«Մենք բացարձականացնում ենք մարդուն, նրա իրավունքները». Հրայր Թովմասյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 28, 2013 13:47

Խորհրդարանում այսօր ավարտվեց նախօրեին սկսված քննարկումը՝ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ, որի հիմնական զեկուցողը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էր:

Օրինագծի առաջին հոդվածում հստակ սահմանվում է, որ այլընտրանքային զինվորական ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են միայն զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը: Այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայության անցնելը:

Ըստ նախագծի՝ այլընտրանքային ծառայություն ընտրած քաղաքացին համապատասխան տարածքային զինկոմիսարիատ դիմում է ներկայացնում, որը քննարկելու և ծառայության տեսակի վերաբերյալ համապատասխան որոշում է կայացնելու հանրապետական հանձնաժողովը: Վերջինիս կազմում կընդգրկվեն տարածքային կառավարման, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության, ոստիկանության ու պաշտպանության բնագավառներում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների, ինչպես նաեւ ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի ոլորտները համակարգող ստորաբաժանումների մեկական ներկայացուցիչներ:

Այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետը նախատեսվում է սահմանել 30 ամիս, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը՝ 36 ամիս:

Արդարադատության նախարարի տվյալներով՝ հանրապետությունում գրանցված 65 կրոնական կազմակերպություններից միայն 1-ի ներկայացուցիչներն են խուսափում զինվորական ծառայությունից:

Ինչպես հայտնի է, դրանք Եհովայի վկաներն են:

Հիմնական զեկուցողին ուղղվեցին բազմաթիվ մտահոգիչ հարցեր՝ կապված ծառայությունից խուսափելու, կրոնական կազմակերպությունների թվաքանակի հնարավոր աճի, կոռուպցիոն ռիսկերի ի հայտ գալու հնարավորության հետ: Բարձրացված հարցերից մեկն էլ վերաբերում էր հանձնաժողովի, որը պետք է որոշի տվյալ անձի այլընտրանքային ծառայության անցնելու իրավացիությունը, սուբյեկտիվիզմին, ինչը կարող է հանգեցնել մի շարք բացասական հետևանքների:

Պատգամավորներից շատերն քլ կարծում են, որ օրինագիծը կխթանի այլընտրանքային ծառայություն անցնել ցանկացողների թիվը, ինչը վտանգավոր է ազգային անվտանգության տեսանկյունից:

Հարակից ելույթում Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, որ խնդիրը պետք է դիտարկել երկու՝ ազգային անվտանգության եւ կրոնական դավանանքի ու համոզմունքի ազատության տեսանկյունից: “Առաջինը մարտունակ բանակ ունենալն է, որը գերակա խնդիր է Հայաստանի համար, մյուս կողմից խիստ կարևոր է մարդու դավանանքի ազատությունը` հատկապես, որ Հայաստանը ստանձնել է խղճի եւ կրոնի ազատությունը երաշխավորող միջազգային պարտավորություններ”:

Այդուհանդերձ, Կորյուն Նահապետյանը նախագծում մի շարք վիճահարույց դրույթներ է տեսնում եւ ամբողջական լուծումներ տալու նպատակով առաջարկում մշակել այլընտրանքային ծառայության մասին նոր նախագիծ, որպեսզի այլընտրանքային ծառայության անցնելու չափորոշիչները լինեն հստակ և մանրամասն` բացառելով կոռուպցիոն ռսիկերը, իսկ հանրապետական հանձնաժողովն ունենա ամուր հիմքեր՝ այլընտրանքային ծառայության իրավունք ունեցողին տարանջատելու կեղծ դիմումատուից:

Արդարադատության նախարարն ընդգծեց՝ ազգային անվտանգության հիմքում դրված են մարդու իրավունքները, և ցանկացած օրինագիծ քննարկելիս դա պետք է հաշվի առնել: «Այո, մենք բացարձականացնում ենք մարդուն, նրա իրավունքները: Ազգային անվտանգության խնդիր է, եթե մենք քաղաքացուն, իր խղճից ու համոզմունքից ելնելով, չենք զորակոչում, կրկին անվտանգության խնդիր է, եթե պետք է զորակոչենք, բայց չենք զորակոչում»:

Հիմնական զեկուցող Հրայր Թովմասյանն, այնուամենայնիվ, երկու օրվա քննարկումները բավականին արդյունավետ ու կառուցողական համարեց ՝ նշելով, որ այն դասական օրինակ կարող է լինել մյուս օրինագծերի քննարկման համար: «Զարմանալի կլիներ, եթե մեր պատգամավորները պասիվ լինեին այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսին բանակի, անվտանգության, մարդու իրավունքների խնդիրներն են»,-նկատեց նա:

Հիշեցնենք, որ 2003 թվականին ընդունվել էր «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որը, սակայն, չէր գործում՝ դրանում տեղ գտած մի շարք թերությունների պատճառով:

Դիտվել է 1207 անգամ:
Print Friendly

Leave a Reply