Ինչո՞ւ ԲՀԿ-ի ներկայացուցիչը ներկա չի եղել Հովիկ Աբրահամյանի մոտ կայացած հանդիպմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 25, 2013 17:05

“Մեր ներկայացուցիչը հանդիպմանը չի մասնակցել, քանի որ մենք տեղյակ չենք եղել նման հանդիպման մասին,-մեկնաբանելով այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ «Հանրապետական», «ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների ղեկավարների հանդիպումը, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը,-իսկ թե խորհրդակցության ժամանակ ինչ տարբերակներ են քննարկվել, դրա մասին առայժ ոչինչ ասել չեմ կարող, քանի որ տեղյակ չեմ: Համենայնդեպս, պիտի տեղյակ լինենք, որ մենք էլ քննարկենք ու վերջնական տեսակետ հայտնենք”

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նույնպես ԲՀԿ-ի բացակայությունը մեկնաբանել է  տեխնիկական պատճառաբանությամբ՝ նշելով, որ խմբակցությունը պատրաստ է մասնակցել ցանկացած ֆորմատով ցանկացած քննարկման:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջարկել էր, որպեսզի խորհրդարանական խմբակցություններով քննարկեն հետընտրական գործընթացները, ինչից հետո ՀՀԿ, Ժառանգություն և ՀՅԴ խմբակցությունների ղեկավարները նրա մոտ քննարկել էին, թե ինչ ձևաչափով պետք է անցկացնեն քննարկումը:

ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նաև նշեց, որ հետընտրական զարգացումներում՝ որպես խնդրի առաջնահերթ հատված, դիտում է այն, որ ժողովուրդը դուրս է եկել հրապարակ և բողոքում է իր իրավունքների ոտնահարման դեմ:”Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա այդ հարցը պետք է լուծվի վերահաշվարկների և իրավական ճանապարհով”,-կարծում է նա:

“Կմիանա՞ ԲՀԿ-ն Ազատության հրապարակի պայքարին” հարցին Էլինար Վարդանյանը պատասխանեց.’’ԲՀԿ-ն հայտարարել եւ հայտարարում է, որ ժողովրդի կողքին է, բայց մյուս  կողմից պետք է ասեմ, որ հրապարակում հավաքվածների ակցիայի, հանրահավաքների օրակարգն ինքնին հասկանալի չէ: Այսինքն, ինչպիսին են լինելու քայլերը, ինչ են ենթադրում դրանք: Հստակության դեպքում ԲՀԿ-ն կարող է նաեւ հայտնել իր տեսակետը’’:

Հիշեցնենք նաև, որ “Բարգավաճ Հայաստան” կուսակցության քաղաքական խորհուրդն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է անում քաղաքական ուժերին անհետաձգելի բարեփոխումների ճանապարհային քարտեզ մշակել:

Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply