Հովիկ Աբրահամյանը մի ժամանակ ցանկություն ուներ վարչապետ դառնալ, հիմա` ոչ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 27, 2013 16:02

«Մենք այս պահին աշխատում ենք մի հայտարարության տեքստի վրա: Եթե ընդհանուր հայտարարի գանք, կկազմակերպենք արտահերթ նիստ` հետընտրական խնդիրները քննարկելու նպատակով»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ ընդդիմությունն առաջարկել էր խորհրդարանում քննարկել հետընտրական գործընթացներն ու խնդիրները, ինչին ի պատասխան` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկել էր խորհրդակցել և գտնել քննարկման ձևաչափը:

Անդրադառնալով ընտրություններից հետո պաշտոնյաների իրար հետևից տեղի ունեցող հրաժարականներին՝  Հովիկ Աբրահամյանն ասաց. «Եթե 915 համայնքից 70-ում մենք պարտվել ենք, չի նշանակում, որ վատ ցուցանիշ ենք ցուցաբերել: Մենք չենք ընդունում, որ համայնքապետերը պետք է հրաժարական տան, քանի որ իրենց համայնքներում մեր թեկնածուն պարտվել է: Դա սխալ է: Համայնքի ղեկավարն այդտեղ մեղավոր չէ»:

Շրջանառվող լուրերին, թե իբր կառավարությունում փոփոխություններ են սպասվում` Հովիկ Աբրահամյանն ասաց. «Այո, փոփոխություններ լինելու են, բայց դա չի նշանակում, որ դա վերաբերելու է վարչապետին»:

Նա պատասխանեց նաև լրագրողներից մեկի ակնարկին` վարչապետի պաշտոնում հայտնվելու իր ցանկության վերաբերյալ. «Մի ժամանակ ցանկություն ունեի, հիմա` ոչ: Աժ նախագահի պաշտոնն ավելի բարձր է»:

 

 

Դիտվել է 776 անգամ:
Print Friendly

Leave a Reply