախը միշտ եղել է հայ ժողովրդի ազատամարտի կիզակետում: 1918 թ., երբ արևելահայության առաջ կախված էր եղեռնի ու ոչնչացման վտանգը, և հայությունը Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում գոյամարտի էր ելել, Արցախում նույնպես կենաց ու մահու պայքար էր մղում թուրքի դեմ: Արցախն իրավամբ համարվում է Հայաստանի արևելյան դարպասը, հետևաբար կորցնելով Արցախը` հայ ժողովուրդը ոչնչանալու վտանգի տակ կլիներ:

Ձգտելով նվաճել Արևելյան Հայաստանը` թուրքերը, բնականաբար, 1918 թ. այնտեղ կանգ չէին առնելու. նրանց նպատակը Ադրբեջանի ներկայիս տարածքով Միջին Ասիա թափանցելն էր: Իրենց պլանների իրագործման համար նրանք նպաստեցին 1918 թ. մայիսին Ադրբեջան պետության ստեղծմանը: Բայց քանի որ Բաքվում իշխանությունն իր ձեռքում էր կենտրոնացրել Կոմունան` Ստեփան Շահումյանի գլխավորությամբ, թուրք-թաթարներն իրենց նորաստեղծ պետության կենտրոնը հաստատեցին հինավուրց հայկական Գանձակ քաղաքում` Ելիզավետպոլում:

Բնականաբար, թաթարները չպետք է հանդուրժեին իրենց մայրաքաղաքի մատույցներում հայկական Արցախի գոյությունը և նրանց առաջին թիրախը պետք է լիներ Արցախի հայության ընկճումն ու հայկական այդ երկրամասի նվաճումը: Արցախի նվաճումը թաթար մուսաֆաթականների համար ռազմավարական մեծ նշանակություն ուներ: Մուսաֆաթականները, թիկունքում ունենալով ամուր Արցախը, չէին կարող իրագործել «հայկական» Բաքվի նկատմամբ իրենց ծրագրերը: Դա լավ էր հասկանում նաև մուսաֆաթականների խորհրդատուն` Էնվեր փաշայի եղբայր Ֆերիք Նուրի փաշան, որ թուրքական զորքերի հրամանատարն էր և իր առաջ խնդիր էր դրել իր հրամանատարության տակ գործող «Վայրի դիվիզիայով» Բաքվի գրավումից զատ գրավել և հայաթափել Զանգեզուրն ու Արցախը:

Քանի որ նորակազմ Հայաստանի հանրապետությունը դեռևս թույլ ու տրոհված պետություն էր, էական աջակցություն հայկական այս երկրամասերին ցուցաբերել չէր կարող: Դա լավ գիտակցում էին Արցախում, և արցախցին հույսն իր բազկի վրա դնելով` ոտքի կանգնեց:

Արդեն 1918 թ. հունիսին գումարվեց արցախահայության առաջին համագումարը, որտեղ պատգամավորները վճռական որոշում ընդունեցին Արցախը մայր հայրենիքին միացնելու մասին: Քննարկվեցին մի քանի տարբերակներ, անգամ` պահպանել ռուսական կողմնորոշում, բայց երբեք չմիանալ Ադրբեջանին: Համագումարն ընտրեց նաև յոթ հոգուց բաղկացած Արցախի կառավարություն, որի նստավայրը Շուշին էր: Այս ամբողջ ընթացքում Արցախում շարունակ արյունահեղ բախումներ են տեղի ունենում թուրքերի հետ  նույն Նուրի փաշայի սադրանքով: Սակայն հայկական ուժերը, կազմ ու պատրաստ դիմադրության, միշտ արժանի հակահարված են հասցնում թշնամուն:

Դրությունը լարված էր հատկապես 1918 թ. ամռանը: Բերդաձորի շրջանում արյունահեղ մարտեր եղան: Ադրբեջանական բանակը, աջակցություն ստանալով թուրքերից, Սուլթանբեկ Սուլթանովի հրամանատարությամբ փորձեց Բերդաձոր մտնել` մեկուսացնելու համար Արցախը Զանգեզուրից: Թշնամին կարողանում է հաջողության հասնել և նախճիր սարքում հայկական գյուղերում, որին հարյուրավոր հայ գյուղացիներ են զոհ գնում: Ամենասարսափելին այն է, որ թշնամին կարողացավ աքցանի մեջ առնել Արցախը, որն այլևս չէր կարող աջակցություն ակնկալել Հայաստանից:

Իրենց ռազմավարության առաջին մասն իրականացնելուց հետո թուրք-թաթարները վերջնագիր ներկայացրին արցախահայությանը` չենթարկվելու դեպքում  սպառնալով իսպառ կոտորել հայությանը:

Արցախում ծանր դրություն էր: Թուրքերին արդեն հաջողվել էր գրավել Բաքուն ու սրի քաշել տեղի հայությանը: Դրանից հետո թուրքական հրամանատարությունը, իր հիմնական խնդիրը լուծված համարելով, մեծ ուժեր շարժեց Արցախի վրա` ծնկի բերելու հպարտ երկրամասը: Արցախցիները կանոնավոր բանակ չունեին: Թուրքական սպառազինված կանոնավոր զորքերին պիտի դիմագրավեին զենք-զինամթերքի սակավ պաշարով զինված հայ աշխատավորներն ու կամավորական փոքր խմբերը:  Օգնության հույս չկար Հայաստանից, մանավանդ որ Զորավար Անդրանիկը դադարեցրել էր իր արշավանքը դեպի Արցախ:

Բոլոր կողմերից շրջափակված` արցախցիները  սեպտեմբերի 11-ին խորհրդակցություն հրավիրեցին` Համաղարաբաղյան երկրորդ համագումարը, որտեղ որոշում ընդունվեց համախմբել ուժերն ու դիմագրավել թշնամուն: Ժամանակ շահելու և իրավիճակը ճիշտ գնահատելու համար պատգամավորություն ուղարկվեց թուրքական ուժերի հրամանատար Ջամիլ բեյի մոտ: Սակայն բանակցություններն արդյունք չտվեցին, և մի քանի օր անց գումարվեց Համաղարաբաղյան երրորդ համագումարը 78 մասնակիցներով, լսվեց պատգամավորների զեկույցը բանակցությունների վերաբերյալ:  Գնահատելով ստեղծված իրավիճակը` համագումարը որոշեց մասամբ ընդառաջ գնալ թուրքերին, այն է` նրանց թողնել Շուշին, սակայն չզինաթափվել: Ի բախտավորություն հայերի` թուրքական վերջնագրի ժամկետը լրացավ, և հայերը չհասցրին իրագործել ազգակործան սխալ որոշումը:

1918 թ. սեպտեմբերի 22-ին թուրքական բանակը հարձակման անցավ: Թուրքերը ներխուժեցին Վարանդա և ավերեցին երկու տասնյակից ավելի հայկական գյուղեր: Նրանք Արցախի բնակչությանը ցույց տվեցին իրենց ողջ վայրագությունն ու շարժվեցին դեպի Շուշի: Հայերը սպասում էին նման զարգացումների և դիմադրություն կազմակերպեցին: Թուրքական զորքերը ստիպված էին ամեն մետր հողի համար արյուն թափել: Արյունահեղ մարտեր սկսվեցին ողջ Վարանդայում: Այնուամենայնիվ, ուժերն անհավասար էին, և թուրքական բանակը սեպտեմբերի 25-ին գրավեց Շուշին: Գրավելով Արցախի մայրաքաղաքը` թուրքերը զանգվածային ձերբակալություններ սկսեցին, փակեցին հայկական բոլոր հաստատությունները, բնակչության կոտորած ու թալան իրականացրին: Թուրքերը նաև զինաթափեցին շրջակա հայկական գյուղերի բնակչությանն ու բռնագրաված զենքն ուղարկեցին թուրքական գյուղեր` զինելու հայերի դեմ: Սակայն հայ աշխարհազորայինները կարողացան ճանապարհին անակնկալ հարձակումով հետ գրավել զենքն ու զինամթերքը:

Շուշիի անկումը չվհատեցրեց արցախցիներին: Նրանք, ովքեր ունակ էին զենք բռնել,  մարտադաշտ դուրս եկան: Թուրքական զորքերի միակ հաջողությունը մնաց Շուշիի գրավումը: Դրանից անդին հայկական ջոկատները Սոկրատբեկ Մելիք-Շահնազարյանի հրամանատարությամբ մի քանի անգամ ջախջախեցին թուրքական զորքերը և կասեցրին նրանց առաջխաղացումը:

Ստացվեց այնպես, որ թուրքերի թվացյալ հաջողությունը շուռ եկավ իրենց իսկ դեմ: Թուրքական բանակը, փաստորեն, աքցանի մեջ հայտնվեց Շուշիում: Գանձակից նրանց օգնության շտապող մեկ այլ զորաբանակ հայերը ջախջախեցին Մարտակերտի մոտ:  Ակամա հայտնվելով շրջապատման մեջ` թուրքերը որոշեցին արտաքին աշխարհի հետ կապը վերահաստատել Վարանդա-Դիզակ գծով. բայց դրա համար նախ և առաջ հարկավոր էր գրավել Վարանդայի և Դիզակի կարևորագույն ռազմավարական կետերը և ամենակարևորը` Ճարտար գյուղը: Հայկական ջոկատները, սակայն, քնած չէին: Վերախմբավորելով ուժերը` հայերը ճակատի ընդհանուր հրամանատար Արտեմ Լալայանի գլխավորությամբ ավելի սեղմեցին օղակը թշնամու շուրջ:

Ծուղակ սարքելով և շրջափակելով թշնամուն ձորի մեջ` հայերը հմուտ մարտավարությամբ հօդս ցնդեցրին թուրքերի թվային առավելությունը: Թշնամին աքցանի մեջ չէր կարող օգտագործել լեռնային թնդանոթներն ու գնդացիրները: Հայկական կողմը, սեղմելով օղակը, խաչաձև կրակի տակ առավ թուրքական բանակը: 1918 թ. հոկտեմբերի 18-ը սև օր էր թշնամու համար, որ ամբողջովին ջախջախվեց, իսկ զորքի մնացորդները հետ շպրտվեցին ելման դիրքեր` պաշարված Շուշի: Մեկ օր անց թշնամին մոտ հազար ասկյարներով վերջին հուսահատ փորձն արեց` գրավելու Վարանդան, սակայն հուժկու հակահարվածի հանդիպելով` դարձյալ նահանջեց:

Շուտով Թուրքիան ճանաչեց իր պարտությունը առաջին համաշխարհային պատերազմում և իր զորքերը հետ քաշեց Կովկասից: Արցախում կազմվեց ժամանակավոր կոալիցիոն կառավարություն: Պետք է նշել, որ արցախահայերի պայքարի առաջամարտիկներից էր նաև Արցախի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոսը:

Սակայն Թուրքիայի հեռանալով` Ադրբեջանի ոտնձգությունները Արցախի նկատմամբ չդադարեցին: Թուրքիայի դերակատարությունն այժմ իր վրա վերցրեց անգլիական զորքերի հրամանատարությունը, որ շահագրգռված Բաքվի նավթով` ամեն կերպ ջանում էր նպաստել Ադրբեջանի նկրտումներին: Ճիշտ է` անգլիացիները զինված միջամտություն չունեցան հայ-ադրբեջանական կռիվներին: Սակայն նրանց անմիջական նախաձեռնությամբ Արցախում գեներալ-նահանգապետ  նշանակվեց Սուլթանովը, որի իշխանությունը, սակայն, սոսկ ձևական բնույթ ուներ:

1919 թ. փետրվարի 10-20-ը գումարվում է արցախահայության չորրորդ համագումարը, որտեղ  որոշում է ընդունվում, որ Արցախը Հայաստանի անբաժան մասն է: Մինչ այդ որոշումն իրականացնելն ընտրվեց ժամանակավոր կառավարման մարմին` Ազգային խորհուրդ:

Հետագայում արցախահայությունն իր կամքն արտահայտեց մի քանի համագումարներում. վճռականորեն բողոքարկելով անգլիական հրամանատարության բռնած դիրքը` Ազգային խորհուրդը հայտարարեց, որ Արցախի ժողովրդի կամքն անսասան է, և արցախցին երբեք չի ընդունի Ադրբեջանի գերիշխանությունը:

 

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

 

Դիտվել է 1727 անգամ:
Print Friendly

Leave a Reply