Տեղի է ունեցել առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | February 28, 2013 12:57

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվեց «Առողջապահության ոլորտում Հայաստանի Հանրապետության բժշկական գիտությունների ակադեմիայի գործունեության և նրա դերի մասին» հարցը։ ՀՀ Բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Մկրտչյանը կոլեգիայի անդամներին ներկայացրեց 1997թ. հիմնադրումից ի վեր ԲԳԱ կողմից իրականացված աշխատանքները։ Այդ ժամանակաընթացքում կազմակերպված 13 գիտաժողովներում քննարկվել են ինչպես գիտական, այնպես էլ գործնական բժշկության արդիական հարցեր։ Դրանց շրջանակներում ակադեմիայի անդամները պատասխանել են բժիշկների հարցերին, անցկացրել հիվանդների խորհրդատվություն։ Առանձնացվեցին հատկապես պարբերական հիվանդությանը նվիրված, ինչպես նաև «Բժշկական տեսանկյունից Սպիտակի երկրաշարժի հետևանքները տասը տարի անց» գիտաժողովների կարևորությունը։

Ինչպես զեկուցողը, այնպես էլ կոլեգիայի անդամները կարևորեցին գիտության զարգացումն առողջապահության ոլորտում, ինչպես նաև բժշկակենսաբանական արդյունավետ մեթոդների ներդրումն ու կիրառումը մահացության և հաշմանդամության առաջացման բարձր մակարդակ ունեցող մի շարք հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում։

Կարևորելով հարցի քննարկումը, կոլեգիայի անդամ, ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը շեշտեց, որ վաղուց ժամանակն է Հայաստանում ևս առողջապահությունը գիտականացնելու։

Այս ուղղությամբ որոշակի ներդրումներ կարելի է ակնկալել ոչ միայն Բժշկական գիտությունների ակադեմիայի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում, այլև ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության գիտական ծրագրեր իրականացնող կազմակերպություններից։

ՀՀ ԱՆ լիցենզավորման գործակալության պետ Արմեն Սողոյանը հարակից զեկուցումով ներկայացրեց նախարարության ենթակայությամբ գործող գիտական ծրագրեր իրականացնող մի շարք կազմակերպություններում նախարարի հանձնարարությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքները, որոնք, մեղմ ասած, տպավորիչ չէին։ Բանախոսը ներկայացրեց նաև գիտական հիմնարկների զարգացման վերաբերյալ առաջարկներ։ Կոլեգիան որոշեց դրանք քննարկել և վերջնական տեսքի բերել ՀՀ առողջապահության նախարարին կից գիտական խորհրդի հետ միասին։

Նշենք, որ հարցը կոլեգիայի օրակարգ էր մտել հենց գիտական խորհրդի առաջարկով։ Դրան հանգեցրել էին ՀՀ առողջապահության նախարարին կից գիտական խորհրդի կողմից իրականացված իրավիճակի ուսումնասիրությունը և մի շարք քննարկումները։

«Առողջապահության գիտականացումը ոլորտի զարգացման կարևոր պայմաններից մեկն է։ Այս խնդրով մտահոգվածությունն էր, որ պարտադրեց գիտական խորհուրդ ստեղծել։ Եվ ողջունելի է, որ Բժշկական գիտությունների ակադեմիան ցանկություն հայտնեց համագործակցել նախարարության հետ և իր գիտական ներուժով մասնակցել կարևոր այս գործին։ Ոլորտի գիտականացումը նախարարության քաղաքականության առաջնահերթություններից մեկը պետք է մնա, և ծառացած խնդիրների լուծումները միասին պետք է գտնենք»,-ասաց նախարար Դումանյանը։

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիան հավանության արժանացրեց Բժշկական գիտությունների ակադեմիայի կողմից կատարված մեծ աշխատանքը։

Կոլեգիան հանձնարարեց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ համատեղ կազմել առաջիկա տարիների առաջնահերթությունները և դրանց կատարման հստակ առաջարկներ, որոնք կքննարկվեն առաջիկա կոլեգիայի նիստերից մեկում։

Կոլեգիան քննարկեց նաև այլ հարցեր։

Դիտվել է 907 անգամ:
Print Friendly

Leave a Reply