Հովիկ Աբրահամյանը վստահ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ողջամիտ և հայրենասեր գործիչ է և չի գնա նման քայլերի

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 27, 2013 15:41

Խորհրդարանում այսօր հրավիրած մամլո ասուլիսն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ բոլորին հետաքրքրող հետընտրական իրավիճակին:

«Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն նախագահ հայտարարելու որևէ հիմք չունի: Մենք այս ընտրություններում հաղթել ենք և հաղթել ենք բավականին լավ ցուցանիշներով»,-հայտարարեց նա` զարմանալով, որ ր շատերը` այդ թվում նաև իրենց թիմակիցներից ոմանք, Սերժ Սարգսյանի հավաքած 58 տոկոսը ցածր ցուցանիշ են համարում և կարծես վախեցած են դրանից:

Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայները ողջ ընդդիմադիր դաշտի ձայներն են. Հովիկ Աբրահամյանը հիշեցնում է, որ նախորդ ընտրություններում կային մեկից ավելի ընդդիմադիր թեկնածուներ, որոնք միասին 750 հազար ձայնից էլ ավել էին հավաքում, և հիմա նորմալ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, փաստացի դառնալով «միասնական» թեկնածու, վերցրեց այդ ձայների զգալի մասը. «Դրանում զարմանալի ոչինչ չկա»,-կարծում է նա:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկած կես միլիոնից ավելի քաղաքացիներին, ապա Հովիկ Աբրահամյանը գտնում է, որ նա այդ ձայները ոչ թե պետք է օգտագործի հանրահավաքներում, այլև երկրում բարեփոխումներ իրականացնելու նպատակով: Նա վստահ է, որ եթե լուրջ առաջարկներ ներկայացվեն Սերժ Սարգսյանին, ապա նա պատրաստ է ընդունել դրանք:

Լրագրողներից մեկի հիշեցմանը, որ Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման ժամանակ վերջինս կողմից ներկայացված որևէ առաջարկ Սերժ Սարգսյանի կողմից չի ընդունվել, Հովիկ Աբրահամյանն ասաց. «Խոսքը ողջամիտ առաջարկների մասին է: Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ասի` եկեք գնանք երկրորդ փուլ, եթե ասի` արի լուծարենք խորհրդարանը, ո՞նց ընդուներ»:

Կարո՞ղ է ողջամիտ համարվել, օրինակ, «Ժառանգության» կողմից հաճախ բարձրացվող` վերահսկողական պաշտոններ զբաղեցնելու առաջարկը:  Հովիկ Աբրահամյանն ասաց. «Ինչու՞ ոչ: Թող առաջարկեն, կքննարկենք»:

Եթե հանրահավաքային պայքարը մտնի առավել կոշտ փուլ, ինչի նախադրյալներն արդեն կան, ի՞նչ քայլեր կձեռնարկեն իշխանությունները: Հովիկ Աբրահամյանը պատասխանում է. «Ես վստահ եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այնքան ողջամիտ և հայրենասեր գործիչ է, որ չի գնա այնպիսի քայլերի, որոնք խնդիրներ կառաջացնեն երկրում»:

Իսկ եթե այնուամենայնիվ, նման բան լինի, ըստ ԱԺ նախագահի` իշխանությունները համարժեք պատասխան կտան` օրենքի սահմաններում:

 

Դիտվել է 707 անգամ:
Print Friendly

Leave a Reply