Իմպոտենցիան, սրտային հիվանդությունները և սեքսը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 21, 2009 13:37
d181d0bad0b0d0bd3

գծ. Միսաք Խոստիկյանի

Իմպոտենցիան ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում շատ տարածված հիվանդություն է: Աշխարհում մոտ հարյուր միլիոն մարդ տառապում է իմպոտենցիայով: Հայաստանում պաշտոնական վիճակագրական տվյալներ չկան:
Իմպոտենցիան կամ, բժիշկների լեզվով ասած, էրեկտիլ դիսֆունկցիան մեծ մասամբ ուրիշ հիվանդությունների հետևանք է: Իմպոտենցիայի պատճառ կարող են հանդիսանալ հոգեբանական և օրգանական խնդիրները, նաև, ըստ բժիշկների, մեծ է կապն էրեկտիլ դիսֆունկցիայի և սրտանոթային համակարգի հիվանդությունների միջև: Ե՛վ իմպոտենցիան, և՛ սրտային հիվանդությունները գրեթե նույն պատճառներից են առաջանում, որոնք են` շաքարախտը, գիրությունը, ֆիզիկական ակտիվության պակասը, ծխախոտը, զարկերակային ճնշումը:
Քանի որ Հայաստանում տարածված է ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը, մեծ է սրտանոթային հիվանդություններով հիվանդանալու, հետևաբար և` իմպոտենտ դառնալու ռիսկը:
Ուրոլոգ Ռաֆֆի Ջանեցյանն ասում է, որ միջազգային հետազոտությունները ցույց են տվել, որ 65 տարեկանն անց շաքարախտով հիվանդների 75%- ի մոտ հայտնաբերվել է էրեկտիլ դիսֆունկցիա: Շաքարախտը տասը տարվա ընթացքում կարող է բերել իմպոտենցիայի: Պատճառն այն է, որ շաքարային դիաբետն ազդում է և՛ նյարդային, և՛ անոթային համակարգերի վրա, որոնք էլ իրենց հերթին իմպոտենցիայի առաջացման գործոններ են:
Գիրության դեպքում խոլեստերինը և ճարպերն անոթների ներքին շերտը ախտահարում են, որի հետևանքով դրանք նեղանում են, և արյան հոսքը քչանում է, որն էլ իր հերթին թուլացնում է էրեկցիան, և արյունն առնանդամ լավ չի մղվում:
Ծխախոտը նույնպես առաջացնում է աթերոսկլերոզ (անոթների կարծրացում) և արյան մակարդելիության փոփոխություն (արյունը «թանձրանում» է, որի հետևանքով դժվարությամբ է հոսում անոթներում): Պասիվ ծխելն էլ հանդիսանում է ռիսկի գործոն: Նիկոտինն արյան անոթները նեղացնում է, որի հետևանքով կրկին խանգարվում է էրեկցիան:
Իմպոտենցիան կարող է սրտային հիվանդություների ախտանիշ լինել:
«Քանի որ էրեկտիլ դիսֆունկցիան ու սրտանոթային համակարգի հիվանդությունները կապակցված են, շատ կարևոր է ուրոլոգների և սրտաբանների համագործակցությունը, որ գրեթե բացակայում է, – ասում է Ջանեցյանը: – Մարդիկ շատ հաճախ չգիտեն` ինչ մասնագետի դիմեն: Երբ հիվանդն էրեկտիլ դիսֆունկցիայի գանգատով դիմում է ուրոլոգի, բժիշկը պարտավոր է այդ ախտանիշի պատճառը հայտնաբերել, որը շատ հաճախ լինում է նաև սրտանոթային հիվանդության պատճառ: Միևնույն ժամանակ սրտաբան բժիշկներից շատերը, մանավանդ կանայք, ամաչում են իրենց հիվանդներին սեռական կյանքի մասին հարցեր տալ»:
Ջանեցյանն ասում է, որ մյուս գործոնը, որ կապված է սրտի հիվանդության հետ ու ազդում է պոտենցիայի վրա, արյան ճնշումն է: «Այստեղ հետաքրքիրն այն է, որ պոտենցիայի վրա ազդում է ոչ միայն արյան ճնշումը, այլև ճնշումն իջեցնող դեղորայքը: Ճնշման իջեցման հետևանքով արյան հոսքը թուլանում է, որը թուլացնում է էրեկցիան»:
Ջանեցյանն ասում է, որ էրեկտիլ դիսֆունկցիայի մոտ 25%-ը պայմանավորված է հենց դեղորայքով, որոնց մեջ` հակահիպերտոնիկ, միզամուղներ, հոգեմետներ և այլն:
Ժամանակակից բժշկությունն այնքան է զարգացել, որ իմպոտենցիան բուժում է մի շարք մեթոդներով` խմելու դեղեր, առնանդամի սրսկման դեղորայք և առնանդամի պրոտեզավորում:
Սակայն հաճախ տղամարդիկ ամաչում են դիմել բժշկի կամ դիմում են շատ ուշ, երբ հիվանդությունն արդեն խորացած է լինում: Այս խնդիրը կա գրեթե բոլոր երկրներում, սակայն Հայաստանում շատ ավելի տարածված է, քանի որ հայ տղամարդիկ սովոր չեն դիմել բժիշկներին իրենց սեռական խնդիրներով և ամաչում են բժշկին ասել, որ էրեկցիայի պրոբլեմ ունեն:
«Սեռական առողջությունն ինքնավստահություն, առողջ ապրելակերպ և կյանքի որակ է,- ասում է Ջանեցյանը,- առողջ մարդու ինքնագնահատականը բարձր է, մարդկային հարաբերությունների մեջ նա ավելի վստահ է: Իմպոտենցիան ամոթալի հիվանդություն չէ, այլ` բուժման ենթակա»:
Երբեմն տղամարդիկ, խուսափելով բժշկին հայտնել իրենց պրոբլեմը, ինքնաբուժմամբ են զբաղվում, որի հետևանքով կարող են ունենալ առողջական լուրջ խնդիրներ: էրեկցիա առաջացնող որոշ դեղեր հակացուցված են սրտայիններին ու կարող են մահվան պատճառ դառնալ: Նման դեղերը շատ երկրներում միայն դեղատոմսով են վաճառում, սակայն Հայաստանում առանց բժշկի ցուցման այն կարող են գնել բոլորը (հայտնի է, որ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը վիագրա խմելու հետևանքով ստացած սրտի տագնապով հիվանդանոց էր տեղափոխվել):
Սեռական հարաբերությունը երբեմն սրտամկանի ինֆարկտի պատճառ կարող է դառնալ: Ամերիկայում անցկացված մի հետազոտությամբ 1774` սրտամկանի ինֆարկտով հիվանդների միայն մեկ ու կես տոկոսի մոտ ինֆարկտն առաջացել է սեռական հարաբերությունից հետո: Մասնագետներն ասում են, որ կանոնավոր ֆիզիկական վարժությունները կարող են իջեցնել սրտամկանի ինֆարկտի ռիսկը սեռական հարաբերության ժամանակ: Վարժությունները սրտի կծկման ծավալն են մեծացնում, այսինքն, մեկ կծկվելուց բավարար արյուն է մատակարարվում օրգանիզմին, իջեցվում է սրտի կծկման հաճախականությունը և մեծացվում են հիվանդի ֆունկցիոնալ պաշարները: Սեքսի հետևանքով ինֆարկտի առաջացումը կարելի է կանխել` բացառելով սեքսից առաջ յուղոտ սննդի և ալկոհոլի օգտագործումը:

Ամալյա Գաբրիելյան

Դիտվել է 3345 անգամ:
Print Friendly

Leave a Reply