Խորհրդարանում կքննարկեն հետընտրական խնդիրները

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 25, 2013 14:55

Քիչ առաջ  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի մասնակցությամբ խորհրդակցություն է կայացել, որի ընթացքում առաջարկ է հնչել հետընտրական խնդիրների  վերաբերյալ հրավիրել արտահերթ նիստ: Առաջարկը կդրվի քննարկման:

Հիշեցնենք, որ այսօր մեկնարկած ԱԺ քառօրյա նիստին “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը նիստերի դահլիճ էր ներկայացել նարնջագույն ժապավենը կրծքին և շնորհավորել ժողովրդին ու Րաֆֆի Հովհաննիսյանին՝ “նախագահ ընտրվելու կապակցությամբ”. “Բաղրամյան 26-ի ճաղավանդակներում կարողացանք մեկուսացնել չարին, բռնազավթիչներին, բայց մենք այնքան մեծահոգի ենք, որ այդ չարին ազատելու ենք այդ ճաղավանդակներից։ Կեցցե՛ Հայաստանը”,-հայտարարել էր պատգամավորը։

Ի պատասխան՝ ՀՀԿ-ականները վանկարկել էին՝ Դեպի ապահով Հայաստան։

“Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել էր, որ իրենք օրենքի շրջանակներում ամեն ինչ կանեն, որպեսզի “ժողովրդի քվեով դե ֆակտո ընտրված նախագահը տրամաբանության շրջանակներում դառնա դե յուրե նախագահ”։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ ընդդիմադիրներին հորդորել էր քիչ չարություն անել, քանի որ. “Չարի վերջը գալու է, իսկ հանրապետության նախագահ ընտրվել է Սերժ Սարգսյանը”։

Ի վերջո խոսել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ առաջարկելով խմբակցությունների ներկայացուցիչներով քննարկել հետընտրական խնդիրները։

“ԱԺ-ն այն ամբիոնն է, որ նման հարցեր քննարկի և իրեն իսկ ընտրած ժողովրդին տա հարցերի պարզաբանում։ 1988 որևէ տեղամասում որևէ մի հանձնաժողովի անդամի ստորագրություն չի բացակայում արձանագրության վրա։ Եթե եղել են կեղծիքներ, ուրեմն դրան մասնակցել են բոլոր խմբակցությունները, ինչը ես կասկածում եմ։ Մենք հարգում ենք այն 539 հազ. քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել Րաֆֆի Հովհաննիսյանին, և խնդրում, որ դո՛ւք էլ հարգեք Սերժ Սարգսյանին ձայն տված 861 հազ. քաղաքացիներին։ Շատ եմ հարգում Րաֆֆի Հովհաննիսյանին, քարոզարշավի ընթացքում արևմտյան այն տեխնոլոգիաները, որ կիրառեց, արդյունավետ էին, բայց չեմ հասկանում, թե հետընտրական ինչ տեխնոլոգիաներ են կիրառվում։  Առաջարկում եմ զոռբայությանը վերջ տալ և կոնկրետ նստել սեղանի շուրջը, խոսել”,-ասել էր նա։

Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ բոլորին էլ հասկանալի է, որ այդ ձայները ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանինն են, այլ ընդդիմությանը: “Համամիտ եմ այն մարդկանց հետ, ովքեր զարմացել են այդ ձայների քանակով։ Բոլորն են զարմացել, այդ թվում և Րաֆֆի Հովհաննիսյանը,-նկատել էր Աժ նախագահը:

Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply