Պարադոքս. Լյուվենի համալսարանի գիտական կենտրոնի մեկամյա ֆինանսավորմամբ հայաստանյան գիտությունը կապրի 25 տարի

ԷՍՍԵ, ԿՐԹԱԿԱՆ | | February 27, 2013 14:21

Պատահում է, որ անհավանական երազ ես տեսնում: Գիտես որ երազ է, ամեն կերպ ուզում ես արթնանալ, բայց չի ստացվում, մղձավանջը շարունակվում է:

Արթմնի վիճակում նման զգացողություն ունեցա վերջերս բելգիացի գիտնականի դասախոսությունը լսելիս: Նեյրոհոգեֆիզիոլոգիայի ոլորտի առաջատար մասնագետ Մարկ Վան Հյուլեն  մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում հայ գիտնականներին ներկայացնում էր Լյուվենի կաթոլիկ համալսարանում գործող իր լաբորատորիայի գործունեությունը և ծրագրերը:

Գիտնականը պատին պրոյեկցված պատկերի վրա մանրակրկիտ ու հպարտությամբ ցույց էր տալիս` սա մեր համալսարանն է, այս  մի մասնաշենքում իմ լաբորատորիան է, և այդպես շարունակ: Նրա ամեն մի խոսքից զգացվում էր, թե ինչքան հպարտ է իր ունեցածով:

Երբ գիտնականը սկսեց ներկայացնել իրենց համալսարանի գիտական կենտրոնի և իր լաբորատորիայի ֆինանսավորումը, թվաց, թե խոսքի միալար հնչերանգից ննջել եմ ու երազ եմ տեսնում: Սթափվեցի, մտքերս հավաքեցի ու սևեռվեցի պատի վրայի պատկերին: Պարզվեց, որ ո՛չ  քնած եմ, ո՛չ էլ սխալ եմ լսում, պարզապես հայ իրականության համար բելգիական համալսարանի գիտական կենտրոնի ֆինանսավորումն անհավանական ու աստղաբաշխական է թվում: Նրանց մեկ տարվա ֆինանսավորմամբ հայաստանյան գիտությունը քանի՜-քանի՜ տարի կապրի:

Պարզվում է, որ Մարկ Վան Հյուլեի գլխավորած լաբորատորիան, որն աշխատում է Mindspeller (Մայնդսփելեր) ծրագրի վրա, տարեկան ստանում է 2 մլն եվրո ֆինանսավորում. դա այն գումարն է, որ անհրաժեշտ է գիտնականների փոքր խմբին արդյունավետ հետազոտություններ անելու համար:

Լյուվենի համալսարանի գիտական կենտրոնի տարեկան բյուջեն գերազանցում է 500 մլն եվրոն: Սա այն պարագայում, երբ Հայաստանում ողջ գիտության տարեկան բյուջեն է կազմում 20 մլն եվրո (11 մլրդ ՀՀ դրամ): Այսինքն` Լյուվենի համալսարանի տարեկան բյուջերով հայաստանյան գիտությունը կգոյատևի  25 տարի:

Հաջորդ օրը զարմանալու հերթը բելգիացի գիտնականինն էր: Եթե մենք` հայերս, զարմանում էինք, թե ինչ մեծ ֆինանսավորում ունի գիտությունը Բելգիայում, ապա Մարկ Վան Հյուլեն ԳԱԱ նախագահի հետ հանդիպումից ու Հայաստանում գիտության ֆինանսավորման ծավալն իմանալուց հետո էր երազում հայտնվել: Նա ոչ մի կերպ չէր հասկանում, թե նման ֆինանսավորմամբ ինչպե՞ս կարող է Հայաստանը գիտություն ու լավ գիտնականներ ունենալ, նաև տարածաշրջանում լինել առաջատարը միջազգային պարբերականներում տպագրվող հոդվածների քանակով:

Ու չնայած իր դասախոսությունը սկսելիս բելգիացի գիտնականը նշեց, որ Հայաստանը և Բելգիան շատ նմանություններ ունեն` փոքր երկրներ են, որոնց հիմնական ներուժը մարդկային ռեսուրսն է, այնուամենայնիվ տարբերություններն ավելի շատ են:

Բելգիա, երկիր ԵվրոպայումԽորհրդարանական միապետություն է: Ունի երեք պետական լեզու` հոլանդերեն, ֆրանսերեն, գերմաներեն: Մայրաքաղաքը` Բրյուսել:

Տարածքը` 30 հազար քկմ: Բնակչությունը` 11 մլն` ըստ  2012-ի մարդահամարի տվյալների:

Բելգիայում գիտությունը կենտրոնացած է համալսարաններում: Համալսարանների բյուջետային հատկացումների 40%-ն ուղղվում է գիտության զարգացմանը: Գիտական հետազոտությունները ֆինանսավորվում են ինչպես առանձին  նախարարությունների, այնպես  էլ պետական հատկացումներով, ինչպես նաև մասնավոր ֆոնդերից:

Գիտության զարգացմանն  է կոչված աջակցելու Բելգիայի գիտական հետազոտությունների ազգային հիմնադրամը: Պետությունն այս հիմնադրամի միջոցով է իրականացնում համալսարանների ֆինանսավորումը, որտեղ և կենտրոնացած  է գիտությունըՀիմնադրամը աջակցում է ինչպես անհատ հետազոտողների, այնպես էլ գիտնականների խմբերի` միավորված մեկ թեմայի շուրջ:

Գիտության ֆինանսավորմամբ զբաղվում են նաև համայնքները, ինչպես նաև տարբեր հիմնադրամներ: ՕրինակԲոդուէն թագավորի անվան հիմնադրամը ֆինանսավորում է  այն գիտական հետազոտությունները, որոնք ուղղված են Բելգիայի տնտեսության, դեմոգրաֆիայի բարելավմանը և իմիգրացիոն խնդիրների լուծմանը:

Լյուվենի կաթոլիկ համալսարանը, որի մասին այդքան մեծ հպարտությամբ խոսում էր Հյուլենհիմնադրվել է 1425-ին և համարվում է աշխարհի հնագույն համալսարաններից մեկը: Ունի 14 ֆակուլտետ, որոնք ներառում են գիտության հումանիտարբնական և տեխնիկական ուղղություններըԲուհն ունի ավելի  քան 26 հազար ուսանող, որոնցից 2300-ն օտարերկրացիներ են աշխարհի 100 երկրներից, այդ թվում և Հայաստանից:

Ողջ աշխարհում հայտնի է նաև համալսարանի գրադարանը, որն ունի շուրջ 4 մլն գիրք և 15 հազար պարբերական: Համալսարանի գիտական կենտրոնին կից գործում է նաև հինգ հիվանդանոց` մոտ 2 հազար մահճակալներով:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕի  2010-ի գիտության մասին զեկույցիԲելգիայում գիտության առաջատար ճյուղեր են համարվում կենսաբանությունը, քիմիան, կլինիկական բժշկությունը: Երկրի ՀՆԱի 1,87%-ը հատկացվում է գիտությանըԱյստեղ մեկ միլիոն բնակչին բաժին է ընկնում  մոտ 2900 գիտաշխատող:

Տարվա ընթացքում տպագրված գիտական հոդվածքների քանակով Բելգիան ԵՄ երկրների շարքում, ըստ 2008-ի տվյալների, 9-րդն է` 13 773 հոդված:

Հայաստանի Հանրապետություն, երկիր Անդրկովկասում: Տարածքը` 29 հազար քկմ, բնակչությունը` 3,26 մլն` ըստ 2011-ի մարդահամարի տվյալների:

Հայաստանում գիտության ֆինանսավորումը կազմում է ՀՆԱի մոտ 0,25%-ը:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕի 2010-ի գիտության մասին զեկույցի` Հայաստանում գիտության առաջատար ճյուղերն են ֆիզիկան, մաթեմատիկան, քիմիան, կլինիկական բժշկությունը և այլն:

Մեկ մլն բնակչին բաժին է ընկնում մոտ 1200 գիտաշխատող: Ըստ նույն զեկույցի` Հայաստանը, հարևան երկրների համեմատությամբ, առաջատար է գիտության ոլորտում: 2008-ին Հայաստանն ունեցել է 544 գիտական հոդված, մինչդեռ, օրինակ, Ադրբեջանը` 292, Վրաստանը` 328: Ընդգծենք նաև, որ նշված երկու երկրները գիտությանն ավելի շատ են ֆինանսական միջոցներ հատկացնում:

Չնայած երկու երկրների միջև առկա տարբերություններին` բելգիացի գիտնականը վստահ է, որ ապագան Հայաստանինն է` երկիր, որ ունի ուղեղի, մտքի նման մեծ պոտենցիալ:

Օտարերկրացի գիտնականը բարձրաձայնում է ճշմարտությունը, որը չեն գիտակցում մեզանում ոլորտի պատասխանատու բազմաթիվ պետական այրեր: Դա են վկայում թե՛ գիտությանը հատկացվող ֆինանսավորման ծավալը, թե՛ վերաբերմունքն ուղեղների արտահոսք ասված երևույթին: Ոլորտի շատ պատասխանատուներ ասում են, որ դրա մեջ վատ բան չեն տեսնում. տեխնիկայի դարաշրջան է, և արտերկրում հաջողության հասած հայ գիտնականը կարող է դրսից էլ աշխատել իր հայրենիքի համար: Մինչդեռ, օրինակ, բելգիացի գիտնականը պարտադիր է համարում, որ դրսում կրթություն ստացած հայ երիտասարդները հայրենիք վերադառնան ու այստեղ աշխատեն:

Դիտվել է 2445 անգամ:
Print Friendly

Leave a Reply