Ֆրանսիան «Եվրոպայի նոր հիվանդ մարդ» որակումն է ստացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 27, 2013 22:22

19-րդ դարում անկում ապրող Օսմանյան կայսրության համար կիրառվող «Եվրոպայի հիվանդ մարդ» արտահայտությունը այս անգամ օգտագործել է Գերմանիան ԵՄ-ում իր ամենաուժեղ դաշնակցին՝ Ֆրանսիային բնութագրելու համար:
Թուրքական «Radikal»-ը հաղորդում է, որ Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեի աջ ձեռքը հանդիսացող տնտեսագետ Ուրսուլա Ուեդենֆելդը հարցազրույց է տվել ֆրանսիական լրատվական, մշակութային շաբաթաթերթերից «Le Point» հանդեսին, որի այսօր առավոտյան լույս տեսած համարում նա Ֆրանսիային անվանել է Եվրոպայի ամենամեծ խնդիրը: Ուեդենֆելդը նշել է, որ Ֆրանսիայի տնտեսական ճգնաժամը Գերմանիային ավելի է վշտացնում, քան Հունաստանում եղած տնտեսական խնդիրները:
Գերմանացի տնտեսագետը նախագահ Օլանդին մեղադրելով ընտրարշավի ընթացքում կեղծ խոստումներ տալու մեջ, իր դժգոհությունն է հայտնել կենսաթոշակային փոփոխություններից հրաժարվելու, գույքահարկի և ինքնարժեքի բարձր լինելու պատճառով:
Ֆրանսիայում գործազրկությունը վերջին 21 ամիսների ընթացքում անընդհատ աճ է գրանցում: Վերջին տվյալների համաձայն՝ երկրում 3 մլն 170 հազար գրանցված գործազուրկ կա՝ ներառյալ կես դրույքով աշխատողները: Օրերս ֆրանսիական կառավարությունը խոստովանել է, որ չի կարողանալու լուծել տնտեսական թիրախների հարցը: ԵՄ-ն էլ հայտարարել է, որ Ֆրանսիայի տարեկան բյուջեի ճեղքվածքը նախատեսվածից շատ է լինելու:

Դիտվել է 1001 անգամ:
Print Friendly

Leave a Reply