Գազայի մոտակայքում առեղծվածային կերպով տասնյակ ճառագայթաձկներ են ափ նետվել (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 28, 2013 14:19

Երեկ Գազա քաղաքի մոտ առեղծվածային կերպով տասնյակ մաբուլա տեսակի ճառագայթաձկներ են ափ նետվել, որոնց պաղեստինցի ձկնորսները սայլակներով տեղափոխել են շուկա վաճառելու:

Տեղաբնակների կողմից նկարված տեսահոլովակի մեջ ասվում է, որ սա վեց տարվա մեջ ճառագայաթաձկների ափ նետման առաջին դեպքն է:

Ma’an լրատվական գործակալության տեղեկություններով՝ այս ձկները կարող են ունենալ մինչև 5 մետր լայնություն և 76 կիլոգրամ քաշ: Տեղական շուկայում այս ձկան մսի մեկ կիլոգրամը վաճառվում է 0,90 ֆունտ ստեռլինգով:

Կալիֆորնիայի Սանտա Ռոզա քոլեջի դասախոս, աշխարհում ճառագայթաձկան առաջատար  մասնագետ Բոբ Ռուբինը MailOnline-ին տված հարցազրույցում խոսել է Գազայում կատարվածի մասին՝ հայտնելով, որ ճառագայթաձկները հազարավոր ձկներից բաղկացած մեծ խմբերով հսկայական տարածություններ անցնելու սովորություն ունեն:

Ըստ նրա այս դեպքը շատ տարօրինակ է իր համար, քանի որ ինքը, երկար տարիներ աշխատելով Կալիֆորնիական ծովածոցում, որտեղ բազմաթիվ ճառագայթաձկներ կան, երբեք նման «մասսայական ափնետման» դեպքի ականատես չի եղել: Նա նշել է նաև, որ այդ կենդանիները իրենց թևերի վրա արյան հետքեր ունեին, ինչը կարող է առաջացած լինել նավի, ժայռերի կամ միմյանց հետ բախումից: Նա վերջում ավելացրել է, որ առանց անձամբ կենդանիներին տեսնելու և որոշակի հետազոտություններ անելու,  ինքը չի կարող այս դեպքի հստակ պատճառը նշել:

Ռուբինի կարծիքով այս դեպքը կարող է առաջացած լինել նաև անդրջրյան մեծ աղմուկի կամ էլեկտրական ազդակների հետևանքով:

Դիտվել է 1028 անգամ:
Print Friendly

Leave a Reply