ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հրավիրված քննարկումը նվիրված էր սպորտային բժշկության հիմանախնդիրներին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | February 27, 2013 21:56
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հրավիրված քննարկումը նվիրված էր սպորտային բժշկության հիմանախնդիրներին: Քննարկմանը, որին ներկա էր նաև նախարար Հրաչյա Ռոստոմյանը, հրավիրված էին ներկայացուցիչներ Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության կենտրոնից, Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի սպորտային բժշկության ամբիոնից, ուսանողական պոլիկլինիկայից (”Հատուկ պոլիկլինիկա” ՓԲԸ) և սպորտային բժշկությամբ զբաղվող անհատ մասնագետներ:
Քննարկման ընթացքում ներկաները անդրադարձել են մարզիկների ֆունկցիոնալ վիճակի գնահատման մեթոդների կատարելագործման, ինչպես նաև հետտրավմատիկ վերականգնողական միջոցառումների անհրաժեշտության և մարզիկների ծանրաբեռնվածության հետևանքով առաջացած ֆիզիոլոգիական վիճակի պահպանման հարցերին:
Քննարկումն անցել է անկեղծ և կառուցողական մթնոլորտում: Մասնակիցները ներկայացրել են ոլորտի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ՝ նշելով դրանց լուծման հնարավոր ճանապարհները: Կարևորվել է միջազգային փորձի կիրառման անհրաժեշտությունը, ինչը ներկաների կարծիքով, հնարավորություն կտա ոչ միայն կանխարգելել մեր մարզիկների լուրջ տրավմաները, այլ նաև ճիշտ կազմակերպել նրանց առողջության վերականգնողական աշխատանքները:
Ինչպես նշել է նախարար Ռոստոմյանը. ”Միայն մարզիկների և մարզիչների ջանքերով դժվար է մարզական լավ արդյունքներ գրանցել, հետևաբար կարևոր է սպորտային բժշկության և սպորտային հոգեբանության զարգացումը մեր հանրապետությունում”: Նրա կարծիքով, միմիայն համակարգված աշխատանքների շնորհիվ է հնարավոր լուծել սպորտային բժշկության առջև ծառացած խնդիրները:”Անհրաժեշտ է, որ կայանա համագործակցություն ոլորտը ներկայացնող բոլոր օղակների միջև՝ նախարարություն, օլիմպիական կոմիտե, առողջապահական հիմնարկներ, գիտական կենտրոններ, բուժկազմակերպություններ, ուսումնական հաստատություններ և ապահովագրական ընկերություններ: Միայն բոլորիս համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի այս ոլորտում ունենալ լավ արդյունքներ”,- ասել է նախարարը:






Facebook
Tweet This
Email This Post
