Հայաստան, որ երբեք այսպիսին չի եղել

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | February 28, 2013 15:22

Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություներից հետո Հայաստանը հայտնվել է ակտիվ քաղաքական փուլում: Իհարկե` վերջին 5 ընտրություններն էլ ունեցել են ակտիվ հետընտրական զարգացումների փուլեր, բայց այս մեկն էականորեն տարբերվում է նախորդներից:

Երբևէ  ամենաանսպասելի  աջակցություն ստացած  ընդդիմադիր թեկնածուն

Երբ դեռ ընտրությունները նախընտրական զարգացումների փուլում էին, տարբեր վերլուծություններով դրանք որակվեցին, որպես ոչ մրցակցային, և միակ ինտրիգը համարվեց թեկնածուներից մեկի նկատմամբ մահափորձի միջադեպը: Բայց նույնիսկ այդ ժամանակ դեռևս ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ ընտրությունների ժամանակ կգրանցվեն այնպիսի արդյունքներ, ինչպիսիք, որ այսօր ունենք: Ոչ ԿԸՀ-ի հրապարակած տվյալներով, իհարկե:

Արդեն տարբեր քաղաքագետներ ու վերլուծաբաններ հանդես են եկել հայտարարություններով ընդդիմության թեկնածուի անսպասելի հաջողությունների վերաբերյալ: «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն օրերս կայացած ասուլիսի ժամանակ մասնավորապես ասաց. «Րաֆֆի Հովհաննիսյանն ունի ահռելի ռեսուրսներ, որոնք մինչև այժմ չի ունեցել ոչ մի քաղաքական գործիչ»:

Անդրադառնանք հենց այդ ռեսուրսներին: Ոչ ոք` ո՛չ իշխանական ճամբարում, ո՛չ էլ ակնհայտորեն հենց Րաֆֆի Հովհաննիսյանի ճամբարում չէր սպասում, որ ընտրազանգվածի մի ահռելի մասն իր վստահության քվեն կտա հենց Րաֆֆի Հովհաննիսյանին: Համենայն դեպս,  այդ են վկայում Րաֆֆի Հովհաննիսյանի` ընտրություններին հաջորդած առաջին երկու օրերի քայլերն ու պահվածքը: Դրանք ընդհանուր, վերացական, ոչ մի  որոշակի բան չասող քայլեր էին: Ուստի պարզ էր ի սկզբանե, որ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկած ընտրազանգվածն իրենը չէր: Դա կարող էր լինել երեք խոշոր ու Հայաստանի քաղաքական կյանքում կարևոր դերակատարում ունեցող կուսակցությունների ընտրազանգվածի մի մասը, որոնք ընտրություններին չմասնակցեցին, կարող էր լինել հասարակության ընդդիմադիր տրամադրված հատվածը, որն այդ կերպ իր դժգոհությունն էր արտահայտում երկրում տիրող բարոյահոգեբանական, սոցիալ-տնտեսական, արդարության և այլ հարցերի շուրջ:

Փաստորեն, այդ դժգոհությունն այնպիսի ահռելի չափերի է հասել, և ոչ հանիրավի, որ թե՛ ընտրարշավի ժամանակ, թե՛ քվեարկության օրը, թե՛ հետընտրական գործընթացներում ոչ ոք իրեն հաշիվ չտվեց, որ ընտրում է ոչ միայն նախագահ, այլև գլխավոր հրամանատար, և ընտրում է մի մարդու, որի ընտանիքը` թե՛ կինը, թե՛ երեխաները, Հայաստանի քաղաքացի չեն: Նորություն չէ, ատելությունը միշտ էլ կուրացնում է և պղտորում սթափ միտքը: Ամենայն հավանականությամբ, մեծ դեր խաղացին նաև ԲՀԿ-ի անդրկուլիսյան գործնական ձեռնարկումները հօգուտ Հովհաննիսյանի:

Ինչևիցե: Առաջին իսկ օրվանից պարզ էր, որ այդ ընտրազանգվածը Րաֆֆի Հովհաննիսյանինը չէր, բայց նա պետք է ամեն ինչ աներ, որ այն դառնար իրենը: Քաղաքական տեսությունն այսպիսի իրավիճակներում նշում է, որ յուրաքանչյուր քաղաքական գործչի նպատակը պետք է լինի իր ընտրազանգվածի շահերի օգտագործումը: Եվ Րաֆֆի Հովհաննիսյանը գործի անցավ…

Մի քանի ուշագրավ հանգամանքներ եղան այս գործընթացների համատեքստում: Նախագահի մեկ այլ թեկնածու` Հրանտ Բագրատյանը, ընտրություններից անմիջապես հետո նշեց, որ ինքը պարտվել է ընտրություններում, բայց ոչ թե գործող նախագահին, այլ Րաֆֆի Հովհաննսիյանին: Իսկ նախագահի մեկ այլ թեկնածու` Անդրիաս Ղուկասյանը, ներկայացավ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքին: Նրա կարծիքով, ժողովուրդն իր վրդովմունքն արտահայտեց` Հովհաննիսյանի օգտին քվեարկելով, ուստի բոլոր քաղաքական գործիչները պետք է հարգեն ժողովրդի հենց այդ ընտրությունը: Նախագահի մյուս թեկնածուները, բնականաբար, չմիացան Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց նրանցից միայն Արման Մելիքյանը հայտնեց, որ ինքը չի կանգնի Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին:

«Րաֆֆիի Հայաստանը» կարծես իրողություն է դառնում` այլ իմաստով

Կամա թե ակամա ստեղծվեց մի վիճակ, երբ դեռևս մի քանի ամիս առաջ խորհրդարանական ընտրություններում ընդամենը 5 տոկոսանոց արդյունք գրանցած քաղաքական ուժի առաջնորդը միայն պաշտոնական տվյալներով մոտ 38 տոկոս վստահության քվե ստացավ: Սա հենց գալիս է հուշելու, որ իրոք, ժողովուրդը դրանով իր բողոքն արտահայտեց, և մեր երկրի ներքաղաքական կյանքում Րաֆֆի Հովհաննիսյանը դարձավ կարևոր առանցք, և առանց  դա հաշվի առնելու` այսօր ոչ մի ուժ կամ գործիչ չի կարող ինչ-որ քայլ կատարել: Առաջին քայլը քաղաքական ուժերից կատարեց ՀՅԴ-ն` հայտարարելով, որ միանում է ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ ժողովրդի պահանջին: Քաղաքագետներն այս երևույթի գնահատականը դեռ կտան, բայց ասենք, որ բավականին հաջող որակում ու փաստարկ էր:

Նմանատիպ մի հայտարարություն էլ տարածեց ԲՀԿ-ն` նշելով, որ «ԲՀԿ-ն եղել ու մշտապես լինելու է ժողովրդի կողքին և գտնում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բացարձակ իրավունքն է պահանջել սեփական իրավունքների, այդ թվում` ընտրական իրավունքի հարգում»: Նույն հայտարարությամբ ԲՀԿ-Ն հաստատակամորեն կոչ  արեց իշխանություններին զսպվածություն ցուցաբերել` զգուշացնելով, որ «խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի ցանկացած կիրառում կհանգեցնի անդառնալի հետևանքների»: Իսկ զանգվածային միջոցառումների կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ  արեց «բոլոր գործողություններն անցկացնել օրենքի շրջանակներում»:

Նույնիսկ քաղաքական այնպիսի գործիչը և ուժի առաջնորդը, ինչպիսին արդեն նախկին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն է, հայտարարեց, թե դեռևս միայն տեսնում է մարդկանց բողոքի արտահայտություն, և եթե գործ էլ տեսնի, ինքը ևս գործին կմիանա: Թե ինչ նկատի ունի Հայաստանի առաջին նախագահը գործ ասելով, վերջին հինգ տարիներին տեսել ենք: Բայց արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանը կգնա նույն ճանապարհով:

Հայաստանի ներքաղաքական իրականության մեջ առաջին անգամ ընտրություններից հետո ստեղծվել է մի վիճակ, երբ ընտրություններում հաղթած և երկրորդ տեղը զբաղեցրած քաղաքական գործիչները այլ գործելակերպ են ցուցադրում. ոչ թե հայհոյում են իրար, ոչ թե «կազմաքանդելու», ձերբակալելու և այլ կոչեր անում, այլ հանդիպումներ են ունենում ու սիրալիր զրուցում: Ասել է թե` այն, ինչ տեսնում ենք հիմա, փորձ է Րաֆֆի Հովհաննիսյանի և նրան սատարողների կողմից օգտագործելու ընտրությունների արդյունքում ստացած ռեսուրսները հետագա քաղաքական լուրջ պայքարի համար: Իսկ ներկա պահին Ր. Հովհաննիսյանը և նրա գործընկերները փորձելու են երկարատև քաղաքական պայքար ծավալել, ինչի մասին առանց ենթատեքստի հայտարարում են: Երկրորդ` նրանք իշխանափոխության հասնելու երկարատև, ծանր ու դժվարին ուղին են ընտրել. ոչ թե իշխանափոխության մասին են հայտարարում, այլ առաջին անգամ մարզերը քաղաքականապես ակտիվացնելու ուղին են ընտրում:

Այդպիսի պայմաններում Րաֆֆի Հովհաննիսյանի խնդիրը հասարակության վստահությունը չկորցնելն է, ինչպես մի քանի անգամ եղավ ընդդիմադիր տարբեր թեկնածուների դեպքում: Իսկ այդ պարագայում կարևոր է, թե ինչպես նա ու իրեն սատարողները կկարողանան ժողովրդին համոզել, որ արդյունքի հասնելու համար ոչ թե պետք է կտրուկ քայլեր կատարել կամ  սևացնել իշխանության ներկայացուցչին, այլ իրապես սահմանադրական եղանակներով առաջնորդվելով` հասնել արդյունքի: Համենայն դեպս, աշխարհում այդպիսի հաջողված փորձեր եղել են: Եվ այս պահին հատկանշական են հենց մարզերն ակտիվացնելու փորձերը: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղին ընտրելով` նա մի քանի անգամ հանրահավաքներ կանի մայրաքաղաքում, կտեսնի, որ դրանով ոչնչի չի կարող հասնել, ու ժողովուրդը կհիասթափվի, ինքն էլ կկորցնի իր այս պահին ունեցած հասարակական աջակցությունը:

Անկախ  այն հանգամանքից` ճի՞շտ է Րաֆֆի Հովհաննսիյանը, թե ոչ, եղե՞լ են ընտրակեղծիքներ, թե ոչ, կայացե՞լ են ընտրություններ, թե ոչ, այս ամենը պետք էր մեր երկրին: Նախ, որ իշխանությունները զգաստ մնան, երկրորդ` քաղաքական աղճատված  գործընթացներն առողջացման միտումներ   ցույց տան և կեղտոտ տեխնոլոգիաներից, վիրավորանքներից անցնեն քաղաքակիրթ պայքարի, և երրորդ` բոլորը հասկանան, որ իրավիճակ է փոխվել. այն ուղիով, որով այսօր շարժվում է Հայաստանը,  փակուղի է, որ փաստաթղթային Հայաստանն ու իրական Հայաստանը  միանգամայն այլ իրողություններ են:

Դիտվել է 2364 անգամ:
Print Friendly

Leave a Reply