«Սա պետությո՞ւն է…». Նիկոլ Փաշինյանը երկմտանքի մեջ է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 27, 2013 19:23

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, մեջբերելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Սերժ Թանգյանին ուղղված նամակից մի հատված, որտեղ ասվում է. «Սե´րժ, սա պետություն է», հարց բարձրացրեց. «Սա պետությո՞ւն է, թե՞ պետություն չէ»:

Պատգամավորին «կասկածի առիթ» է տվել այն հանգամանքը, որ Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում մարզպետը շնորհակալություն է հայտնել աշխատակցիներին` Սերժ Սարգսյանի օգտին ձայներ ապահովելու համար, փոխարենը Շիրակի մարզպետը հրաժարական է տվել, քանի որ չի կարողացել ձայներ ապահովվել:

ՀՀ վարչապետը նախ շնորհակալություն հայտնեց պատգամավորին, որ ուշադրության կենտրոնում է պահում ընտրությունների հետ կապված հարցերը և արձանագրում է խախտումները` ցանկանալով օգնելով նաև իրենց, ապա հայտարարեց. «Առաջին անգամ եմ լսում, որ մարզպետը նման բան է արել, բայց պետք է նաև արձանագրել, որ այս ընտրությունների ընթացքում մարզպետները խստագույնս հետևել են, որպեսզի վարչական ռեսուրսը չկիրառվի և բավականին լավ աշխատել են այդ առումով»:

Այնուհանդերձ, վարչապետը խոստացավ, որ հարցը կքննարկվի և արդյունքների մասին կտեղեկացվի պատգամավորին:

Փաշինյանը բարձացրեց նաև հանրահավաքներին ոստիկանության վարվելակերպի հարցը` նշելով, որ հատկապես վերջին օրերին ոստիկանությունը հավաքները խոչընդոտում է: Որպես օրինակ նա նշեց Արտաշատ քաղաքը` նշելով, որ Արտաշատը վերջին շրջանում քաղաքական գործընթացների առումով տխրահռչակ վայր է դարձել: Առիթից օգտվելով` նա կոչ արեց դահլիճում ներկա մարդկանց, ովքեր որոշակի ազդեցություն և լծակներ ունեն այնտեղ (ակնարկը վերաբերում էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին-«Անկախ»), իրենց ուշադրությունը հրավիրեն այդ փաստի վրա:

Ի դեպ, Փաաշինյանը, արձագանքելով վարչապետի պատասխանին, որտեղ վերջինս շնորհակալություն էր հայտնել` հետընտրական խնդիրները բացահայտելով իրենց օգնելու համար, նկատեց. «Մենք ձեզ չէ, որ ուզում ենք օգնել, մենք օգնում ենք Հայաստանի Հանրապետությանը»:

Ի պատասխան` վարչապետն ասաց. «Ցավում եմ, որ դուք ցանկություն չունեք մեզ օգնելու, դա ցավալի հայտարարություն է: Ի տարբերություն ձեզ` մենք պատրաստ ենք օժանդակել ընդդիմադիր ուժերին»:

Դիտվել է 787 անգամ:
Print Friendly

Leave a Reply