Այլևս Թուրքիա չեմ գնա. Վալերի Բուայե
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 26, 2013 18:14
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծերի հեղինակ, Մարսելից պատգամավոր ընտրված Վալերի Բուայեն նշել է, որ այլևս Թուրքիա չի գնալու, քանի որ տեսնում է, որ իր կյանքը վտանգված է: Բուայեն խոսել է «Cihan» լրատվական գոչծակալության հետ և նշել, որ անցած տարի Սահմանադրական խորհրդի կողմից չեղյալ համարված օրինագիծը կրկին ներկայացրել է խորհրդարանին, բացի այդ առաջարկել է խորհրդի վերաբերյալ հարցաքննող կոմիտե ձևավորել:
Խոսելով ժխտման օրինագծի ապագայի մասին, Բուայեն ասել է. «Ես իմ միտքը չեմ փոխել, արել եմ այն, ինչ անհրաժեշտ էր: Հետագան կախված է նրանից, թե ինչքանով նախագահ Ֆրանսուա Օլանդը կկատարի իր տված խոստումները»: Բուայեն նշելով, որ օրինագծի հարցում նախագահ Օլանդը որդեգրել է Սարկոզիի ունեցած տեսակետը, ասել է, որ իր կարծիքով հարցի լուծման համար օրենսդրական առաջարկներից բացի այլ ճանապարհ չկա: «Միգուցե Օլանդը երրորդ ճանապարհի ուղղությամբ է աշխատում: Այս պահին վերոհիշյալ խնդրի շուրջ մի հանձնաժողով է աշխատում»,-նշել է Բուայեն:
Պատգամավորը նշելով, որ Ադրբեջանը նավթի և գումարի ուժով համաշխարհային հանրությանը սխալ տեղեկություն է տալիս, հայտնել է, որ Ղարաբաղ այցելելու համար Ադրբեջանում իրեն անցանկալի անձ են հայտարարել: Նա, ընդգծելով, որ ոչ մի բան չի ուզում խոսել Խոջալուի դեպքերի առնչությամբ, հիշատակել է Հունգարիայում հայ սպայի կացնահարության սարսափելի դեպքը: «Մարդասպանին որպես հերոս ընդունող մի երկրի խոսքերին ինչպե՞ս կարող եք հավատալ»,-ասել է Բուայեն:






Facebook
Tweet This
Email This Post
