Երևանի և մարզերի մարզական հավաքական թիմերի միջև կանցկացվեն պատանեկան առաջին ամառային մարզական խաղերը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | February 27, 2013 22:01
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքում, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը նախաձեռնել է առաջին անգամ անցկացնել Երևանի և մարզերի մարզական հավաքական թիմերի պատանեկան ամառային մարզական խաղեր:
Խաղերը նախատեսվում է անցկացնել 3 փուլով, 11 մարզաձևերից՝ աթլետիկա, բասկետբոլ, բռնցքամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ծանրամարտ, հանդբոլ, ձյուդո, շախմատ, սեղանի թենիս և վոլեյբոլ:Երկրորդ և երրորդ փուլերում, խաղերին կմասնակցեն ավելի քան 2000 մարզիկներ:
Առաջին փուլում, որը տեղի է ունենալու ապրիլ-հունիս ամիսներին, հանրապետության բոլոր բնակավայրերում տեղի կունենան մարզական խաղեր, տոնահանդեսներ և զանգվածային մրցումներ՝ տվյալ համայնքի հավաքական թիմերի կազմավորման համար: Հաջորդ փուլը կմեկնարկի սեպտեմբերին, որի ընթացքում կանցկացվեն 2-րդ խմբի խաղերը: Այս խմբում ընդգրկված են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի, Կոտայքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերի հավաքական թիմերը: 2-րդ փուլի արդյունքներով առաջինից չորրորդ տեղերը գրաված թիմերը և անհատական մարզաձևերից հանդես եկող մարզիկները,արդեն 3-րդ փուլում իրենց ուժերը կչափեն 1-ին խմբում հանդես եկող Շիրակի և Լոռու մարզերի, Ստեփանակերտի, ինչպես նաև Երևանի 1-ին և 2-րդ հավական թիմերի հետ:
Այս միջոցառումը կնպաստի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պատասխանատու հանրապետական բոլոր օղակներում ֆիզկուլտուրայի, առողջարարական և մարզական աշխատանքների աշխուժացմանը, ինչպես նաև առանձին մարզաձևերի հետագա զարգացմանը, իսկ խաղերի ընթացքում գրանցված մարզական արդյունքների հիման վրա կհամալրվեն Հայաստանի հավաքական թիմերի կազմերը՝ 2014թ. պատանեկան օլիմպիական խաղերից առաջ: ”Հենց նմանատիպ մրցումներն են, որ մեզ հնարավորություն են տալիս ի հայտ բերել խոստումնալից շատ մարզիկների՝ մեր ապագա չեմպիոններին”,- նշել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և հույս հայտնել, որ խաղերը կդառնան ավանդական:






Facebook
Tweet This
Email This Post
