Միջոցառում՝ նվիրված ազգային ազատագրական շարժման 25-ամյակին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 27, 2013 17:58

ՀՀ կրթության և գիտության նախարարության հանձնարարականով հանրապետության դպրոցներում փետրվարի 1-28-ը կազմակերպվում են բաց դասեր, հուշ-երեկոներ, դասախոսություններ՝  նվիրված ազգային ազատագրական շարժման և Սումգայիթի ջարդերի 25 ամյակին: Միաժամանակ հայտարարվել է շարադրությունների մրցույթ “Արցախ՝ ի՛մ սեր, ի՛մ հպարտություն” թեմայով: Այդ շրջանակում հերթական ցերեկույթը այսօր  տեղի  է ունեցել Երևանի թիվ 190 ավագ դպրոցում, որին ներկա  է եղել  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Միջոցառման ավարտին նախարարը, շնորհակալություն է հայտնել ուսանողներին նորագույն պատմության այս շրջանը վերապրելու և յուրովի ներկայացնելու համար. “Հայրենատիրության այն շարժումը, որը սկիզբ առավ 88 թվականին և որի համար մենք վճարեցինք մեր հազարավոր երիտասարդների ու քաղաքացիների կյանքով, այլևս կասեցնել հնարավոր չէ”,- իր խոսքում նշել է ՀՀ ԿԳ նախարարը: Նա նաև խոստացել է, որ միջացառման մասնակից 10 լավագույն  աշակերտները ամռանը ՀՀ ԿԳՆ աջակցությամբ Արցախում եռօրյա հանգիստ անցկացնելու հնարավորություն կունենան: “Նախաձեռնելով բաց դասերի, քննարկումների և միջոցառումների մեկամսյակ՝ նախարարությունը նպատակ ունի 400 հազար հայ աշակերտների մեջ վառ պահել պատմական հիշողությունը, քանի որ հիշողությունը սոսկ անցյալ չէ, այն ապագայի հույսեր կառուցելու  առաջին նախապայմանն է”,- շեշտել է նախարարը հավելել, որ արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումները Հայաստանի հանրապետության դպրոցներում շարունակվում են:  Ա. Աշոտյանը նշել է, որ “Արցախ՝ ի՛մ սեր, ի՛մ հպարտություն” թեմայով շարադրությունների մրցույթի արդյուները կամփոփվեն մարտին:

Դիտվել է 894 անգամ:
Print Friendly

Leave a Reply