ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի հայտարարությունը 26.02.2012 ԱԺ նիստին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 26, 2013 20:01

Սիրելի հայրենակիցներ:

Հետընտրական զարգացումները երկրում որևէ զարմանքի տեղիք չեն տալիս, քանի որ մարդկանց հատուկ է սեփական կարծիքի գերագնահատումը և այն որպես բացարձակ ճշմարտություն ներկայացնելը: Դա հատուկ է ընդհանրապես մարդ արարածին՝ անկախ ազգությունից, սեռից, տարիքից և բնակության վայրից: Իսկ իրականության և ճշմարտության երաշխիք են հանդիսանում փաստերը, փաստերը և միայն փաստերը:

Երկիրը ապրում է առաջընթաց, իրականացվում են մի շարք բարեփոխումներ, ստեղծվում են նոր աշխատատեղեր, նոր հնարավորություններ, Հայաստանը քայլում է ժողովրդավարական ուղով: Սա փաստ է:

Այո, երկրում առկա են չլուծված սոցիալական խնդիրներ: Այո, երկրում կա աշխատատեղերի պակաս: Այո, երկրում բարոյահոգեբանական մթնոլորտը դեռ կատարյալ չէ: Եվ նմանատիպ այլ խնդիրներ, որոնք, իրենց հերթին, հատուկ են մեր երկրի նման շատ ու շատ երկրների: Եվ սա ոչ ոք չի ժխտում: Սա փաստ է:

Սակայն այս իրավիճակի փոփոխության և երկրի հետագա առաջընթացի համար կա երկու մոտեցում՝ էվոլյուցիոն և ռեվոլյուցիոն: Էվոլյուցիոն ճանապարհը մատուցված է հաղթած թեկնածուի կողմից ներկայացված հստակ ձևակերպված ծրագրում, որի իրականացման հնարավորությանը հավատացել են 861 373 քաղաքացի, և չի հավատացել 607 491-ը: Սա փաստ է:

Տարրական դպրոցի մաթեմատիկայի գիտելիքները ներում են այստեղ տեսնել 253 882 ձայնի տարբերություն: Սա փաստ է:

Անկեղծ լինեմ՝ մեր ընդդիմախոսներից չեմ լսել ժողովրդին մատուցվող հստակ քայլեր, հստակ ծրագրեր, հստակ ճանապարհային քարտեզ: Փոխարենը կրկին հնչում են ռադիկալ փոփոխությունների կոչեր, հերթական ընվզումն է տարածվում ժողովրդի մեջ, փորձեր են արվում ծայրահեղական փայքարի, և կարծես թե կրկին գլուխ է բարձրացնում՝ “ով մեզ հետ չէ, նա մեզ դեմ է” արատավոր սկզբունքը:

Սոցիալական կայքերում մեկ-երկու գրառում կարդալիս պարզ է դառնում, որ գործը հասնում է անձնական վիրավորանքների, իսկ մամուլի մեկ-երկու հրապարակումներից երևում է, որ քննադատվում է ոչ թե գաղափարը, քայլը, քաղաքական դիրքորոշումը, այլ անձը:

Համաձայնեք, որ սա վտանգում է թե իշխանությունների զսպված քաղաքականությունը և թե ընդդիմության առավելագույն ձայներ հավաքած թեկնածուի բարեկիրթ պայքարը:

Սիրելի հայրենակիցներ: Եկեք սթափվենք և վերադառնանք իրավական հարթություն, որտեղ իշխում են փաստերը, փաստերը և միայն փաստերը: Փաստերով խոսենք, փաստերով առաջնորդվենք, փաստերով հիմնավորենք մեր ասելիքները: Հիշենք Բուլգակովի բնորոշումը՝ “Փաստը խոսուն իրողություն է”:

Եվ ավելացնեմ միայն Ուինսթոն Չերչիլի խոսքերը. “Պատասխանատվությունն է այն գինը, որը մենք վճարում ենք իշխանության դիմաց”:

Դիտվել է 887 անգամ:
Print Friendly

Leave a Reply