Կառավարությունն այս տարի էլ հողը «կպարարտացնի», բայց դա ամենակարևորը չէ

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | March 1, 2013 7:34

Նախորդ շաբաթ կառավարության նիստում որոշում ընդունվեց, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս գյուղացիական տնտեսություններին գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզվառելիք և պարարտանյութ տրամադրել: Սա գյուղացիական տնտեսությունների աջակցության ծրագրերից մեկն է, որով նպատակադրվում է ինչոր չափով թեթևացնել գյուղացիների հոգսերը:

Հիշյալ նիստում կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարեց մրցութային կարգով ընտրել համապատասխան մատակարար կազմակերպություններ` 17 հազար տոննա դիզելային վառելանյութ և մոտ 11 հազար տոննա պարարտանյութ ձեռք բերելու համար: Այն կտրամադրվի գյուղացիներին շուկայականից ցածր գներով. դիզելային վառելանյութը կհատկացվի 1 լիտրը 350 դրամով, 50 կիլոգրամ կշռով մեկ պարկ պարարտանյութը` 6 հազար դրամով:

Գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքում նշվում է, որ անցյալ տարի այս ծրագրերը մեկնարկեցին ՀՀ նախագահի հանձնարարությամբ, որոնց ընթացքում երկու փուլով` գարնանը և աշնանը, գյուղացիական տնտեսություններին տրվել են դիզելային վառելանյութ և պարարտանյութ` բավարարելով ամբողջ պահանջարկը: Այնուհետև նշվում է, որ շուկայական գնի և գյուղացիական տնտեսություններին տրվող դիզելային վառելանյութի և պարարտանյութի գների տարբերությունը կսուբսիդավորվի պետության կողմից: Ըստ այդմ` 2012 թ. հողօգտագործողներին շուկայականից զգալիորեն ցածր` 1 պարկը 6000 դրամ արժեքով հատկացվել է 30700.0 տոննա ազոտական պարարտանյութ և 1 լիտրը 350 դրամ արժեքով` մոտ  21 հազար 500 տոննա դիզելային վառելանյութ:

Հիշում ենք, որ անցյալ տարի որոշ գյուղացիների կողմից դժգոհություն հայտնվեց, որ այդ վառելանյութն ու պարարտանյութերն իրենց չեն հասել ճիշտ ժամանակին, և այդ պատճառով էլ չեն ծառայել իրենց հիմնական նպատակին: ՀՀ ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի կարծիքով` այս տարի այդ հարցը կլուծվի, քանի որ գյուղնախարարությունը շուտ է սկսել աշխատանքներ իրականացնել. Արարատյան հարթավայրում դեռ մեկ ամսից նոր կսկսվի գյուղատնտեսական աշխատանքների եռուզեռը:

«Այնպես որ չեմ կարծում, թե խնդիրներ առաջանան: Բնականաբար, կարծում եմ, որ որոշ չինովնիկներ կլինեն, որոնք  կփորձեն 6000 դրամանոց պարարտանյութը գյուղում, օրինակ, 6200 դրամով վաճառել, հատկապես գյուղապետների ինստիտուտն է դրանից օգտվում: Մենք համապատասխան մամլո ասուլիս կհրավիրենք և գյուղացիներին կզգուշացնենք, որ այդ 6000 դրամ գինը վերջնական` գյուղացուն հասնելու գինն է»,- նշեց նա:

Բայց նաև ավելացրեց, որ կառավարության այս գործողություններն արդյունք կտան, որովհետև օրինակ` եթե դիզվառելիքի մեկ լիտրի գինը  500 դրամից իջնում է 350 դրամ, ուրեմն գյուղացին ավելի քիչ կծախսի, և  ավելի շատ հող կմշակի: Բայց Հրաչ Բերբերյանը կարևորեց այն, որ մեր երկիրը պետք է իրոք գնա բարեփոխումների, և կառավարությունն էլ այնպիսի որոշումներ պետք է ընդունի, որ գյուղացուն ազատի դիզվառելիքի ակցիզային հարկից:

«Եթե  գարնանը գյուղացին ապահովվում է դիզվառելիքով, բա աշնա՞նը: Այստեղ պետք է հստակ ձևակերպվի և եվրոպական այն սխեման օգտագործվի, որով գյուղացին կա՛մ սուբսիդիա կստանա դիզվառելիքի փոխարեն, կա՛մ ակցիզային հարկից ազատված կլինի, քանի որ այդ վառելիքը գյուղացին վերցնում է արտադրություն խթանելու համար, ոչ թե մասնավոր անձանց բեռնափոխադրումներ կամ ուղևորափոխադրումներ  իրականացնելու համար»,- շեշտեց ագրարագյուղացիական միավորման նախագահը:

Ինչ խոսք, 17 հազար տոննա դիզվառելիքն ու 11 հազար տոննա պարարտանյութը քիչ չեն, և կառավարությունն էլ, հավանաբար հաշվի առնելով նախորդ տարվա փորձը, նշում է, որ դա կբավարարի ամբողջ պահանջարկը: Բայց հարց է ծագում` հենց այդքա՞ն  է այս ապրանքների պահանջարկը: Պատասխանը ստանալու համար օգտվենք գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալներից: Ըստ այդ տվյալների`  2012 թ. գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են 303.6 հազար հեկտար: Գյուղնախարարության կայքում նշվում է նաև, որ նախադրյալներ են ստեղծվել առաջիկա տարիներին նշված միտումը շարունակելու ուղղությամբ:

Մեկ հեկտար ցանքատարածություն մշակելու համար անհրաժեշտ է միջինը 6 պարկ` մոտ 300 կիլոգրամ պարարտանյութ: Եթե ծրագրով նախատեսված` 11 հազար տոննա պարարտանյութը բաժանենք 300 կիլոգրամի, կստացվի, որ այն բավարարում է միայն մոտ 37 հազար հեկտար ցանքատարածության: Իսկ եթե համադրում ենք այն գյուղնախարարության նշած` 303.6 հազար հեկտարի հետ, ապա պատկերն ավելի քան խոսուն է. նախատեսված պարարտանյութի ծավալը կբավարարի մոտ 12 տոկոս ցանքատարածության: Ուրեմն ի՞նչ ամբողջ պահանջարկը բավարարելու մասին է խոսվում. առավել ևս, երբ գյուղնախարարությունը նշում է, որ ցանքատարածություններն ավելացնելու նախադրյալներ են ստեղծվել: Միգուցե իրո՞ք գյուղացիական տնտեսությունները միայն այդքան պահանջարկ են ներկայացնում, և եթե այո, ապա ինչո՞ւ:

Մեզ օգնության հասավ գյուղատնտեսության ոլորտում մի քանի տասնյակ տարվա աշխատանքային փորձ ունեցող, համայնքի ղեկավար, իսկ այնուհետև քարտուղար, ինչպես նաև գյուղատնտեսական ոլորտի խորհրդատու աշխատած ագրոնոմ Է. Հակոբյանը:

Նա բացատրեց. «Հարցն այն է, որ նույնիսկ այդպիսի մատչելի պարարտանյութ և դիզվառելիք ձեռք բերելու համար էլ գյուղացին անհրաժեշտ գումար չունի: Այստեղ կա մի նրբություն. քանի որ մարդիկ չունեն անգամ էժան պարարտանյութ ու դիզվառելիք ձեռք բերելու միջոցներ, վերցնում են այնքան, որքան հնարավորությունները ներում են, և կա՛մ պակաս են պարարտացնում իրենց ցանքատարածությունները, կա՛մ ընդհանրապես չեն վերցնում այդ վառելիքն ու պարարտանյութը: Ու սրանով տպավորություն է ստեղծվում, թե պահանջարկի ամբողջ ծավալն է ապահովվում»:

Նա մեզ պարզաբանեց, որ մի կարևոր կողմ էլ ունի այս ծրագիրը: Կառավարությունը արդեն քանի տարի ներկրում է միայն ազոտական պարարտանյութ: Անշուշտ, ամեն տարի տարբեր խտության և տարբեր երկրների արտադրության պարարտանյութ է ներկրվում, սական տեսակը նույնն է, և այն ոչ թե պարարտացնում է հողը, այլ սնուցում: Ազոտական պարարտանյութերը հողը սնուցող են, ոչ թե պարարտացնող:

«Դրանցով գյուղացին միայն սնուցում է կատարում, որ հողը շատ չհոգնի ու չսպառվի, բերքը նորմալ լինի: Ու արդեն ժամանակն է. որ կառավարությունը մտածի նաև կալիումական և այլ պարարտանյութեր ներկրելու մասին, որ գյուղացին զուգահեռաբար օգտագործի դրանք  արդեն հողը  պարարտացնելու համար»,- նշեց Հակոբյանը:

Իսկ մեր այն հարցին, թե այս ծրագրերը, որքան էլ թերի կամ մանրամասն մտածված չլինեն, հասնո՞ւմ են գյուղացիներին և արդյունք ունենո՞ւմ են, մեր զրուցակից ագրոնոմը պատասխանեց, որ  դրանք, ինչ խոսք, գյուղացու մատից փուշ հանում են, սակայն առաջին անհրաժեշտության ծրագրեր չեն: Ավելի լավ կլիներ, որ կառավարությունը մի քանի այլ հրատապ հարցեր էլ լուծեր: Օրինակ` գյուղտեխնիկայով գյուղացիներին օգնելու հարցը: «Դա դժվար լուծելի հարց է թվում, բայց երբ նայում ենք, որ ունեցել ենք գյուղտեխնիկայի պարկերի ինստիտուտը, լուծումն ավելի պարզ է երևում»,- ասաց Է. Հակոբյանը:

Այսինքն` ժամանակին շրջաններում կային գյուղտեխնիկայի հավաքակայաններ, որտեղ հավաքվում էր այդ շրջանի համար անհրաժեշտ գյուղտեխնիկան ու ըստ անհրաժեշտության կիրառվում այս կամ այն կոլխոզում ու սովխոզում:  Ագրոնոմի համոզմամբ, երբ հիմա այդպիսի առաջարկ ես անում, կառավարությունում կարծում են, թե ուզում ես, որ տեխնիկա տրամադրեն կոնկրետ գյուղացուն: Բայց իրականում ավելի հեշտ, հարմար և օպտիմալ տարբերակ է համայնքների համար այդ գյուղտեխնիկայի հավաքակայանները վերականգնելը, գոնե նախկին վարչական շրջանների մասշտաբներով: Այդ դեպքում, ըստ ագրոնոմի, գյուղացին չի վազվզի տեխնիկա ու վառելանյութ հայթայթելու: Իսկ երկրորդ կարևոր ու հրատապ խնդիրը, մեր զրուցակցի համոզմամբ, գյուղատնտեսական արտադրանքի սպառման հարցերը լուծելն է:

«Այսօր կառավարությունը որոշ գյուղացիական շուկաներ է ստեղծել ու ասում է, թե դրանով օգնում է գյուղացուն վաճառելու իր ստեղծած բարիքները: Սակայն մոռանում են, որ գյուղացու գործը առևտուր անելը չէ, վերավաճառողներն էլ չարաշահում են թե՛ գյուղացուն, թե՛ քաղաքացուն, որ գյուղարտադրանքի վերջնական սպառողն է,- ասաց Հակոբյանը և առաջարկեց,- կառավարությունը պետք է աջակցի գյուղացուն ապրանքների իրացման հարցերում` ստեղծելով արտադրանքը մինչև շուկա հասցնող գործակալություններ:

Դիտվել է 2224 անգամ:
Print Friendly

Leave a Reply