Ճապոնացի գեղասահորդներն առաջիկա օլիմպիական խաղերին կնախապատրաստվեն Երևանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 28, 2013 15:45

Հայաստանի մարզասերները  հավանաբար  հետայսու կկարողանան  հաճախակի տեսնել, նույնիսկ ` ականատես լինել Ճապոնիայի  ուժեղագույն գեղասահորդների մարզումներին: Այս մասին պարզ դարձավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում, որտեղ հյուրընկալվեցին Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Հեդեիտո Իտոն  և այդ կազմակերպության մենեջեր  Տացուրո Մացումուրան  Նրանց Հայաստան էր ուղեկցել  մեր անվանի նախկին մարզիչներից մեկը` Արարատ Զաքարյանը, որն  այժմ  բնակվում և աշխատում է Մոսկվայում, հանրածանոթ  մենասահորդ, օլիմպիական խաղերի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի մենեջերն է:

Հյուրերը եղել են Ծիծեռնակաբերդում, ծաղկեպսակ դրել եղեռնի զոհերի հուշահամալիրում, ապա այցելել են  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր,  մանրամասն ուսումնասիրել են սահադաշտը և  մեծ տպավորություն  ստացել: Նրանց հաճելիորեն զարմացրել է սահադաշտի որակը և մանավանդ  «արագ   սառույցը» :

Առաջիկայում Ճապոնիան  մարզաձևի մեծ  պատվիրակություն կուղարկի Հայաստան: Գեղասահորդներից բացի մեզանում կհյուընկալվեն նաև  մարզական գիտաբժշկական խմբեր  և  լրագրողներ: Նրանց կարծիքով Հայաստանի կլիմայական պայմանները շատ հարմար են  Սոչիի ձմեռային  օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար: Կարևորում են հատկապես այն, որ ընդամենը 1-1, 5  ժամում  Երևանից կարող են հասնել ձմեռային խաղերի մայրաքաղաք:

ՀԱՕԿ-ի բաժնի վարիչ  Գաբրիել Ղազարյանը հյուրերին հավաստիացրեց, որ  օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը  կաջակցի  և կնպաստի Ճապոնիայի մարզիկների պարապմունքները լավագույն ձևով կազմակերպելուն:

Դիտվել է 1633 անգամ:
Print Friendly

Leave a Reply