Ադրբեջանցիները թյուրքական աշխարհին հայերի դեմ են տրամադրում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | February 25, 2013 16:36
Փետրվարի 26-ին ընդառաջ ադրբեջանցիները շարունակում են հանդես գալ Խոջալուի ենթադրյալ դեպքերի առնչությամբ ցույցերով, ելույթներով և հիշատակման միջոցառումներով՝ պահանջելով այն ճանաչել որպես «ցեղասպանություն»:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը, այսօր հիշատակման արարողություն է տեղի ունեցել Նիդեռլանդների Հաագա քաղաքում, որին մասնակցել են Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանը, Թուրքիայի դեսպանատան խորհրդականը, Հոլանդիայում թուրք-ադրբեջանական Մշակութային միության նախագահը, թուրքական և ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ:
Մշակութային միության նախագահ Իլհան Աշքընը կրկնել է ադրբեջանական պաշտոնական թեզից բխող հայտարարությունները, թե Խոջալուի «ցեղասպանության» իրագործողները պետք է պատասխան տան արդարադատության առաջ: Նրա խոսքերով՝ Խոջալուի զոհերը ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ամբողջ թյուրքական աշխարհի նահատակներն են, քանի որ նրանց սպանել են ոչ միայն ադրբեջանցի, այլ նաև մուսուլման և թյուրք լինելու համար: Իլհան Աշքընը կոչ է արել, որպեսզի թյուրքական հանրությունը միավորվի և համախմբված գործի «օկուպացված ադրբեջանական տարածքների ազատագրման համար»:






Facebook
Tweet This
Email This Post
