Ռուբեն Հակոբյանն արհամարհում է հայաստանյան ընտրությունները «մեկ քայլ առաջ» բնութագրած բոլոր կազմակերպություններին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 26, 2013 19:57

“Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն Ազգային ժողովում պատգամավորների հայտարարությունների ժամին անդրադարձավ փետրվարի 18-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությանը.  “Մեր գնահատմամբ` ԿԸՀ-ի հրապարակած պաշտոնական արդյունքները չեն արտացոլում ընտրությունների իրական պատկերը: Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը հայտարարում է, որ չի ճանաչում այդ ընտրությունների արդյունքները”,-հայտարարեց նա:

Նրա խոսքով` կեղծված ընտրությունների արդյունքում հանրապետության գրեթե ողջ տարածքով բարձրացել է ժողովրդական ընդվզումի հզոր ալիք՝ ժողովրդի տված իրական քվեներով իշխանություն ձևավորելու պահանջով, որը մեր Սահմանադրության հրամայական նորմերից է: Ռուբեն Հակոբյանը բերեց փաստեր.

“Այսպես՝ նույնիսկ ԿԸՀ-ի կողմից հրապարակված պաշտոնական տեղեկագրի՝ 223 ընտրական տեղամասերում ընտրություններին, ըստ համապատասխան արձանագրությունների, մասնակցել են ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 83.13%-ը, որից 10.78%-ն իր ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ 81.61%-ը՝ Սերժ Սարգսյանին: 46 ընտրատեղամասերում ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 93.57%-ը, որից 6. 72%-ն իր ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ 92.18%-ը՝ Սերժ Սարգսյանին:

Իսկ առավել անթաքույց զավեշտն այն է, որ հինգ տեղամասերում ընտրություններին մասնակցել են ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 100%-ը, որտեղ միջին հաշվով 5.28%-ը ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, իսկ 93.33%-ը՝ Սերժ Սարգսյանին: Կա տեղամաս, որտեղ ընտրողների 100%-ը մասնակցել է ընտրություններին և 100%-ն էլ ձայները տվել են Սերժ Սարգսյանին: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ թվարկված այս տեղամասերի բացարձակ մեծամասնությունը գյուղական համայնքներում են”:

Այնուհետև Ռուբեն Հակոբյանը հիշեցրեց, որ Հայաստանի գյուղերից կրկնակի արտագաղթ է կատարվել` նրանց մի մասը տեղափոխվել են շրջկենտրոն կամ, հիմնականում, Երևան, իսկ մի մասն էլ ընդհանրապես լքել է Հայասատանը: “Մեր գյուղերի բնակիչների կեսից ավելին արտագաղթել է: Իրենց բնակավայրերը պարտադրված լքած Հայաստանի քաղաքացիների հաշվին եք դուք «հաղթել» ընտրություններում: Իսկապես «քաղաքական շառլատան» պետք է լինել այս փաստերի հետ հաշիվ չնստելու համար”:

Ընտրությունների ընթացքին դրական գնահատական է տրվել նաև մի շարք եվրոպական կառույցների դիտորդական առաքելություն իրականացնողների կողմից: Սակայն պատգամավորը հիշեցնում է, որ դրանք նույն այն կառույցների ներկայացուցիչներն են, որոնք անթաքույց շատ դեպքերում մեր ազգային շահը վաճառել են մեր թշնամիներին: “Եվ Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչները բազմիցս ճշմարտացիորեն նրանց բնորոշել են որպես «խավիարակերներ»: Հավատացեք, որ այդ «խավիարակերը» Հայաստանում էլ նույն «խավիարակերն» է”:

Հասկանալով դիվանագիտական խոսքի արժեքն ու որոշակիորեն տիրապետելով դիվանագիտական բառամթերքին` Ռուբեն Հակոբյանն այդքանով հանդերձ հայտարարեց, որ ներկայացրած այս և նմանատիպ բազմաթիվ փաստերի առկայության դեպքում, երբ արձանագրում են, որ Հայաստանում տեղի են ունեցել մեկ քայլ առաջով արդար ընտրություններ, ուղղակի արհամարհում է բոլոր այդ կազմակերպությունների կողմից տրված դրական բոլոր գնահատականները:

Այնուհետև նա խոսքն ուղղեց Սերժ Սարգսյանին. “Կեղծված ընտրությունների արդյունքում Հայաստանում ստեղծվել է բավականին լարված իրավիճակ: Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկություններին Ձեր կողմից «ոչ»-ով արձագանքելը վտանգավոր փուլ է տեղափոխում զարգացումների ընթացքը: Դուք պարտավոր եք ցուցաբերել իմաստնություն և խոհեմություն, պատրաստակամություն, կոմպրոմիսային քայլեր ձեռնարկել՝ պետությանը այս ծանր վիճակից դուրս բերելու համար: Հակառակ պարագայում, դեպքերի հետագա զարգացման ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխող վարչախմբի և մասնավորապես Ձեզ վրա”:

Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply