Երբ կհաղթահարվի ճգնաժամը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | April 5, 2010 16:17

«Ճգնաժամի առկայությունն ու դրանից դուրս գալը որոշվում է 4 ֆակտորներով, որոնցից առաջինը ՀՆԱ-ի ցուցանիշն է»,- այսօր  «Հայացք» ակումբում կայացած բանավեճի ժամանակ ասաց  ԱԺ ՀՅԴ խմբակցությքան անդամ Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ ֆինանսական համակարգի նկատմամբ վստահությունը, գործազրկությունն ու բնակչության կենսամակարդակի վերաբերող ցուցանիշները մյուս գործոններն են, որոնցով կարելի է գաղափար կազմել, որ ճգնաժամը հաղթահարվել է, թե ոչ:

«Եթե առաջին երկու ամիսների կտրվածքով ՀՆԱ-ն արձանագրել է 3.1 տոկոս աճ, դա դեռ ոչինչ չի նշանակում,- ասաց Մինասյանը,-  դա ֆիկիցիա է, եթե դրա առջընթացը չի ազդում կենսամակարդակի ու գործազրկության վրա»:

Բանավեճի մյուս մասնակից, Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը նրան հակադարձեց, որ ֆինանսական համակարգի նկատմամբ անվստահություն արձանագրված չէ, հակառակը նախորդ տարվա կտրվածքով ավանդներն աճել են 30 տոկոսով, իսկ  վարկավորումը` 15 տոկոսով:

«Ֆինանսական համակարգի նկատմամբ անվստահություն արձանագրվում է այն ժամանակ, երբ մարդիկ դուրս են քաշում իրենց փողերը բանկերից,- ասաց նա,- սակայն մեր մոտ նման բան տեղի չունեցավ»:

Արծվիկ Մինասյանը վետերանների ավանդները փոխհատուցելու մասին կառավարության ընդունած որոշումը համարեց գաղափարի խեղաթյուրում, քանի որ այս տարվա բյուջեում ավանդների վերադարձման համար հատկացված 1.6 մլրդ դրամը նախատեսված է 2005-2006թթ սոցիալական «Փարոս» ծրագրով խոցելի խավ համարվող քաղաքացիների համար:

«Հիմա ի՞նչ. այդ գումարները պետք է խլվեն չքավոր համարվող մարդկանցից ու տրվեն վետերաններին,- հարցնում է Մինասյանն ու պատասխանում,- մեր փառապանծ վետերաններն արժանի են այն ամենին, ինչ որ իրենց համար արվում է, սակայն դա չպետք է արվի սոցիալապես խոցելի խավի հաշվին: Կառավարության ձեռնարկած քայլերը շատ վախվորած են և հիմնված չեն խորքային վերլուծության վրա»:

Ֆինանսների փոխնախարարն ասաց, որ առաջին եռամսյակի կտրվածքով արդեն, հարկահավաքության ոլորտը գերազանցել է իրենց սպասելիքները, և կառավարությունը չնախատեսված ծախսերը կարող է կատարել այդ աղբյուրներից:

Այս տարվա բյուջեում նախատեսված 1.2 տոկոս ՀՆԱ աճը Արամյանի գնահատմամբ բավական պահպանողական է. «Իմ գնահատմամբ ՀՆԱ-ն կաճի մինչև հուլիսը, որից հետո աճը կկանգնի»:

Արամյանն ասում է, որ կառավարությունը մինչև 2011թ. ավարտը համարում է հետճգնաժամային վերականգնման փուլ. «Իսկ մեր նպատակն այն է, որ 2011թ. ավարտին մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն հասցնել 2008թ. մակարդակին, երբ այն կազմում էր 3000 դոլար»:

2009թ. այդ ցուցանիշը կազմել է 2660 դոլար:

Դաշնակցական պատգամավորը առողջություն մաղթեց վարչապետ Տիգրան Սարգսյանին և օրենսդիր մարմնի ներկայացուցչին խորհուրդ տվեց տեսությունից անցնել գործնականին:

«Պետք չէ իրականությանը նայել գունավոր ակնոցներով,- ասաց նա,- թող կառավարությունը խոսելուց անցնի կոնկրետ գործնական քայլերի և կոնկրետ հրապարակի այդ քայլերի արդյունքները»:

Դիտվել է 1795 անգամ:
Print Friendly

Leave a Reply