Սումգայիթյան ողբերգության 25-ամյակին նվիրված միջոցառումներ Նյու Յորքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2013 15:15

Այս օրերին Նյու Յորք քաղաքում տեղի են ունենում 1988թ. Սումգայիթում իրագործված ոճրագործության ոգեկոչմանը նվիրված միջոցառումներ:
Փետրվարի 24-ին Նյու Յորքի Ս. Վարդան տաճարում մատուցվեց հոգեհանգստի արարողություն` ԱՄՆ Արեւելյան հայոց թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի նախագահությամբ եւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի, համայնքային կառույցների ներկայացուցիչների ու ամերիկահայերի` ներառյալ Ադրբեջանից մազապուրծ փախած եւ ԱՄՆ-ում բնակություն հաստատած մեծ թվով հայերի մասնակցությամբ:
Օրվա հիմնական բանախոս դեսպան Նազարյանն իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ անհրաժեշտ է արթուն կեցվածք որդեգրել Ադրբեջանի կողմից նոր թափով իրականացվող վտանգավոր քարոզչության դեմ, որն աշխարհի տարբեր երկրներում` ներառյալ ԱՄՆ-ում, փորձում է նենգափոխել մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդների պատմությունը` հանդես գալով զոհի դերում եւ ծածկելով իր ցեղասպան քաղաքականությունն ընդդեմ հայերի: ՀՀ դեսպանը կոչ արեց համախմբվել հայոց պետականության, համայնքային կառույցների, եկեղեցու շուրջ` սանձազերծելու հայ ժողովրդի պատմության, մշակութային ու հոգեւոր արժեքների ու արցախահայության ինքնորոշման իրավունքի, ինքնիշխանության նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները:
Փետրվարի 27-ին Հ.Բ.Ը.Մ.-ի կենտրոնատեղին հյուրընկալեց «Լեռնային Ղարաբաղ. սումգայիթյան հիշողություններից մինչեւ անկախ պետություն» խորագրով հուշ երեկո` նվիրված սումգայիթյան զոհերի հիշատակին, որի ժամանակ ցուցադրվեց «Սովորական ցեղասպանություն» ֆիլմի անգլերեն տարբերակն ու ներկայացվեց Արցախի հարուստ մշակութային ժառանգությունը լուսաբանող լուսանկարների ցուցահանդես:
Ձեռնարկին ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ դեսպանն ու ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչը: Ըստ դեսպան Նազարյանի` սումգայիթյան ջարդերից 25 տարի անց ադրբեջանական իշխանությունները պատասխանատվություն են կրում մարդու իրավունքների ու միջազգային հումանիտար իրավունքի ծանրագույն ոտնահարումների համար, եւ միջկառավարական ատյանները պետք է հարկադրեն Ադրբեջանին հարգելու միջազգային իրավունքի նորմերը` վերջ դնելով ադրբեջանական քաղաքներում հայերի հանդեպ իրականացրած ոճրագործությունների ու տարածաշրջանում ագրեսիա իրականացնելու համար անպատժելիությանը, ինչը կարեւոր է հարատեւ կայունություն, խաղաղություն ու արդարություն հաստատելու առումով:
Համայնքային տարբեր կառույցների ներկայացուցիչներից ու ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության անձնակազմից զատ միջոցառմանը մասնակցեցին նաեւ օտարերկրացիներ:

Դիտվել է 1590 անգամ:
Print Friendly

Leave a Reply