Վախճանվել է պատմաբան Բաբկեն Հարությունյանը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 26, 2013 16:58

Այսօր` փետրվարի 26-ին , վախճանվել է հայտնի պատմաբան, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Բաբկեն Հարությունյանը:

Անկախ-ը ցավակցում է պատմաբանի ընտանիքին ու հարազատներին:

Բաբկեն Հարությունի Հարությունյանը ծնվել է 1941 թ Երևանում: 1958 թվին Երևանի Հր. Աճառյանի անվան թիվ 72 միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո նույն տարում ընդունվել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետը, որն ավարտել է ժամկետից շուտ` 1962 թվականին` գերազանցության դիպլոմով: 1963-1966 թթ ուսանել է նույն բուհի ասպիրանտուրայում: 1968 թվին պաշտպանել է թեկանածուական ատենախոսություն` «Վայոց ձորը հնագույն ժամանակներից մինչև 1045 թվականը» խորագրով: Գիտամանկավարժական գործունեությանը զուգահեռ` 1972-1977 թթ սովորել և գերազանցությամբ ավարտել է նաև ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժինը: 1993 թվին պաշտպանել է «Մեծ Հայքի վարչաքաղաքական բաժանման համակարգն ըստ «Աշխարհացոյց»-ի (արևմտյան և հարավային աշխարհներ)» դոկտորական ատենախոսությունը, 2005-ին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, 2006-ին ընտրվել է ՀՀ ԳԱ ակադեմիայի թղթակից-անդամ:

1969 թվականից դասավանդում էր Երևանի պետական համալսարանում, 1993-1994 թթ դասախոսել է նաև Համազգայինի Բեյրութի հայագիտական բարձրագույն հիմնարկում, իսկ 1995-1996 թթ` ԱՄՆ-ի Միչիգանի Դիզբորն համալսարանում: 2003 թվին ընտրվել է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, ուր պաշտոնավարում էր մինչ օրս: 2007-2008 թթ. համատեղությամբ վարել է ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնը: Տարիներ շարունակ նա ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում գործող գիտական աստիճաններ շնորհող խորհրդի փոխնախագահն է:

Գիտնականն արժանացել է Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալի, նոբելյան մրցանակակիր «Ալբերտ Շվայցերի» մեդալի, «Եկատերինա Մեծ» և «Ոսկե արծիվ ոսկի թագով» գերմանական շքանշանների: 2006 թ. նրան շնորհվել է Մովսես Խորենացու մեդալ, իսկ 2009-ին` ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում:

Դիտվել է 816 անգամ:
Print Friendly

Leave a Reply