Ըմբշամարտը ներկայումս ճապոնական սումո մրցաձևի են վերածել և մի կողմ գցել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 27, 2013 15:17

Այսօր զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին հանդիպեցին Հայաստանի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը և Երևանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, ճանաչված ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանի և Յուրի Պատրիկեևի անձնական մարզիչ Սամվել Գևորգյանը:

Թեև Թեհրանում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն անմասն էր մնացել խաղարկված պարգևներից, այդուհանդերձ,  Լևոն Ջուլֆալակյանը հայտնեց, որ գոհ է իր սաների մրցելույթից:

Հավաքականը Ավանում գտնվող ֆուտբոլի ակադեմիայի բազայում  սկսել է  ուսումնամարզական  հավաք: Թիմը ևս մեկ ուսումնամարզական հավաք կանցկացնի մարտի 7-21-ը:

Ինչ վերաբերում է ըմբշամարտն օլիմպիական խաղերի ծրագրից հանելուն, ապա Ջուլֆալակյանի կարծիքով` մարզաձևում օրենքները արմատականորեն  պետք է փոխվեն: Ըստ նրա միայն դա է պատճառը, որ հանրության շրջանում կորել է ըմբշամարտի նկատմամբ հետաքրքրությունը։

Հիշեցնենք, որ  ըմբշամարտը հանվել է 2020-ի օլիմպիական խաղերի ծրագրից և դեռ պետք է պայքարի հավակնորդ մարզաձևից դարձյալ օլիմպիական մարզաձև դառնալու համար։

Նա տեղեկացրեց, որ Թեհրանում կայացած նիստի ժամանակ ամեն երկիր հայտնել է իր  դժգոհությունը: Ջուլֆալակյանն առաջարկել է, որ տարբեր երկրների ներկայացուցիչները  հստակ քայլեր ձեռնարկեն, մշակվեն ըմբշամարտի նոր օրենքներ, որոնք ավելի հետաքրքրիր և դիտարժան կդարձնեն մարզաձևը: Ջուլֆալակյանը պահանջել է, որ ամեն երկիր  դիմում-բողոք ներկայացնի Միջազգային օլիմպիական կոմիտե:

Սամվել Գևորգյանն էլ այն կարծիքին է, որ հնարավոր  բոլոր միջոցները պետք է կիրառել, պայքարել, որ ըմբշամարտը կրկին գրավիչ դառնա: Նրա խոսքերով` ըմբշամարտը ներկայումս  ճապոնական սումո մրցաձևի են վերածել և մի կողմ գցել:

Դիտվել է 1795 անգամ:
Print Friendly

Leave a Reply