«Լավագույն տղերքը վերադառնում են, իսկ սիրելի կանայք նոր հույս են գտնում մեր հայրենիքում». Զ. Փոստանջյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 26, 2013 19:42

Այսօր խորհրդարանում “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հայտարարությունների ժամին իր հայտարարությունը սկսեց Լևոն Խեչոյանի “Արշակ Արքա, Դրաստամատ ներքինի”  վեպից արված մեջբերումով. “Թագը ժողովուրդ է, ժողովուրդը` հող, հողը՝ թագավոր: Իսկ լավ թագավորը՝ ժողովրդի արաժանապատվությունը”:

Այնուհետև, դիմելով ժողովրդին, Զարուհի Փոստանջայնն ասաց. “Սիրելի´ հայ ժողովուրդ, փետրվարի 18-ին դու ապացուցեցիր, որ ունես արժանապատվություն: Սիրելի´ հայ ժողովուրդ, փետրվարի 18-ին  դու կրկին ներկայացրեցիր Աստծո կողմից քեզ տրված հայկական բարձրավանդակի նկատմամբ քեզ լիարժեք պատկանող իրավատիրության  և հայրենատիրության հայտը”:

Հետո կրկին մեջբերելով Խեչոյանին` շարունակեց.«Մեր հարևան  տերությունները, երբ ցանկացել են ճզմել, ցածրացրել և արհամարել են մեր թագավորներին` մեր ժողովրդին, մեր հողը, մեր արժանապատվությունը: Միայն Տիգրան Մեծի խորաթափանց միտքն ու հզոր բազուկն էր, որ աշխարհի դրամի մեջ զրնգուն շառաչով մտցրեց հայկական թագի պատկերը: Նրանից հետո, այս էլ քանի դար, մի լումա անգամ չկարողացան կտրել մեր թագավորները: Որովհետև դրամ կտրելը հողագնդի վրա արժանապատվություն և անկախություն էր նշանակում: Երբ ցանկացել են՝ քո թագավորներին նաև շպրտել  են գահից, մորթել և գերեվարել են»:

Զարուհի Փոստանջյանի խոսքով` տարիներ շարունակ մենք ականատեսն ենք, թե ինչպես  մեր  ժողովրդին, որն ունի արժանապատվություն այս կամ այն տերության հանցակցությամբ, թույլ չեն տվել իրացնել իր երկրում թագավոր լինելու իր իրավունքը, ականատես ենք նաև, որ  մեզ սպանել և բանտարկել են: Կրկին այս կամ այն տերության մասնակցությամբ և հանցակցությամբ տեղի է ունենում փորձ օտարել մեզանից մեր երկրում թագավոր լինելու մեր իրավունքը և իրավազորությունը:

“Սակայն պետք է այս կամ այն տերության հանցակից մասնակիցներին իրազեկենք, որ այս անգամ ձեր ջանքերը` Սերժ Սարգսյանին կարգելու ՀՀ նախագահ, դատապարտված են և ապարդյուն”,-ասաց Փոստանջյանը:

Նա հորդորեց, որ որևէ մեկը չկասկածի հայ ժողովրդի կամքի և հավատի հաստատակամության մեջ:

“Մենք կարճ չենք մտածում և հեռուն չենք անտեսում: Մենք զինված ենք համառ համբերությամբ, առյուծին բնորոշ զոհաբերությամբ և նվիրվածությամբ, մեր հազարամյա հայկական վիշապների իմաստությամբ և մեր լեռների տիրակալ հայակական արծվի  սրատեսությամբ, որի արդյունքում ճշմարտությունը նվաճելու է մեր  Հայրենիքի բոլոր տաճարները: Մեր ժողովուրդը և հայրենիքը կանչում է: Լավագույն տղերքը վերդառնում են, իսկ սիրելի կանայք նոր հույս են գտնում  մեր հայրենիքում”:

 

 

Դիտվել է 905 անգամ:
Print Friendly

Leave a Reply