Կառավարությունն ընդունել է Աշոտ Գիզիրյանի հրաժարականը, բայց չի ընդունել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 28, 2013 12:34

Հայաստանի կառավարությունն այսօր ընդունել է Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականի դիմումը: Այդ կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց. «Հանդիպել եմ պարոն Գիզիրյանին՝ իր ցանկությամբ: Այս դիմումը ներկայացրել է սեփական նախաձեռնությամբ, սա շատ կարեւոր հանգամանք է, քանի որ տարբեր տիպի տեղեկատվություն է տարածվել, որոնք իրականությանը չեն համապատասպխանում: Ցանկանում եմ կառավարութան անունից շնորհակալություն հայտնել պարոն Գիզիրյանին՝ իր կողմից կատարված աշխատանքների համար»:

Սակայն Հայաստանի հանրապետության կառավարությունը չընդունեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը:

Ս. թ. փետրվարի 25-ին ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքի ղեկավար Ռուբեն Խլղաթյանը ներկայացրել է հրաժարական տալու վերաբերյալ դիմում: Արմավիրի քաղաքային համայնքի ավագանին այդ դիմումն ընդունել է ի գիտություն, կազմել արձանագրություն եւ ՀՀ Արմավիրի մարզպետի միջոցով այդ արձանագրությունը ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարություն:

Կառավարությունը նկատի ունեցավ, այն հանգամանքը, որ Արմավիրի քաղաքապետն ընտրվել է իր պաշտոնում 2011 թ. մարտի 20-ին (դեռեւս չի լրացել նրա պաշտոնավարման սահմանված ժամկետի կեսը), հետեւաբար, ունի ստանձնած պարտավորություններ եւ ներգրավված է տարբեր համայնքային (եւ ոչ միայն) ծրագրերում: Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի բացատրության՝ աշխատանքային կարգով ճշտվել են դիմում ներկայացնելու դրդապատճառները, արդյունքները համադրվել են դիմումը ներկայացնելուց հետո քաղաքապետի կողմից արված հրապարակային հայտարարությունների հետ, ինչի արդյունքում եզրահանգվել է, որ հրաժարական տալու դրդապատճառները չեն թղթակցվում վերջինիս պաշտոնեական պարտականությունների եւ համայնքի ղեկավարի լիազորությունների հետ:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ հրաժարականները չպետք է ընդունել քաղաքական դրդապատճառներով, այլ պետք է հաշվի առնել կատարված աշխատանքը:

 

Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply