«Հայաստանը եւ քաղաքակրթությունների երկխոսությունը»խորագրովմիջազգային գիտաժողով Կահիրեում

Պաշտոնական, Օրվա լուր | | February 27, 2013 17:59

Կահիրեի համալսարանում տեղի ունեցավ ՀՀ դեսպանության եւ Կահիրեի համալսարանի բանասիրության ֆակուլտետի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի կազմակերպած 5-րդ հերթական գիտաժողովը` «Հայաստանը եւ քաղաքակրթությունների երկխոսությունը. հայ գրատպության 500 ամյակ» խորագրով։ Միջոցառմանը ներկա էին եգիպտահայ համայնքի կարկառուն ներկայացուցիչներ, օտարերկրյա դիվանագետներ, Կահիրեի եւ եգիպտական այլ համալսարանների պրոֆեսորներ, գիտնականներ, լրագրողներ եւ բազմաթիվ ուսանողներ։

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը։ Խոսելով քաղաքակրթությունների երկխոսության մասին` դեսպան Մելքոնյանը նշեց, որ այն կոչված է, անկախ ազգային, կրոնական կամ այլ տարբերությունների, ժողովուրդների միջեւ հանդուրժողականության եւ փոխըմբռնման մթնոլորտի ստեղծմանը: Միաժամանակ նա դատապարտեց ժողովուրդների խաղաղ համակեցության սկզբունքների ոտնահարումը եւ փոխարենը անհանդուրժողականության, ատելության եւ ռասիզմի տարածումը` օրինակ բերելով Հայաստանի որոշ հարեւանների վարքագիծը: Դեսպանը շեշտեց, որ 21-րդ դարում դրանք չեն կարող տեղ ունենալ քաղաքակիրթ հասարակությունների միջավայրում։

Այնուհետեւ զեկույցներով հանդես եկան գիտնականներ ինչպես Հայաստանից, այնպես էլ` Եգիպտոսից եւ եգիպտահայ համայնքից։ Հայաստանից, մասնավորապես, ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի գիտական քարտուղար Ռոբերտ Ղազարյանը եւ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը։ Ընդհանուր առմամբ ներկայացվեց մոտ քսան զեկույց, որոնք հիմնականում վերաբերում էին տարբեր ժամանակաշրջաններում եւ երկրներում հայերի ունեցած նշանակալից ներդրմանը համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ:

Գիտաժողովի ընթացքում պատասխանելով եգիպտոսցի ուսանողուհիներից մեկի` այսպես կոչված Խոջալուի ջարդերի շուրջ հնչեցրած հարցին` ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը մանրամասն անդրադարձ կատարեց Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականությանը եւ պետական մակարդակի հասնող զեղծարարությանը, որի ցայտուն օրինակն է Խոջալուի դեպքերի աղավաղումը եւ քարոզչական նպատակներով շահարկումը։ Նա ներկայացրեց Խոջալուի մասին իրողությունը եւ միաժամանակ հիշեցրեց սումգայիթյան ջարդերի 25–րդ տարելիցի մասին, նշեց այդ ոճրագործության հեղինակների առ այսօր անպատիժ մնալու հանգամանքը, խոսեց նաեւ Բաքվում եւ Ադրբեջանի այլ քաղաքներում հայերի նկատմամբ իրականացված կոտորածների, քնած հայ սպային կացնահարած ոճրագործ Սաֆարովի եւ ադրբեջանական ղեկավար շրջանակների կողմից վերջինիս հերոսացնելու մասին` հիշատակելով նաեւ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու փաստերը։

Գիտաժողովի շրջանակներում համագործակցության հուշագիր ստորագրվեց Կահիրեի Այն Շամս համալսարանի պատմության ֆակուլտետի եւ ՀՀ ԳԱԱ արեւելագիտության եւ պատմության ինստիտուտների միջեւ։

Դիտվել է 1106 անգամ:
Print Friendly

Leave a Reply